Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Մարալիկում երկու անձի դանակահարածը ձերբակալվել է օդանավակայանում

Մարալիկում երկու անձի դանակահարածը ձերբակալվել է օդանավակայանում
133
Երեկ, 20:06

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Հունիսի 28-ին՝ ժամը 21.08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու:
Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի՝ 46-ամյա տղամարդ:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ու մարզի պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում արագ պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում, Մարալիկ՝ նախկին կնոջ հայրական տուն էր այցելել Նորակերտ գյուղի 33-ամյա մի բնակիչ։
Նրա և աներոջ միջև ծագել էր վեճ, որի ընթացքում, իր ավտոմեքենայից վերցնելով դանակը, փեսան հարվածել և մարմնական վնասվածքներ էր պատճառել վիճաբանությանը միջամտած աներորդու ընկերոջը, հետո՝ նաև վիճաբանությունը կանխել փորձող 46-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում։
Փաստի առթիվ Անիի և Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն առավոտյան՝ ժամը 6.30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում, ձերբակալվել ու ներկայացվել քննչական բաժին, որտեղ խոստովանել է կատարածը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»: