Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Թուրքիայի խորհրդարանը կընտրի նոր նախագահ

Թուրքիայի խորհրդարանը կընտրի նոր նախագահ
176
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 19:36

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (TBMM) ընդհանուր նիստում կանցկացվի 28-րդ օրենսդիր ժամանակաշրջանի երկրորդ փուլի խորհրդարանի նախագահի ընտրություն: Ընտրությանը մասնակցելու է 5 թեկնածու, քվեարկությունը գաղտնի կլինի:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP) որպես թեկնածու է առաջադրել ներկայիս խորհրդարանի նախագահ, Ստամբուլի պատգամավոր Նուման Քուրթուլմուշին: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունն» (CHP-ԺՀԿ) առաջադրել է Արդվինի պատգամավոր Ուղուր Բայրաքթութանին, «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունը» (DEM)՝ Դիարբեքիրի պատգամավոր Օսման Ջենգիզ Չանդարին, «Լավ» կուսակցությունը (İYİ Parti)՝ Ստամբուլի պատգամավոր Մուստաֆա Ջիհան Փաչաջըին, իսկ «Նոր ճանապարհ» կուսակցությունը՝ Սամսունի պատգամավոր Մեհմեթ Քարամանին:

Առաջին երկու քվեարկություններում կպահանջվի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը, երրորդ քվեարկությունում՝ պարզ մեծամասնություն: Եթե երրորդ քվեարկությունում պարզ մեծամասնություն չապահովվի, ապա ամենաշատ ձայն ստացած երկու թեկնածուների միջև կկայանա չորրորդ քվեարկություն: Չորրորդ քվեարկությունում ամենաշատ ձայն ստացած անդամը կընտրվի մեջլիսի նախագահ, նշում է «Էրմենիհաբեր»-ը: