Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Կարևոր է փոքր քայլերի մարտավարությունը». Հրանտ Տեր-Աբրահամյան

«Կարևոր է փոքր քայլերի մարտավարությունը». Հրանտ Տեր-Աբրահամյան
141
Այսօր, 02:06

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային իրավիճակի վերլուծությունը, դրա շուրջ տեսակետ ներկայացնելը վաղուց ի վեր Հայաստանում վերածվել է զուտ քարոզչության, որի մեջ բուն վերլուծական տարրը երկրորդական-երրորդական է:
Օրինակ:
Իսրայել-Իրան տիպի միջազային սրացման դեպքում
Իշխանամետ փորձագետները ամեն գնով փորձում են տպավորություն ստեղծել, որ ոչ մի լուրջ բան չի լինի, և Հայաստանի վրա էլ չի ազդի։
Մյուս թևից էլ հակառակը՝ մեկը մյուսից ապոկալիպտիկ պատկերներ են ստեղծում, հատկապես Հայաստանի մասով, ամեն վայրկյան պատերազմ կանխատեսում:
Ամեն կոնկրետ դեպքում կարող են մի քիչ ավելի ճիշտ դուրս գալ մեկ կամ մյուս կողմը՝ զուտ պատահականության սկզբունքով:
Բայց դրդապատճառը երկուսինն էլ ոչ թե հանրությանը տեղեկացված պահելն է, այլ սեփական պատկերացումների, նախասիրությունների, ցանկությունների պարտադրելն է:
Կամ մյուս օրինակը՝ Ուկրաինայի պատերազմը:
Եթե լսես ռուսամետներին, ապա ռուսները միշտ միայն հաջողում են, նույնիսկ, եթե ակնհայտ ձախողում են:
Եթե լսես հակառուսներին, ապա ռուսներն անընդատ պարտվում են և փլուզման եզրին են, նույնիսկ, եթե ակնհայտ հաջողությունների են հասնում:
Հենց դրա համար էլ անհրաժեշտություն է անկախ Վերլուծականության մի որևէ, թեկուզ փոքր հարթակի ձևավորումը Հայաստանում:
Դա անհրաժեշտ է թե՛ հանրության համար, թե՛ քաղաքական ուժերի համար, եթե դրանք իրական նպատակներ ունեն, այլ ոչ թե ծառայում են ինչ-որ մեկին, որովհետև քաղաքական գործունեությունը չի կարող չհենվել վերլուծության վրա:
Հնարավո՞ր է դա արդյոք:
Հնարավոր է:
Խնդիրը ոչ թե ավելի շատ պրոֆեսիոնալիզմն է, որովհետև պրոֆեսիոնալներն էլ շատ հաճախ կողմնորոշված են:
Խնդիրը ոչ թե զուտ մարդկային ազնվությունն է նրանց, ովքեր դա կանեն:
Խնդիրը սկզբնական դրդապատճառն է և հայացքը:
Եթե մարդը կամ խումբն ունի հայաստանակենտրոն աշխարհայացք, այսինքն նա համաշխարհային խաղում ոչ մեկի բալելշճիկը չի, բացի ինքն իրենից, ուրեմն, նա կարիք չունի ոչ խաբելու, ոչ էլ ինքնախաբեությամբ զբաղվելու:
Երկրորդ՝ եթե մարդը կամ խումբն ունի քաղաքական նպատակներ, բայց անկախ է, իրեն նույնպես օդ ու ջրի պես անհրաժեշտ է բուն ճշմարտությունը, որովհետև անկախը չի կարող երկար գոյատևել կեղծիքով:
Վերջապես մյուս անհրաժեշտ տարրը՝ ռեալիստական ընկալումն է աշխարհի՝ զուրկ ուտոպիաներից՝ լինի դա հավետ խաղաղություն, թե աշխահում չարի ու բարու պայքարի մասին պատկերացումներ:
Հենց այս պատճառով էլ Մարտական եղբայրությամբ միշտ փորձել ենք ունենալ սեփական վերլուծությունը՝ ոչ մեկի վրա հույս չդնելով:
Մինչև վերջերս դա հիմնականում մեր ներքին սպառման համար էր:
Այժմ՝ փորձում ենք դարձնել նաև հանրային՝ ռեգուլյար հրապարակումներով ծրագրով:
Այստեղ կարևոր է փոքր քայլերի մարտավարությունը, որը միակ աշխատողն է ինքնահեն անկախ ուժի համար:
Եթե միանգամից անաստված մեծ ամբիցիոզ պլաններ ձևակերպես՝ Վերլուծական Կենտրոն, մի տոննա ուղղություն և մասնագետ, մի տոննա փող՝ ոչ մի բանի չես հասնի:
Եթե համեստ նպատակներ դնես, իրագործելի սեփական փոքր ուժերով, առաջին քայը կանես դեպի մեծը»։