«Իրանի ռազմաքաղաքական վերնախավը գլխատված է»․ Հայկ Մարտիրոսյան
314
Երեկ, 09:00
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի ռազմաքաղաքական վերնախավը գլխատված է: Սա աննախադեպ էսկալացիա է, որ բնույթով շատ տարբեր է անցյալ տարվա հրթիռային փոխհրաձգությունից: Մեծ է հավանականությունը, որ սկսվել է Իրանում իշխանափոխության մեծ օպերացիան: Այս հարվածներին Իրանը փորձելու է պատասխանել: Իրավիճակն այնպիսին է, որ Իրանի ղեկավարությունն ինքն իրեն դրել է մի դրության մեջ, երբ չպատասխանել և մնալ իշխանություն չի հաջողվի: Պատասխանելիս էլ մնալ իշխանություն շատ և շատ դժվար կլինի: Մեծ է նաև հավանականությունը, որ ԱՄՆ-ը այս կամ այն կերպ ստիպված կներգրավվի Թեհրանում իշխանափոխության իսրայելական օպերացիային: Ցամաքային ներխուժում, իհարկե, թերևս չի լինի: Իսրայելը դրա ռեսուրսը չունի: Տեխնիկապես էլ Իսրայելի համար դա թերևս իրականացնելի չէ: Իմաստն էլ թերևս չկա ցամաքային զորքերով պատերազմելու: ԱՄՆ-ը ունի, բայց Թրամփի վարչակազմը ամենևին, արմատապես դեմ է ԱՄՆ ցամաքային զորքերը որևէ խոշոր կոնֆլիկտում ներգրավելու գաղափարին իսկ: Եթե, իհարկե, Իրանը ինքը չհարվածի ամերիկյան ռազմիուժին: Ռազմական լայնամասշտաբ կոնֆլիկտը, եթե այն սկսվի, կվարվի օդից և բացառված չէ, որ նաև երկրի ներսից՝ առանձին խմբերի կամ շերտերի ակտիվացումով: Իրանը որպես պետություն չի վերանա: Դա անհնար է: Կորցնել Ատրպատականի ազերիաբնակ նահանգը տեսականորոն հնարավոր է, բայց պետականությունը՝ երբեք: Իշխանափոխությունը նույնպես հնարավոր է: Այս բոլոր սցենարներում անհնար է մի բան. Հայաստանի գոյությունը: Իրանում լուրջ ռազմական օպերացիայի պարագայում Ադրբեջանի զորքերը ժամերի ընթացքում ամենայն հավանականությամբ գրավելու են ողջ մեծ Սյունիքը, արևելքից իջնելու են Սևանի ափ և ամրապնդվելով այնտեղ, արագ Երասխից և Նախիջևանի շփման գծից շարժվելու են դեպի Երևան: Եվ հայկական երազանքը, որին հատկապես վերջին հինգ տարիներին այդքան կրքոտ կերպով ձգտել է ժողովուրդը՝ ունենալ Երևան-Էջմիածնի Հանրապետություն, իրականություն կդառնա: Կամ էլ՝ Նիկոլ Փաշինյանը, նախկին փորձով՝ տասնհինգ միլիարդ ութ հարյուր միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար յոթ հարյուր քառասունհինգ հայկական կյանքեր շրջափակումից փրկելու հանուն՝ կստորագրի պետականության հանձնման փաստաթուղթ: Դրանով կգա ապագան: Իրանի համար արդեն իսկ կարծես թե գալիս է նոր ապագա: Հայաստանի՝ անշեղորեն հետապնդած այլ տիպի ապագան էլ կարծես թե արդեն մոտենում է: Հուսանք, որ սա չի իրականանա, բայց ես սեփական հույսերիս անգամ այլևս վաղուց չեմ հավատում: Դրանք միշտ գործնական հարթությունում պարտվում են իրատեսական անհուսությանը: Ի դեպ՝ դեռևս հեռավոր 2016-ին, Արմենիա TV-ի մի հաղորդման ժամանակ, որ վարում էր Արտակ Ալեքսանյանը, նկարագրել եմ այսօրվա օրը և հաջորդող իրադարձությունները: Այդ ժամանակ այսօրը ապագա էր: Այսօր ապագան տեղ հասավ: Պատրաստվեք դիմավորելու ձեր ապագան, իմ հայրենիքը հանձնած իմ նախկին հայրենակիցներ: Հ.Գ. Կա մի վերջին, բարդ իրականանալի բայց տեսականորեն հնարավոր սցենար նույնպես. Իրանը պատասխանում է, Իսրայելը կորուստներ չի ունենում, տարբեր երկրներ միջամտելով դեէսկալացնում են, և էլի մի որոշ ժամանակ լինում է ինչպես նախկինում: Այլևս դժվար է սա պատկերացնելը, բայց դա դեռ հնարավոր է: Եվ այդ սցենարում նույնպես միևնույն է՝ Հայաստան ներխուժում մի օր՝ մոտ ապագայում լինելու է: Այնուամենայնիվ ողբերգականորեն լինելու է»: