Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Երբ այրվում է ընդդիմադիրի մեքենան․ երկակի ստանդարտներ»․ Սոնա Աղեկյան

«Երբ այրվում է ընդդիմադիրի մեքենան․ երկակի ստանդարտներ»․ Սոնա Աղեկյան
201
Երեկ, 22:36

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկակի ստանդարտներ, երբ այրվում է ընդդիմադիրի մեքենան։
2025 թվականի գարունը նոր ազդակ տվեց Հայաստանում քաղաքական պայքարի իրական խորքերին նայելու համար։ Երևանի ավագանու «Մայր Հայատան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենայի հրկիզումը ոչ միայն քրեական, այլ նաև հստակ քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև անձնական տիրույթում Ստեփանյանն անձնական թշնամիներ չունի: Նա մշտապես քննադատում է իշխանություններին, բացահայտում նրանց կոռուպցիոն սխեմաները, ներկայացնում բյուջեի մսխումը:
Մենք այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական ահաբեկչություն: Հարձակում է տեղի ունեցել ընտանիքի ու սեփականության վրա: Միայն հանգամանքների բերումով է, որ վնասներն ավելի շատ չեն եղել: Սա հարձակում էր նաև «Մայր Հայաստան» խմբակցության դեմ:
Իշխանության արձագանքը կամ դրա բացակայությունն այս քաղաքական ահաբեկչությանը, ակամա հիշեցրեց մեկ այլ դեպք, որը տեղի է ունեցել 2004 թվականին: Այրվեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մեքենան, վերջինս դա միանշանակ բնորոշեց որպես քաղաքական հալածանք։ Նա բարձրաձայնեց, բողոքեց, իշխանություններին մեղադրեց, հանրային ուշադրություն կենտրոնացրեց դեպքի վրա։ Փաշինյանի կողմնակիցներն ու համակիրներն էլ իրենց հերթին ներկայացնում էին միջադեպը որպես ընդդիմության դեմ կիրառված ճնշման գործիք։ Այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանն ահագին փող աշխատեց՝ կոմպենսացրեցին վնասը և բերանը փակելու համար լավ աչքով նայեցին:
2025 թվականին, երբ հրկիզվեց Գևորգ Ստեփանյանի մեքենան, իշխանությունների արձագանքը էականորեն տարբերվեց։ Չնայած այն հանգամանքին, որ դեպքի առթիվ կա ձերբակալված անձ, որևէ պետական պաշտոնյա, ներառյալ վարչապետ աշխատողը կամ իշխող կուսակցության ներկայացուցիչները, հանդես չեն եկել հայտարարությամբ (մեկ բացառությամբ)։ Իսկ ո՞ւր մնաց նախկինում բարձրաձայնված սկզբունքը՝ «Հայաստանում ընդդիմադիր լինելը չպետք է վտանգավոր լինի»։
Այս լռությունը վտանգավոր նախադեպ է։ Եթե նախկինում ընդդիմադիր աշխատած գործիչը, այսօր լինելով իշխանություն, լռում է ընդդիմադիրի նկատմամբ կիրառվող ահաբեկչության առնչությամբ, սա արդեն երկակի ստանդարտ է, ինչով աչքի է ընկնում նիկոլական իշխանությունը:
Գևորգ Ստեփանյանի նկատմամբ կիրառված բռնության նման ձևերը՝ անգամ մեկ ձերբակալվածով հանդերձ, չեն կարող չդիտարկվել քաղաքական համատեքստում։ Ընդ որում՝ ձերբակալվածը դեռ չի ներկայացրել, թե ինչու է դա արել:
Եթե մենք, որպես հասարակություն, թույլ ենք տալիս, որ ընդդիմադիրի դեմ կիրառված բռնությունը մնա լուռ ու անպատիժ, ապա վաղը դա կարող է դառնալ նորմ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան