«Նոր օրենքի պատճառով ծնողները քաոսի մեջ են, չգիտեն` ինչ անեն». Մարիամ Պետրոսյան
349
Երեկ, 21:48
Լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍ նախարարության նոր օրենքով երեխան, եթե 6 տարեկանում դպրոց չգնաց, 7 տարեկանում դպրոց դիմելու դեպքում գնալու է երկրորդ դասարան։ Սա աբսուրդ չէ, սա ճակատագրեր խեղելու իդեալական մոդել է։ ԴԱԴԱՐԱՑՐԵ'Ք ԱՅՍ ՕՐԵՆՔԸ, ՈՐԸ ՈՐևԷ ԿԵՐՊ Ի ՆՊԱՍՏ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՉԷ Եթե որևէ մեկի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ, բացատրեմ. *Ոչ բոլոր երեխաներն են պատրաստ լինում 6 տարեկանում դպրոց գնալու՝ անհատական զարգացման առանձնահատկություններով պայմանավորված։ *Երեխան ունի սոմատիկ հիվանդություն և ստիպված է ստացիոնար բուժման մեջ գտնվել ամիսներ շարունակ։ *Երեխաների առաջատար գործունեությունը մինչև 7 տարեկան խաղն է, 7 տ հետո միայն փոխվում է ուսումնականի։ Հետևաբար, ոչ բոլոր երեխաներն են կարող 1 տարի շուտ փոխել իրենց առաջատար գործունեությունը (որը ի դեպ՝ շատ սխալ է, բայց դա դեռ չարիքի փոքրագույնն է)։ Հատկապես, որ դասերը ստանդարտ, 45 րոպե նստել աթոռին սկզբունքով է կազմակերպվում։ Ընթացքում 1֊2 րոպեով կանգնելը հարցի լուծում չի, արդյունքում երեխան 45 րոպե անընդմեջ պետք է կամածին ուշադրությունը կենտրոնացնի, որը հնարավոր չէ մեծամասամբ։ *Որոշ երեխաների գրաֆոմոտոր հմտություններն ավելի թույլ են զարգացած, մանկապարտեզների ահռելի հերթերի պատճառով դուրս են մնացել նախակրթարան հաճախելու հնարավորությունից։ Ծնողը տեսնում է, որ երեխան պատրաստ չի դպրոցին, բայց այս օրենքի պատճառով ստիպված է տանել։ Դիցուք, երեխան վերը նշված որևէ պատճառով չի գնացել դպրոց ու հաջորդ տարի միանգամից երկրորդ դասարան է գնում։ Չգիտի տառերը, կարդալ, գրել, մաթեմատիկա մինչև 20 սահմանում գումարում, հանում։ Գնում է երկրորդ դասարան, դեկտեմբերին անցնում են բազմապատկման աղյուսակը, վարժ կարդալու երկար տեքստեր, ուղղագրական լիքը բառեր և այլն։ Բոլորս էլ գիտենք, որ երկրորդ դասարանի ուս ծրագիրը միանգամից բարդանում է։ Հարցեր, որոնց պատասխանները բաց են. *Ինչպե՞ս է լրացնելու 1 տարվա բացթողումը։ *Ո՞վ է լրացուցիչ օգնելու երեխային 2֊րդ դասարանի ծրագրին զուգահեռ։ *Ո՞վ է կարողանալու 2 տարվա կրթական ծրագիրը սովորեցնել երեխային 1 տարում։ Կա՞ ծրագիր, կազմա՞ծ է, ո՞ր մեթոդով եք առաջնորդվել։ *Դասվարը կրկի՞ն թույլ օղակ է և ևս մի աստիճան ծանրաբեռնում եք նրան։ Արդյունքում ունենալու ենք. *Կրթությունից զզված, հիասթափված երեխա։ *0 մոտիվացիա սովորելու նկատմամբ։ *Դասընկերների, երբեմն էլ ուսուցիչների կողմից պիտակավորված «վատ սովորող», հետևաբար բուլինգի բազմաթիվ դրսևորումներ։ *Ծնողի համար ֆինանսական մեծ ծախս, լրացուցիչ մասնագետի մոտ պարապել, որ հասցնել բացը։ *Ընտանիքում մշտապես գերլարված ու բացասական մթնոլորտ, կապված դպրոցի դասերը չհասցնելու դժվարության հետ։ *Նման երեխաները ուս պրոցեսից դուրս են մնալու, դասվարը թաքցնելու է երեխայի չհասցնելը, որպեսզի տարեվերջին դասարանի որակական թիվը տալուց՝ բարձր թիվ ներկայացնի (պետական և մասնավոր դպրոցում աշխատել եմ ու հրաշալի գիտեմ խնդիրները ինչպես են կոծկվում)։ Ասածիս ապացույցն այն է, որ դասվարները դասարանը ավարտացնում են 80֊90% որակական ցուցանիշով, 5֊րդ դասարանում՝ դասարանների որակը իջնում է 10֊15%։ Խնդրում եմ պատասխանեք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան: ԿԳՄՍ փոխնախարար Արաքյա Սվաջյան հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյան: Տ. Սվաճյան, լինելով լոգոպեդ և Տ, Սարգսյան, լինելով հոգեբան, գիտեք, որ վերը թվարկվածները իսկապես լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնելու շատ ծնողների, հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, որոնց համար մեկ տարի ուշ դպրոց գնալը շատ հարցեր կլուծի։ Եթե նկատում եք տենդենց, որ շատերը 6տ դպրոց չեն տանում, ապա գուցե ձևավորեք հանձնաժողով, և դպրոց չդիմած երեխաների ծնողներից ճշտեք՝ ի՞նչն է պատճառը, որ այս տարի չեն դիմում։ Ոչ հիմնավոր պատճառի դեպքում՝ պարտադրել, որպեսզի երեխան դուրս չմնա կրթական իրավունքից՝ ծնողի քմահաճույքի պատճառով։ Կամ, այս տարի դպրոց չդիմած երեխաների գնահատում անեք, եթե իրոք պատրաստ են, ուղղորդեք դպրոց։ Տպավորություն է, որ առաջնորդվում եք հետևյալ սկզբունքով՝ եթե գլուխը ցավում է, ապա կտրել գլուխը։ ՀԳ գրածիս մեջ որևէ մեկին մեղադրանք չկա, պարզապես լուրջ խնդիր է, որի մասին բարձրաձայնում եմ, լուծում ստանալու ակնկալիքով։ 20֊ից ավել ծնող դիմել է ինձ, որպեսզի օգնեմ երեխային նախապատրաստել դպրոցին, քանի որ իրոք պատրաստ չեն ու ծնողները քաոսի մեջ են, չգիտեն՝ ինչ անեն»։