«Եթե Իրանը զսպի իր արտաքին քաղաքական հավակնությունները, կլինի լարվածության նվազում». Մհեր Հակոբյան
185
Երեկ, 21:54
Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դե ինչ, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը, գոնե ժամանակավորապես, ավարտվեց։ Կարծում եմ՝ եկել է պահը ամրագրելու որոշակի, թեկուզ միջանկյալ արդյունքներ։ 1. ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ - Իրանը զգալի կորուստներ կրեց։ Նրա ՀՕՊ համակարգերը և ռազմաօդային ուժերի զգալի մասը ոչնչացվեցին, հրթիռների մեծ պաշար սպառվեց։ Այս ամենն անշուշտ վկայում է, որ Իրանի պաշտպանունակությունը թուլացել է։ Եթե մինչ այժմ Իրանը հավակնում էր լինել տարածաշրջանային առաջնորդ, ապա այժմ ակնհայտ է, որ նա զգալիորեն կկորցնի իր ազդեցությունն ու հնարավորությունները՝ ամենից առաջ ռազմական առումով։ Արդյունքում՝ Սաուդյան Արաբիան և տարածաշրջանի մյուս մրցակիցները կսկսեն ավելի քիչ զգուշանալ Իրանից, ընդ որում նոր պայմաններում Իրանի համար վտանգ կարող են ներկայացնել նաև այնպիսի երկրներ, ինչպիսին են Պակիստանը, Աֆղանստանը, իսկ որոշ չափով՝ նույնիսկ Ադրբեջանը։ Ռազմական հարթությունում, սակայն, տեղի ունեցավ մեկ շատ լուրջ փոփոխություն ևս, որն ունենալու է երկարաժամկետ հետևանքներ։
Իրանը ԴԱՐՁԱՎ ԱՅՆՊԻՍԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ինչպիսին են Լիբանանը կամ Սիրիան. այսինքն՝ մի տարածք, որին Իսրայելը կարող է ազատ հարվածել։ Սա հեղինակության մեծ կորուստ է, և փաստացի Իսրայելի հարվածները Իրանի տարածքին կարող են դառնալ «նորմալ, սովորական վիճակ», ինչպիսիք են, օրինակ, Իսրայելի հարվածները Դամասկոսին։ Սա իր հերթին կխոչընդոտի հրթիռային, օդային և նույնիսկ միջուկային ներուժը վերականգնելու Իրանի հնարավորությանը։ 2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ – Վերջին 50 տարում Իրանը հսկայական ռեսուրսներ էր ներդրել որպես տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային տերություն ընկալվելու համար, այն իր ազդեցությունը տարածել էր Իրաքից մինչև Սիրիա, Լիբանան ու այլ երկրներ։ Այժմ այդ ազդեցությունն անկում կապրի, իսկ շատերն էլ կսկսեն մտածել այն մասին, թե արժե՞ արդյոք, ընդհանրապես, շարունակել դաշնակցել Իրանին։ Շիա համայնքներն Իրաքում ավելի զգույշ կլինեն, Հեզբոլլահի դիրքերն ու հեղինակությունը Լիբանանում կշարունակեն թուլանալ, լուրջ մտածելու տեղ կունենՆ նաև Եմենի հութիները։ Սա լուրջ հարված է Իրանի ազդեցության ողջ ճարտարապետությանը։ Գաղափարական առումով ևս Իրանի իշխանությունները կանգնած են ՑՈՒԳՑՎԱՆԳԱՅԻՆ ՓԱԿՈՒՂՈՒ առաջ։ Տասնամյակներ շարունակ ներդրված ռեսուրսները, քարոզչական աշխատանքը, ռազմական շինարարությունը՝ ամեն ինչ մի քանի օրում փլուզվեց, իսկ չէ՞ որ այդ ամենը ֆինանսավորվել էր Իրանի տնտեսությունից՝ իրանցիների հարկերով, քրտնքով, սերունդների ապագայի գնով։ Եվ ահա այժմ իրանական իշխանությունները պետք է ընտրեն՝ շարունակե՞լ հին ուղին՝ նոր կորուստների ռիսկով, թե՞ առաջարկել այլընտրանքային մոտեցում՝ փաստորեն ընդունելով նախկին ուղու սխալ լինելը։ Երկու դեպքում էլ իշխանության լեգիտիմության հարցերը սրվելու են։ Ավելին, հնարավոր է ի հայտ գան ուժեր, որոնք կփորձեն փոփոխել ներկայիս համակարգը, ընդ որում արտաքին ճնշումներն ու ոտնձգությունները ևս բնականաբար ՉԵՆ ՎԵՐԱՆԱ։ 3. ԳԼՈԲԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ – Իրանի թուլացումը իր ազդեցություն կունենա ողջ Մերձավոր և Միջին Արևելքի վրա։ Ամենից առաջ իրենց ավելի ազատ կզգան Պարսից ծոցի արաբական միապետությունները, արևելքից ավելի հանգիստ կլինի նաև Պակիստանը: Նույնիսկ Հնդկաստանը և Ռուսաստանը կարող են նոր մոտեցում որդեգրել Իրանի նկատմաբ։ Սրան հակառակ՝ նախկինում տեսական բնույթ ունեցող սպառնալիքները նույնիսկ այնպիսի համեմատականորեն ՓՈՔՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՑ, ինչպիսիք Աֆղանստանն ու Ադրբեջանն են, կավելանան։ Ավելին, Իսրայելը փաստացի ցույց տվեց, թե ով է իրավիճակի տերը տարածաշրջանում։ Որպես հետևանք, նրա հետ այսուհետ այլ կերպ կվարվեն ոչ միայն արաբական երկրները, այլ նաև միջազգային դաշնակիցները։ ԱՄՆ-ն ևս ամրապնդեց իր դիրքերը՝ ցույց տալով, որ շարունակում է լինել տիրապետող ուժը ինչպես երկրագնդի, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում։ Ի հակադրություն սրա՝ Ռուսաստանը ԿՈՐՑՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԻՆ։ Հիշենք Սիրիայի 2024 թ-ի անկումը, իսկ հիմա արդեն, ահա՝ Իրանը։ Շատերը կսկսեն մտածել կամ ավելի կամրապնդվեն այն մտքում, որ նման մասշտաբի հակամարտություններում Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանել իր դաշնակիցներին։ 4. ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ – Այստեղ ամեն ինչ կախված է ամենից առաջ Իրանի պահվածքից: Եթե այն չփոխվի, ապա տարածաշրջանը կշարունակի մնալ աշխարհի ամենաանկայուն գոտիներից մեկը, սակայն, եթե Իրանը որոշ չափով զսպի իր արտաքին քաղաքական հավակնությունները, ապա հավանական կլինի լարվածության որոշակի նվազում։ Այդ դեպքում համաշխարհային ուշադրությունը կվերադառնա արդեն սովորական դարձած հակամարտություններին, օրինակ՝ Ռուս-Ուկրաինայի պատերազմին կամ Թայվանի խնդրին։ 5. ՀԱՅԱՍՏԱՆԸ – Մեզ համար Իրանի թուլացումը ամենից առաջ նոր ռիսկեր է ստեղծում։ Իրոք, եթե մինչ այս ՀՀ հարավային սահմաններում Իրանը մեզ համար անվտանգության որոշակի երաշխավոր էր, ապա այժմ այդ երաշխիքը զգալիորեն թուլացած է։ Արդյունքում՝ Իրանը ավելի կզգուշանա Ադրբեջանին հակադրվելու հարցում, քանի որ չունի նախկին ռեսուրսներն ու վստահությունը։ Հիշենք, որ իրանական հրթիռների պաշարի էական մասը սպառված է, վերջինիս ռազմաօդային ուժերը զգալի հարվածներ են կրել, իսկ իշխող վերնախավում էլ առկա են կորուստներ։ Այս ամենի ֆոնին Հայաստանը պետք է ամենից առաջ և առավելապես ԱՊԱՎԻՆԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ։ Անհրաժեշտ է ոչ միայն ուժեղանալ, այլ նաև գուցե վերանայել կամ առնվազն քննարկել Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐՑԸ»: