Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Խորհրդային Ադրբեջանն անկախ Ադրբեջանն է, Խորհրդային Հայաստանը՝ անկախ Հայաստանը». Նիկոլ Փաշինյան

«Խորհրդային Ադրբեջանն անկախ Ադրբեջանն է, Խորհրդային Հայաստանը՝ անկախ Հայաստանը». Նիկոլ Փաշինյան
153
Այսօր, 00:00

Ադրբեջանցի լրագրողի հետ ճեպազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի՝ արդեն համաձայնեցված տեքստում շատ պարզ ու հստակ նշված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա և հենվելով այն փաստի վրա, որ խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական ​​սահմաններ։
Սա նշանակում է, որ Խորհրդային Ադրբեջանն անկախ Ադրբեջանն է, Խորհրդային Հայաստանը՝ անկախ Հայաստանը։

«Նույն փաստաթղթում նաև հոդված կա, որտեղ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում նման հարցեր և պահանջներ չբարձրացնել։

Այսինքն, իրականում այն ​​հարցերը, որոնք այժմ բարձրացվում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, լուծված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծում։

Մի շատ կարևոր հոդված էլ կա, որում ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող հիմնվել իր սեփական օրենսդրության վրա՝ այս համաձայնագիրը չկատարելու համար։ Եվ երբ համաձայնագիրն ստորագրվի, ըստ Հայաստանի օրենսդրության, մենք պետք է այն ուղարկենք Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը կարողանա որոշում կայացնել մեր Սահմանադրությանը համապատասխան։ Եվ երբ Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, դա նշանակում է, որ այս փաստաթուղթը ՀՀ խորհրդարանում վավերացնելու համար որևէ խոչընդոտ չի լինի։

Իսկ երբ վավերացվի Հայաստանի խորհրդարանում, ուժի մեջ կմտնի մեր Սահմանադրության այն հոդվածը, որում նշվում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն բարձրագույն իրավական ուժ և գերակայություն՝ տեղական օրենքների նկատմամբ»,- պարզաբանեց վարչապետը։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան