«Այս ոճի խոսքը բացասական հետևանքներ է առաջացնելու նաև արտաքին հարաբերություններում»․ Աննա Կոստանյան
95
Այսօր, 17:55
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Աննա Հակոբյան» հանրային պերսոնաժի հրապարակումների ոճը, բովանդակությունը, խոսքի որակն ու հորդացող ատելությունը վերլուծելով՝ շատ վատ հետևանքներ են ուրվագծվում. էնպես չէ, որ բացահայտում է, այնուամենայնիվ արժե հրապարակել։ Վիրավորական և պիտակավորող բառերում անզուսպ մի հեգնանք կա, ցածր մակարդակի հռետորաբանություն է դրսևորվում որոշ անհատների, իսկ իրականում հասարակության տարբեր խմբերի նկատմամբ՝ խաթարելով հանրային համերաշխությունն ու խորացնելով պետական-հասարակական պառակտումը. եթե սա 2018-ից խնամքով թաքցնում էր՝ ելնելով կարգավիճակից, որն իրականում անհասկանալի կարգավիճակ է, ապա հիմա նյարդերն այնքան են տեղի տվել, որ այլևս չի կարողանում քողարկել: Եթե սույն տիկինն ունի խորհրդատուներ, ովքեր հորդորել են ժամանակակից թրենդին հետևելով պատասխանել բոլորին անխտիր՝ խոսքի ազատության իրավունքից օգտվելու անհաջող պատճառաբանության ներքո, ապա խորհրդատուին ժամ առաջ պետք է ազատել աշխատանքից, իսկ եթե այնուամենայնից ինքնագլուխ է անում, ապա սա հստակ հոգեկան ոչ նորմալ դրսևորումների արդյունք է, արժե դիմել մասնագետի: Իրեն քննադատող անձանց հանդեպ անհատական ստորացման ագրեսիվ ձևակերպումներն առանց փաստարկված բանավեճի խախտում են հանրային դիսկուրսի կրթական նորմերը, հատկապես, երբ սույն տիկինն ամբողջ Հանրապետությունով կրթարշավ է իրականացնում, այստեղից արդեն կարելի է եզրակացնել, թե մատուցած կրթությունն ինչ որակ, աղետալի ու թունավոր բաղադրիչեր պիտի պարունակի։ Այս ոճի հրապարակային խոսքը մի շարք բացասական հետևանքներ է առաջացնելու ոչ միայն երկրի ներսում՝ հանրային կյանքում, այլև Հայաստանի արտաքին հարաբերություններում: Միջազգային ընկալման մեջ և դիվանագիտության տեսանկյունից նրա վարքագիծը բացասական է անդրադառնալու Հայաստանի՝ որպես քաղաքակիրթ պետության, արտաքին իմիջի վրա (մեծ հաշվով, այս կերպ պայմաններ է ստեղծվում ի վերջո արտաքին գործընկերներին հասկացնելու, որ այն չեն, ինչ իրենց ներկայացնում էին շուրջ յոթ տարի)։ Պատկերացրեք իրավիճակ, որ այսքանից հետո սույն տիկինը գնալու է տարբեր քաղաքակիրթ պետություններ, ձեռք է մեկնելու պետությունների ղեկավարների տիկնանց կամ այլ պաշտոնյաների, ովքեր հավանաբար ընդունելությունից առաջ ծանոթացած են լինելու նրա այս արկածախնդիր հանրային արշավ-հաշվեհարդարին: Պատկերացրեցի՞ք, ես էլ, ու ճիշտն ասած՝ իսպանական ամոթ եմ ապրում: Երկրի ներսում սոց. ցանցային բևեռացած ու լարված տրամադրությունների ֆոնին՝ ի՞նչ է անում երկրի թիվ մեկ (կամ թիվ երկու, արդեն չգիտեմ էլ) դեմքի տիկինը, էլ ավելի է լարում հասարակական բևեռացումն ու խթանում միմյանց հանդեպ լարվածության աճը․ նման բառապաշարով ոչ կառուցողական քննադատության մշակույթով տիկինը գիտակցաբար խրախուսում է թշնամանքի և անվստահության մթնոլորտ, թեև սա մի բան է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով սերմանել ու զարգացրել են 2018-ից ի վեր։ Ի վերջո, վարչապետական կնոջ՝ հանրության հետ նման մակարդակով շփվելու այս մշակույթը հիմնովին հեղինակազրկում է պետական ինստիտուտն ու առհասարակ որևէ պետական կառույցի հանդեպ պատկառանքը (ի դեպ, որի սկզիբն էլի դրվել է 2018-ից)։ Հիմա գամ ամենաաղետալի ու ամենազգայուն մասին. սույն տիկինը, ով չորս տարբեր տարիքի երեխաների մայր է, որոնցից առնվազն երեքը սոցիալական ցանցերում անձնական էջեր ունեն, վստահաբար հետևում են իրենց մոր այս վարքագծին, և ճիշտն ասած՝ խիստ կասկածում եմ, որ լավ օրինակ են վերցնում նրանից, էլ չեմ ասում, թե հանրային խոսքի նորմերի զրոյացմամբ՝ նման role-model-ից ինչ պիտի սովորի հատկապես երիտասարդ սերունդը. սկսելու են նմանատիպ բառապաշարը համարել նորմալ ու «թույլատրելի»։ Եթե այս տոնն ու իրար հաջորդող շնչակտուր գրառումները նպատակ են հետապնդում փակել քննադատողների բերանը, ապա պիտի հիասթափեցնեմ. այս կերպ միայն նպաստելու է հանրային բողոքի ակտիվացմանն ու սոցցանցերում հակաքարոզչական ալիքների ավելացմանը, ինչը, ի դեպ, խելացի կառավարելու դեպքում շատ բաղձալի ու ցանկալի արդյունքների կարող է բերել՝օր առաջ այս ռեժիմից ազատվելու հարցում: Սպասենք հետևանքներին»։