«Իշխանություն կոչվածի ամենամեծ հանցանքը Հայ Առաքելականեկեղեցին որպես սովորական մի «հիմնարկ-ձեռնարկություն» ներկայացնելն է». Վահե Սարգսյան
151
Այսօր, 01:06
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրականում իշխանություն կոչվածի ամենամեծ հանցանքը Հայ Առաքելականեկեղեցին որպես սովորական մի «հիմնարկ-ձեռնարկություն» ներկայացնելն է, որը բերնեբերան լցված է շատ վատ մարդկանցով: Եթե հասարակության աչքը սովորեց սրան, ապա կարճ ժամանակ անց հայ ազգը դառնում է սովորական բիոզանգված, ինչն էլ հենց Էրդողանի մեծագույն ցանկությունն է հայ ժողովրդի ստրկացման մեծ ճանապարհին: Ստորև շարք եմ սկսում՝ ներկայացնելով Վրաց Ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) բացառիկ կարգավիճակը և ՎՈՒԵ-պետություն փոխհարաբերությունները, ՎՈՒԵ-ի մասին բաց հրապարակումներից ու ուսումնասիրություններից քաղված տեղեկություններ Պատրիարքարանի ունեցվածքի, Սինոդի անդամների բիզնես գործունեության, Պատրիարքարանի կողմից ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով կրթական, գյուղատնտեսական, շինարարական, առողջապահական, նավթամթերքի ներկրման, ալկոհոլային խմիչների արտադրման, լրատվական ու այլևայլ ոլորտներում իրականացվող գործունեության մասին: *** Մաս 1. Երկրում բացառիկ արտոնյալ կարգավիճակ է շնորհված Վրաց Ուղղափառ եկեղեցուն։ Վերջինիս և պետության հարաբերությունները կարգավորվում են սահմանադրական համաձայնագրով, որը հաստատվել է Խորհրդարանի կողմից 2002 թ. հոկտեմբերի 22-ին: Սահմանադրական համաձայնագիրը Վրաստանում բարձրագույն իրավական ակտն է Սահմանադրությունից հետո: Այդ համաձայնագիրը գրեթե հավասարեցնում է ՎՈՒԵ-ի և պետության իրավունքները։ Բնականաբար՝ այստեղ ավելորդ է ՎՈՒԵ-ի ու այլ կրոնական համայնքների իրավունքները միմյանց հետ համեմատելը: Միջանկյալ փաստենք, որ համաձայնագիրը բազմիցս քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Վերջինիս եզրակացություններում նշված է, որ պետության և եկեղեցու միջև կնքված համաձայնագրին սահմանադրական կարգավիճակ շնորհելը հակասում է աշխարհիկ պետության բոլոր սկզբունքներին։ Այդուհանդերձ, դրսի կարծիքները որևէ ազդեցություն չեն ունեցել: ՎՈՒԵ-ի՝ սահմանադրորեն ամրագրված իրավունքների գրեթե անձեռնմխելիության և կարգավիճակի բացառիկության մասին է խոսում այն իրողությունը, որ երկրի Խորհրդարանը ոչ միայն չի կարող չեղարկել փաստաթուղթը, այլ նաև դրանում աննշան փոփոխություններ մտցնել։ Եթե անգամ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդը ցանկանա փոփոխություններ մտցնել, ապա կրկին դա նրանց իրավասության շրջանակից դուրս կլինի, քանի որ ամենափոքր փոփոխության համար հարկ կլինի ստանալ ՎՈՒԵ-ի համաձայնությունը։ Արդյունքում՝ ավելի հեշտ է Վաստանի Սահմանադրությունը փոփոխել, քան նշյալ Համաձայնագիրը: Պետության և ՎՈՒԵ-ի միջև իրավահարաբերությունների մասին դրույթն ամրագրված է Վրաստանի ներկայիս Սահմանադրության 8-րդ հոդվածում։ Վրաստանի սահմանադրական երկու օրենքների (2017 թ. հոկտեմբերի 13, № 1324 և 2018 թ. մարտի 23, № 2071) միջոցով փոփոխվելու արդյունքում՝ նշյալ հոդվածով ներկայումս սահմանված է հետևյալը. «Կրոնի և համոզմունքի ազատության հետ մեկտեղ, պետությունը ճանաչում է Վրաց Առաքելական Ավտոկեֆալ Ուղղափառ եկեղեցու հատուկ դերը Վրաստանի պատմության մեջ և պետությունից նրա անկախությունը: Վրացական պետության և Վրաստանի Առաքելական Ավտոկեֆալ Ուղղափառ եկեղեցու միջև հարաբերությունները սահմանվում են Սահմանադրական համաձայնագրով...»: Հ.գ. Կարևոր հիշեցում. վրաց ժողովուրդը լայն իմաստով երբե՛ք թույլ չի տվել որևէ իշխանության կամ ինչ-որ մի խմբակի վատաբանել իրենց սրբության սրբոց եկեղեցուն, Պատրիարքարանին, հոգևոր հայրերին ու հատկապես Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ, Նորին Սրբություն և երանելի Իլիա 2-րդին, էլ չասենք՝ թույլ տալ, որ ինչ-որ մեկը, լինի դա վարչապետ կամ պաշտոնյա, ամենաայլանդակ որակումներով, գարշելի բառապաշարով խոսի նրանց հասցեին, կալանավորի և նվաստացնի բարձրաստիճան հոգևորականներին և այլն: Վրացիներն ամենուր հոտընկայս խմում են ՎՈՒԵ-ի ու կաթողիկոս - պատրիարքի կենացը, իսկ դրսում հոգևորական տեսնելիս՝ մշտապես խոնարհվում ու հարգանքի արժանացնում նրանց՝ անկախ ամեն ինչից: Շարունակելի»: