«Մեզ համար ուսանելի պետք է լինի Հյուսիսային Մակեդոնիայի՝ արտաքին ճնշման ներքո Սահմանադրությունը փոխելու օրինակը»․ Արմեն Աշոտյան
![]() 208 Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 18:00 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը․ «Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի իշխանություններին ներկայացնել իր պահանջները: Դրանք են՝ • Փոփոխության ենթարկել ՀՀ Սահմանադրությունը՝ ըստ ադրբեջանական պահանջների, Անկախության հռչակագիրը հանել Սահմանադրության նախաբանից, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցերից, • Ապահովել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ և նրանց անարգել ելումուտ Հայաստան, ինչը նշանակում է ադրբեջանական ինքնավար միավոր ստեղծել Հայաստանի տարածքում՝ բնակեցված ադրբեջանցիներով, նրանց անվտանգությունն ապահովելու համար՝ օտարերկրյա զինված ուժերի տեղակայում Հայաստանի տարածքում, • Ադրբեջանին և Թուրքիային ձեռնտու տարբերակով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացում, արտատարածքային միջանցքի տրամադրում, • Ադրբեջանն ադրբեջանցիների վերադարձի հարցով Փաշինյանից պահանջում է կոնկրետ ժամկետներ՝ այն ներկայացնելով՝ որպես հաստատված իրողություն: • Սյունիքի նկատմամբ ներկայացնում են տարածքային պահանջներ՝ այն անվանելով «Արևմտյան Զանգեզուր»: • Հայաստանը պետք է հատուցում վճարի Ադրբեջանին: • Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ: • Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում և գնված զենքերի հանձնում կամ վերադարձ: • Հայաստանում պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի և պատերազմի մասնակիցների հերոսացումը: • Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ իր հայցերից: • Հայաստանը պետք է փոխի իր զինանշանը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց: • Հայաստանում պետք է փակվեն այն բոլոր կառույցներն ու կազմակերպությունները, որոնք զբաղված են ազգային արժեքների տարածմամբ: Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն շարունակում են հլու-հնազանդ կատարել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների՝ Էրդողանի և Ալիևի պահանջները: Որևէ դիմադրություն նույնիսկ չեն ցուցաբերում: Նպատակը մեկն է՝ երկրի կործանման գնով՝ սեփական իշխանության պահպանում: Օրեր առաջ «Պրեսսինգ» հաղորդաշարում միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը որպես օրինակ նշել էր Աֆղանստանի և Իրաքի դեպքերը, երբ այլ երկրներից պարտադրվել էր փոխել Սահմանադրությունը: «Երկու պետություն կա, որոնք իրենց Սահմանադրությունը փոխել են այլ պետության ճնշման ներքո՝ Աֆղանստան և Իրաք։ Երկուսն էլ գտնվել են ամերիկյան օկուպացիայի ներքո։ Հայաստանը հիմա դե ֆակտո օկուպացված չէ, բայց Հայաստանը կատարում է Ադրբեջանի պահանջը։ Սա Քրեական օրենսգրքի քննության թեմա է, որովհետև Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունները քրեական հանցանք են»,- ասել էր նա: Իր Սահմանադրությունը դրսի պահանջով փոխել է նաև Հյուսիսային Մակեդոնիան, որն արդեն 20 տարուց ավելի Եվրամիության անդամակցության բանակցություններ է վարում: Հյուսիսային Մակեդոնիան ոլորտային ցուցանիշներով ԵՄ անդամության հայտ ներկայացրած երկրների մեջ լավագույններից մեկն է, բայց նախ Հունաստանն է Մակեդոնիա կոչվող պետության առջև պայման դրել, որ պետք է անպայման Սահմանադրությունը և երկրի անունը փոխել, և 2018թ. նրանք հանրաքվեով փոխեցին Սահմանադրությունը, և Մակեդոնիան վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի՝ այն հույսով, որ դա թույլ կտա իրենց արագ դառնալ և՛ ՆԱՏՕ, և՛ ԵՄ անդամ: Հունաստանի պահանջը բավարարվեց 2018 թվականին, բայց Մակեդոնիային ընդունեցին միայն ՆԱՏՕ, որովհետև հենց ԵՄ թեման կրկին աշխուժացավ, Հունաստանը՝ իր պահանջները բավարարված համարելով, նոր պահանջ չդրեց, բայց առաջ եկան բուլղարական պահանջները: Բուլղարիան խիստ պահանջ դրեց արդեն Հյուսիսային Մակեդոնիայի առջև՝ կատարել սահմանադրական փոփոխություններ և Սահմանադրությամբ ամրագրել բուլղարացիների սահմանադրական իրավունքները՝ որպես ազգային փոքրամասնություն: Մակեդոնացիները դա խոստացել էին անել, բայց Պառլամենտում այդ քվեարկությունը տապալվեց, և հիմա Բուլղարիան կասեցրել է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ԵՄ-ին, որը տեխնիկապես ամենապատրաստ երկրներից մեկն է ԵՄ անդամ դառնալու համար: Մյուս զավեշտալի բանն այն է, որ նման խնդիրների դեպքում Եվրոմիությունը, այսինքն՝ պաշտոնական Բրյուսելը, թե՛ Հունաստանի, թե՛ Բուլղարիայի դեպքում լվացել է ձեռքերը և ճնշում է գործադրում ոչ թե Բուլղարիայի կամ նախկինում Հունաստանի վրա, այլ Հյուսիսային Մակեդոնիայի՝ ստիպելով համաձայնել Բուլղարիայի պահանջին, այլապես ԵՄ անդամ դառնալ չի կարող: Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո լուծվում խնդիրները՝ սկսած երկրի անվանման փոփոխությունից՝ մինչև ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր: Ընդ որում, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը հայտարարել է, որ անգամ, եթե բուլղարական պահանջը կատարվի, չի նշանակի, որ Հյուսիսային Մակեդոնիան ինքնին ԵՄ անդամ կդառնա: Եվ սա Հյուսիսային Մակեդոնիայի պարագայում, որն Ադրբեջան չէ, ագրեսոր ու մարդասպան չէ, ռազմատենչ չէ ու չի արել ռազմական հանցագործություններ: Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում, այն էլ քաղաքակիրթ Եվրոմիության պարագայում, ուր մնաց՝ Ադրբեջանի դեպքում, որը խիստ ռիսկային պրոցես է»։ |
Մերցն շտապում է Վաշինգթոն՝ Թրամփի հետ քննարկելու Ուկրաինայի պատերազմը
121Երեկ, 23:12«Ոչ Ուկրաինան, ոչ գործընկերները չգիտեն Ռուսաստանի ծրագրերի մասին. սա լուրջ չէ». Զելենսկի
155Երեկ, 22:34«Ի՞նչ է ասել Վեհափառը, ի՞նչ է ասել Նիկոլը, ի՞նչ պետք է անենք մենք». Վահե Հովհաննիսյան
141Երեկ, 18:54«Ճանապարհի եզրաքարերը՝ Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի ընտանիքին պատկանող ռեստորանի տարածքում»․ Ոսկան Սարգսյան
121Երեկ, 17:18«Ինչպե՞ս լուսանցքից դուրս թողնել Նիկոլ Փաշինյանին»․ Սուրեն Սուրենյանց
138Երեկ, 17:06«Նիկոլ Փաշինյանի սրբապղծական արտահայտությունները քայքայիչ են մեր պետականության հիմքերի համար»․ Վարդան Օսկանյան
327Երեկ, 17:00«Համընկնումները պատահական չեն»․ Տաթևիկ Հայրապետյան
243Երեկ, 15:36«Նոր Հանրային խորհուրդը հնացավ լույսի արագությամբ»․ Հակոբ Բադալյան
228Երեկ, 15:30