«Իրանի թուլացումը կամ կործանումը ՌԴ-ի համար կարող է բերել ծայրահեղ ծանր հետևանքներ»․ Արմեն Այվազյան
194
Այսօր, 00:30
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը ԲՐԻՔՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ է։ ԲՐԻՔՍ-ի լիիրավ անդամ պետությունները 10-ն են՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն, Իրան, Եթովպիա, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։ ՇՀԿ-ի լիիրավ անդամ պետություններն էլ են 10-ը՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Հնդկաստան, Պակիստան, Իրան և Բելառուս։ Չինաստանի և Ռուսաստանի գլխավորությամբ գործող այս կազմակերպությունները բազմաթիվ վերլուծաբաններ դիտում էին որպես արևմտյան խոշոր պետությունների ռազմատնտեսական դաշինքներին հակակշիռ։ Այդ տեսակետին ինքս երբեք չեմ հարել։ Երբևէ որևէ գրառում չեմ արել ո՛չ ԲՐԻՔՍ-ի, ո՛չ էլ ՇՀԿ-ի մասին, քանի որ ռազմավարական տեսանկյունից դրանք ամորֆ և լղոզված կառույցներ են։ Իսրայելի հարձակումը Իրանի վրա ի ցույց դրեց ԲՐԻՔՍ-ի և ՇՀԿ-ի, մեղմ ասած, անկատար բնույթը, ինչպես նաև անդամ պետությունների ռազմավարական շահերի տարանջատվածությունն ու փոխադարձ հակասությունները։ Ճիշտ այնպես, ինչպես Արցախի և Հայաստանի վրա Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի համատեղ հարձակումը բացահայտեց ՀԱՊԿ-ի կիսատ-պռատությունն ու անվստահելիությունը։ Այնուամենայնիվ, Իրանի արդյունավետ դիմադրությունն ու հուժկու հակահարձակումը կարող են ստիպել Ռուսաստանին և Չինաստանին վերանայել իրենց փաստացի չեզոք (ըստ էության՝ դավաճանական) կեցվածքը և ռազմական օգնություն ցուցաբերել իրենց ռազմավարական դաշնակցին։ Թեհրանին մեծ բան հարկավոր չէ. իրանական բանակին ընդամենը 10-20 միավոր ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը (եթե հարկե՝ անձնակազմերով հանդերձ) արմատապես կփոխի պատերազմի ընթացքը։ Մի քանի ինքնաթիռ կորցնելուց հետո ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ անգամ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (եթե վերջիններս մտնեն պատերազմի մեջ) չեն համարձակվի մոտենալ Իրանի օդային տարածքին՝ զգալիորեն թուլացնելով իրենց հարվածների արդյունավետությունը։ Իրանին ՌԴ-ի և Չինաստանի օժանդակությունը կարող է ներառել նաև ապահով կապի ժամանակակից միջոցների տրամադրում, հեռահար հրթիռների պաշարների համալրում և, ինչը շատ կարևոր է, արբանյակային հետախուզության ընթացիկ տվյալների 24/7 ռեժիմով փոխանցում։ Մոտ ապագայում ռազմական օգնություն ցույց կտա՞ն Իրանին ՌԴ-ն ու Չինաստանը՝ այս պահին լիովին պարզ չէ։ Սակայն մի կողմ քաշվելու դեպքում՝ նրանք կարող են հայտնվել ոչ նախանձելի վիճակում, հատկապես Ռուսաստանը, որի համար Իրանի թուլացումը կամ կործանումը կարող է բերել ծայրահեղ ծանր հետևանքների։ Դրանցից հատկապես վտանգավորը կլինի Թուրքիայի անհամաչափ հզորացումը՝ ինչպես Այսրկովկասում, այնպես էլ Միջին Ասիայում։ Արցախը զոհաբերելու լավրովյան «հանճարեղ» արտաքին քաղաքականության հետևանքը եղավ այն, որ Ադրբեջանն արդեն հրապարակայնորեն մատ է թափ տալիս Մոսկվայի վրա, իսկ միջինասիական հանրապետությունները խորացնում են իրենց ռազմական ու տնտեսական կապերը Թուրքիայի հետ՝ բազմաթիվ հարցերում հակադրվելով Ռուսաստանին և քայլ առ քայլ դուրս գալով նրա ազդեցության գոտուց։ Իրանի ու զուգահեռաբար և անխուսափելիորեն նաև Հայաստանի կործանումը Ռուսաստանը պարզապես չի մարսի, և ինքը կարող է դառնալ հաջորդ բարեհաջող որսը… Հ.գ. Չինաստանն էլ շատ բան ունի կորցնելու՝ նավթային հոսքեր Իրանից, թուրանական հովերի ներքո ույղուրական անջատողականության ակտիվացում Սինցզյանում, Պարսից Ծոցի երկրներում իր դիրքերի թուլացում և այլն... Բայց, ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանն այդ հարվածները մի փոքր ավելի ուշ կստանա, քանի որ ավելի հեռու է։ Հգգ. Հնդկաստանին չեմ անդրադառնում, քանի որ այն վաղուց ի վեր լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ՝ ընդդեմ Պակիստանի։ Աշխարհաքաղաքականությունը խճճված է Արևմտյան Ասիայում»։