Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«ՔԿ-ն եթե նախապես է տեղյակ եղել, թող այդ մասին հայտարարի»․ Միքայել Սրբազանի պաշտպանների խումբ

«ՔԿ-ն եթե նախապես է տեղյակ եղել, թող այդ մասին հայտարարի»․ Միքայել Սրբազանի պաշտպանների խումբ
142
Երեկ, 21:34

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ 4
Քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում հայտարարել է նաև հետևյալը․
«Ընդ որում, եթե Դուք ուշադրություն դարձրեցիք, երբ որ Միքայել Աջապահյանին արդեն քննչի որոշման հիման վրա պետք է ձերբակալում իրականացվեր, ձերբակալման որոշում էր կայացվել և կատարման համար ուղարկվել էր հետաքննական մարմին, Միքայել Աջապահյանը դարձյալ այ էդ իրադրության ժամանակ նշեց, որ էլի եմ ասում, վերահաստատեց այսինքն էդ կոչը: Դա մենք դիտեցինք որպես ռիսկ, որպես նոր արարքի կատարման հավանականություն և դրա համար խափանման միջոցը նաև միջնորդեցինք կալանքը որպես խափանման միջոց ընտրվի»:
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ․
Այս առումով նշենք, որ Միքայել Սրբազանին ձերբակալելու որոշումը կայացվել է հատկապես նրան կալանավորելու նպատակով դատարան ներկայացնելու համար, որից հետո այդ որոշումը տրվել է հետաքննության մարմնին՝ ձերբակալում իրականացնելու համար, և այդ նպատակով հետաքննության մարմինը գնացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ էլ Միքայել Սրբազանն այդ նոր հայտարարությունն արել է։
Այստեղ տրամաբանական հարց է ծագում․ եթե քննչական կոմիտեն արդեն իսկ որոշել էր, որ Միքայել Սրբազանին կալանավորելու միջնորդություն պետք է ներկայացնի դատարան, ուստի այդ նպատակով նրան ձերբակալելու մասին որոշում էր կայացրել, ապա ինչպե՞ս կարող է դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունը հիմք հանդիսանալ կալանքի միջնորդությունը դատարան ներկայացնելու համար։
Եթե քննչական կոմիտեն, ինչպես մեր կողմից մատնանշված «Մանիպուլյացիա 2»- ում, այս անգամ ևս նախապես է տեղյակ եղել, որ Միքայել Սրբազանն ապագայում նման հայտարարություն է անելու և դա հիմք է հանդիսանալու նրան կալանավորելու միջնորդությունը դատարան ներկայացնելու համար, ապա կրկին խնդրում ենք պաշտոնապես հայտարարել դրա մասին։

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ 3.
Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումն արհեստականորեն փորձում են մեկնաբանել Բագրատ Սրբազանի հետ կապված քրեական վարույթի «լույսի ներքո»։
Մասնավորապես, դատախազությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Միքայել Սրբազանի հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում։
Իսկ քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում հայտարարել է հետևյալը․
«Միքայել Աջապահյանը վերջին հայտարարությունը կատարել է 2025 թվականի հունիսի 21-ին, հիմա մենք վերադառնանք Բագրատ Գալստանյանի վերաբերյալ քրեական վարույթին: Էս վարույթի ընթացքում, երբ, որ մենք վարույթի ընթացքում, վարույթը ամբողջությամբ գտնվել է քննչական կոմիտեի տիրույթում, նախաքննությունը մենք ենք իրականացրել, մենք տեսնում ենք, որ օրինակ, այ էն քրեական վարույթով հավաքագրման պրոցես ա ընթանում, պլանավորվում ա կատարվել ահաբեկչական գործողություններ, պլանավորում էր կատարվել իշխանության յուրացում, նման գործողություններ: (…): Եվ էս իրադրության մեջ մենք ունենում ենք տվյալ, երբ որ Միքայել Աջապահյանը դարձյալ վերահաստատում ա իր նախկինում կատարված հայտարարությունը և նորից դարձյալ պնդում ա կատարում, որը որ բնորոշ է հենց էս հանցակազմին: Բնակաբար մենք ինչ պտի անեինք, մենք որպես պետական մարմին պետք է սա որպես առիթ դիտարկեինք, նախաձեռնեինք քրեական վարույթ»:
Նույն հարցազրույցում քննչական կոմիտեի նախագահը նաև հետևյալն է նշել․
«Ավելին, քրեական վարույթի նախաքննության ընթացքում, երբ, որ մենք գիտեք, որ կատարել ենք անհետաձգելի քննչական գործողություններ, մեր ձեռքի տակ հայտվել են նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում՝ նաև Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը, կարծում եմ կհասկանան ինչի մասին է խոսքը, որտեղ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր օրվա կատարած գործողությունները: Սկսած 2022 թվականներից, էս տվյալով և վերջացրած այս վերջին ժամանակահատվածում: Այ էնտեղ ուղիղ կապը Վազգեն Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական, թե ով առաջարկեց, որպեսզի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ որ շարժումը ձախողվեց, ինչ հանդիպումներ տեղի ունեցան: Ինչի պլանավորվեց սենց խոսակցություն, կոչով հանդես գալ: Այսինքն՝ սրանց նպատակը, դրա համար ի սկզբանե ես շեշտեցի, որ էս գործընթացը պետք է դիտենք մեկ ամբողջական շղթայի համատեքստում: Եվ բնականաբար, մեր էդ ձեռք բերած փաստական տվյալները հիմք հանդիսացան, որպեսզի քննիչը միջնորդություն ներկայացնի հսկող դատախազին, և բնականաբար միջնորդությունը բավարարվեց և Միքայել Աջապահյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում հարուցվեց»:
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Այս առումով ստիպված ենք դատախազությանն ու քննչական մարմնին հիշեցնել, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, իսկ Միքայել Սրբազանի կողմից նախկինում արված հայտարարության վերահաստատումը տեղի է ունեցել դրանից 4 օր անց՝ հունիսի 21-ին, ուստի անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էին դատախազությունն ու քննչական մարմինը դեռևս հունիսի 17-ին տեսնել այն «նոր տվյալը», որը պետք է տեղի ունենար ապագայում՝ հունիսի 21-ին, որպեսզի դրա հիման վրա քրեական վարույթն նախաձեռնեին։
Ւնչ վերաբերում է քննչական կոմիտեի նախագահի այն դիրքորոշմանը, որ խուզարկության արդյունքում վերցրել են Միքայել Սրբազանի վարած օրագիրը և կապ են տեսել Բագրատ Սրբազանի հետ, ուստի այդ փաստական տվյալները հիմք են հանդիսացել, որ քննիչը միջնորդություն ներկայացնի դատախազին և Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, ապա այս միտքը նույնպես քննադատության չի դիմանում, քանի որ՝ Միքայել Սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը կայացվել է 2025 թվականի հունիսի 26-ին, իսկ խուզարկությունը կատարվել է և օրագիրը վերցվել է հունիսի 27-ին, ուստի այդ օրագրում առկա որևէ փաստական տվյալ չէր կարող հիմք հանդիսանալ նախորդ օրը քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու համար։
Ինչպես տեսնում ենք, վերը ներկայացված իրադարձությունների ընթացքն ու կապերը հակասում են տարածության և ժամանակի մեջ գտնվելու ֆիզիկայի օրենքներին, և եթե փաստաբանական թիմը սխալ է պատկերացնում, որ հունիսի 21-ը հունիսի 17-ից հետո է եկել, իսկ հունիսի 27-ը՝ հունիսի 26-ից հետո, ապա իրավապահ մարմիններին խնդրում ենք պաշտոնապես արձագանքել դրան։

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ 2․
Ըստ դատախազության հայտարարության՝ 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցից մոտ մեկ տարի չորս ամիս անց՝ 2025 թվականի հունիսի 21-ին, տված նոր հարցազրույցում նախորդ հարցազրույցի մտքերի վերահաստատումը վկայում է այն մասին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։
Հ1-ի եթերում քննչական կոմիտեի նախագահը հայտարարել է հետևյալը․ «Ես կարդացել եմ նաև դատախազության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ էության սպառիչ պատասխան էր: Ես կիսում եմ ամբողջությամբ էդ պատասախանը: Դատախազության պարզաբանման մեջ հենց կարմիր թելով անցնում էր, որ Միքայել Աջապահյանը նույն ըստ էության կոչը վերահաստատել է այս տարվա 2025 թվականի հունիսի 21-ին տրված հարցազրույցում»:
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Այս առումով հարկ է նշել, որ եթե այս վարույթը սկսելու համար դատախազության ու քննչական կոմիտեի տեսանկյունից առանցքային է եղել հենց այդ հարցազրույցում հնչած մտքերի կրկնությունը, ապա ստիպված ենք հիշեցնել, որ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում լրագրողի հարցին, որ ինքը 44-օրյա պատերազմի ժամանակվածից է նման հայտարարություններ անում, Միքայել Սրբազանը պատասխանել է․ «44-օրյա պատերազմի օրոք եմ ասել՝ այն ժամանակ, երբ այդ հիվանդը հարբած վիճակում ասում էր, որ որևէ մեկը չկասկածի իր գերագույն գլխավոր հրամանատար լինելու կարողությանը, ես այդ ժամանակ եմ ասել, որ պետք է ռազմական հեղաշրջում։ Եվ դրանից հետո էլ եմ ասել՝ պետք է ռազմական հեղաշրջում․․․»։
Նշված հետևությունների անհիմն լինելու մեջ յուրաքանչյուրը կարող է համոզվել դատախազությանը և քննչական կոմիտեին այս հարցերն ուղղելու դեպքում՝
- Միքայել Սրբազանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցը քրեական վարույթ նախաձեռնելու տեսանկյունից ուսումնասիրելիս՝ չե՞ք լսել, որ այդ հարցազրույցում նա հայտնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ է ասել, որ ռազմական հեղաշրջում է պետք ։
- եթե լսել եք ու գտել եք, որ նույնիսկ այդ մտքի պարբերաբար կրկնությունը հանցագործություն չէ, ապա ինչպե՞ս այդ նույն միտքը 2024 թվականի փետրվարի 3-ին ևս մեկ անգամ կրկնելը դրանից մոտ 1 տարի 4 ամիս անց արդեն իսկ դարձավ հանցագործություն։
Առավել ևս, որ 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում Միքայել Սրբազանը պատմում է, որ ինքը նախկինում է այդ հայտարարություններն արել, մասնավորապես նշում է․ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի»։