Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Գործ ունենք գիտակցաբար քաոս ստեղծող իշխանության հետ». Արմեն Հովասափյան

«Գործ ունենք գիտակցաբար քաոս ստեղծող իշխանության հետ». Արմեն Հովասափյան
380
Երեկ, 11:06

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորություն չէ, որ Նիկոլի վարքագծում և քայլերում առկա են այնպիսի հոգեբանական հատկանիշներ, որոնք բնորոշ են դասական սոցիոպատիկին։ Թեև քաղաքական գնահատականներում անհրաժեշտ է խուսափել բժշկական ախտորոշումներից, այդուհանդերձ՝ քաղաքական հոգեբանության մեջ ընդունված է սոցիոպատիկ վարքագծի կոնցեպտը կիրառել այն դեպքերում, երբ անահտն ի ցույց է դնում մի շարք հատկանիշներ:
Օրինակ քարացած մանիպուլյատիվ վարքագիծ՝ երբ չկա իրական հետաքրքրվածություն, սակայն տպավորություն է ստեղծվում, թե հանրության հանդեպ գոյություն ունի ձևական իմիտացիա։ Սոցիոպատի մյուս առանձնահատկությունն այն է, որ վերջինս խորքային պլանավորում և հսկայական վստահությունն է ունենում սեփական «խաղի» նկատմամբ՝ շրջապատողներին շախմատային ֆիգուրներ դարձնելու միտումով։ Մյուս կարևոր դրվագն էլ այն է, որ նա հանրությունից թաքցնում է իրական նպատակները, տիրաժավորում է օտարբեր վեհ գաղափարների ծխածակույթ՝ անընդհատ խոսելով ազնվության, ազգային շահի կամ ժողովրդավարական բարեփոխումների մասին։
Նիկոլի կողմից պարբերաբար ընտրվում է իր համար հարմար կոնֆլիկտային իրավիճակների գեներացիա, որոնց միջոցով հնարավոր է վերահսկել ոչ միայն ընդդիմադիր դաշտը, այլև համախոհների շրջանակը՝ ընտրելով առավել ենթարկվողներին և մարգինալացնելով կամ չեզոքացնելով ավելի ինքնուրույն մտածող քաղաքական դերակատարներին։ Սա համակարգված քաղաքական վարքագիծ է, որն առնչվում է սոցիոպատիկ իշխանության տրամաբանությանը՝ իշխանությունը որպես անձնական դաշտ կառուցելու ու վերահսկելու մղմամ:
Ի դեպ՝ քաղաքական կոնֆլիկտների և ինտրիգների արհեստական սրումը ոչ թե իշխանության վրա ճնշման հետևանք է, այլ դիտավորյալ կառուցված մոդել, որով Նիկոլը կառավարում է հանրային տրամադրությունները։ Սոցիոպատիկ իշխանության մոդելում քաոսը և խճճվածությունը չեն դիտվում որպես վտանգ, այլ՝ որպես անհրաժեշտ պայման վերահսկելիություն ապահովելու համար։
Մենք գործ ունենք ոչ թե սայթաքող, սխալվող կամ պարզապես վատ կառավարիչի, այլ՝ գիտակցաբար քաոս ստեղծող, մանիպուլյացիաներով սնվող, հանրային դաշտը պառակտելով վերահսկող իշխանության հետ։ Դա արդեն ոչ թե քաղաքական գործելաոճ է, այլ՝ ամբողջական հոգեբանական-քաղաքական պրոֆիլ։ Եվ դրա անունն է՝ սոցիոպատիկ իշխանություն։
Հիմա մենք ընտրության առաջ ենք․ կամ՝ համակերպվել որպես ֆիգուրներ, կամ՝ դուրս գալ այս խաղից՝ որպես քաղաքացիներ»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան