Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ռուսաստան փախած օլիգարխները մեզ սպառնում են, թե մի՛ բողոքեք»․ Արման Բաբաջանյան

«Ռուսաստան փախած օլիգարխները մեզ սպառնում են, թե մի՛ բողոքեք»․ Արման Բաբաջանյան
157
Այսօր, 10:00

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին շրջանառվում է տարօրինակ ու խիստ մանիպուլատիվ պնդում, թե՝ իբր Հայաստանի քաղաքացիների կազմակերպած բողոքի գործողությունները Հայաստան այցելող ռուս պաշտոնյաների դեմ կարող են վնասել Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերին։ Ճշմարտության հետ սա ոչ մի կապ չունի։ Սա ոչ թե մտահոգություն է, այլ քողարկված սպառնալիք՝ ուղղված Հայաստանի հանրությանը։ Դա այն նույն խեղաթյուրված տրամաբանությունն է, որը տարիներ շարունակ թույլ չի տվել Հայաստանին դառնալ լիարժեք ինքնիշխան պետություն։
Իրականությունը պարզ է։
Ռուսաստանի հայ համայնքը, իր թվաքանակով հանդերձ, այդ երկրում քաղաքական որևէ ազդեցություն չունի։ Հակառակը՝ այդ նույն համայնքը տարիներ շարունակ լռեցվել է, սահմանափակվել, ուղղորդվել։ 44-օրյա պատերազմի օրերին հենց Ռուսաստանի իշխանության մակարդակով է արգելվել համայնքին՝ դրամական և հումանիտար աջակցություն ուղարկել Արցախ։ Ռուսաստանի պետական ալիքներով շարունակաբար ոչ միայն վիրավորվել է Հայաստանի իշխանությունը, այլև հայ ժողովուրդը՝ որպես ամբողջություն։ Իսկ համայնքի խոսնակները՝ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը և մյուսները կամ լռել են, կամ նույնիսկ խրախուսել այդ ամենը՝ այն ներկայացնելով իբր Փաշինյանի դեմ պայքար։
Ցեղասպանության մասին խոսելը արգելված թեմա է։ Արցախ բառը արտասանելն այսօր համարվում է գրեթե քաղաքական ինքնասպանություն։ Բոլոր այն արժեքները, որոնք մեզ համար գոյության հիմք են՝ նրանց համար խթան են լռեցնելու։ Ի՞նչ կարիք կա ձևացնելու, որ իբր այդ «հզոր համայնքը» կարող է պաշտպանել Հայաստանի շահը։ Ո՞ւր էր այդ համայնքը, երբ Զախարովան բաց տեքստով վիրավորում էր Հայաստանի ղեկավարին։ Ո՞ւր էր այդ ազդեցիկ «էլիտան», երբ Սոլովյովները և ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ արդարացնում էին Արցախի հայաթափումը։
Եվ հիմա այդ նույն շրջանակները՝ համայնքի ներսից, փորձելով պաշտպանել իրենց գործակիցներին, նախկին ռեժիմների մնացորդներին, սպառնում են Հայաստանի քաղաքացուն։ Այո՛, այն մարդիկ, Ռուսաստան փախած օլիգարխները, բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները, զինվորականները, նախագահների փեսաները, ում անմիջական մեղքով հարյուր հազարավոր հայեր լքեցին Հայաստանը, հիմա Մոսկվայի երկնաքերերին նստած հայկական կոնյակ խմելով մեզ սպառնում են, թե բա մի՛ բողոքեք, մի՛ բարձրաձայնեք, մի՛ բացահայտեք։ Որովհետև իրենք թաքնված են Ռուսաստանի քաղաքական հովանու տակ, օգտագործվում են Հայաստանի դեմ իրականացվող տեղեկատվական և քաղաքական գրոհների մեջ՝ այդ ամենը փաթեթավորելով իբր ազգային միասնության անունով։
Սակայն Հայաստանի ինքնիշխանությունը չի կարող մնալ զոհ Ռուսաստանի հայ համայնքի անգործության կամ կեղծ ինքնազոհողության պատմության պատճառով։ Հայաստանը չի կարող իր կենսական շահը զիջել հանուն այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ լռել են կամ թշնամու կողքին կանգնել։
Ո՛չ դուք, ո՛չ ես, ո՛չ էլ որևէ մեկը չունի իրավունք՝ մանիպուլացնելու «ռուսահայության» անվամբ՝ ճնշելու Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ ու արդարացի պայքարը։
Պետության արտաքին քաղաքականությունը չի կառուցվում ուրիշ երկրի ներսում ապրող ազդեցություն չունեցող քաղաքացիների զգայունություններով։ Պետությունը միայն այն դեպքում է պետություն, երբ առաջնորդվում է բացառապես իր պետական շահով։
Այսօր մեզ ասում են՝ մի՛ խանգարեք ռուսներին։ Բայց հարցնենք՝ ռուսնե՞րն են մեզ խանգարել կառուցել պետություն, թե՞ մենք ենք իրար խանգարել՝ հավատալով, թե առանց ռուսների չենք կարող գոյատևել։
Այսօր ամենակարևոր ճշմարտությունը սա է՝ Հայաստանը միայն ուժեղ ու արժանապատիվ լինելու պարագայում կարող է օգնել նաև իր սփյուռքին։ Թույլ Հայաստանը ոչ ոքի չի կարող օգնել։ Թույլ Հայաստանը չի կարող պաշտպանել ոչ Արցախ, ոչ Սփյուռք, ոչ Սյունիք, ոչ մշակույթ, ոչ հավատ, ոչ ապագա։
Հայաստանը կարող է դուրս գալ այս ծանր շրջանից միայն մի ճանապարհով՝ ճշմարտությունը ասելով։ Եվ ճշմարտությունն այն է, որ այլևս լռել հնարավոր չէ։
Մնացածը՝ պատրվակ է։
Մնացածը՝ վախ է։
Մնացածը՝ ծառայություն է ուրիշների շահերին։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան