Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում զբաղված ենք մեր մեջ բաժանարար գծեր սահմանելով»․ Տարոն Սիմոնյան

«Նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում զբաղված ենք մեր մեջ բաժանարար գծեր սահմանելով»․ Տարոն Սիմոնյան
80
Այսօր, 16:36

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ՆԱՅԵՆՔ ՈՒ ԿՏԵՍՆԵՆՔ․․․
Նոր աշխարհակարգի ձևավորման այս փուլը տարբերվում է մյուս փուլերից։ Տարբերությունը կայանում է ոչ միայն նրանում, որ փոփոխվում են ուժային կենտրոնները կամ նորերն են առաջանում, և արդյունքում ամբողջ համաշխարհային քաղաքականությունն ու նրան սկասարկող իրավակարգն է փոխվում, այլ նաև փոփոխվում է այն կարևոր էթնոքաղաքական ու մշակութային բովանդակությունը, որի հիման վրա այսօր գոյություն ունեն մեզ ծանոթ ազգերը։
Այո, մենք նաև գտնվում ենք ազգերի ատոմիզացման և նոր ազգերի ձևավորման շատ կարևոր ընթացքի մեջ։ Այն չի տևելու մեկ կամ տաս տարի։ Այն ընթացք է, որ կարող է ձգվել անգամ մեկ դար կամ ավելին։
Եվ այն սոցիալ-տնտեսական ու տեխնոլոգիական արագացող փոփոխությունները, որ մեր շուրջը տեղի են ունենում, նպաստում են թե՛ գոյություն ունեցող ազգերի տարրալուծմանը, թե՛ նորերի ձևավորմանը՝ կախված նրանից, թե ով ինչպես է օգտագործում եղած հնարավորություններն ու մարտահրավերները։
Մեր հարևան-հակառակորդ քաղաքական կազմավորումները շատ լավ գիտակցում են դա և ինտենսիվորեն լծվել են իրենցում նոր քաղաքական ազգերի ձևավորման գործին՝ ի հաշիվ 5 հազարամյակ այս տարածքում ձևավորված հայ ազգի։ Սա հասկանալի է ու նույնիսկ տեսանելի անզեն աչքով։
Առանցքայինն այն է, որ, հայ հանրության քաղաքական չափահասության խնդիրը շահագործելով (որի պատասխանատուները ՀՀ բոլոր իշխանություններն են), այսօրվա քաղաքական իշխանությունն էլ է ինտենսիվորեն լծված թշնամու այս քաղաքականության կենսագործմանը։ Եվ դա անում է շատ ինտենսիվորեն՝ քանդելով հայ մարդկանց միմյանց հետ կապող ցանկացած երևելի ու աներևույթ թել՝ հայրենիքի, եկեղեցու ու ազգի պատկերացումներից մինչև, բարոյականություն ու արժանապատվություն։
Իսկ բոլոր արդարցումները, թե պայքար է մղվում հանուն ինչ-որ արժեքների՝ իբր թե ժողովրդավարության կամ ընդդեմ օտար ազդեցության, առնվազն ընդամենը ամեն գնով իշխանությունը պահելու մոլագարություն է, նաև շատ հնարավոր է՝ ազգակործանման գործողությունների նախագիծ ․․․
Այս ամենի արդյունքում վերանում է թե՛ ժողովրդավարության, թե՛ իրավական պետության կառուցելու հույսը, և թե՛ ավելանում է օտար պետությունների ազդեցության մակարդակն ու արագանում է ազգի ատոմիզացիայի ու տարրալուծման, ասել է թե՝ այլ ազգերի ձևավորման համար պարարտ հող դառնալու ընթացքը․․․
Ու նորից՝ հերթական անգամ, նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում մենք զբաղված ենք ոչ թե մեզ ուժեղացնելով՝ մեր իսկ ռեսուրսները համատեղելու միջոցով, այլ մեր մեջ ամեն տեսակի բաժանարար գծեր սահմանելով ու այդ ամենը ժապավենով նվեր բերելով մեր հակառակորդներին ․․․
Հ․Գ․ Ինձ շատ հետաքրքիր է այս ամենն արդարացնողներն էլի մի քանի տարի հետո նույն դեմքով պիտի ասեն՝ «դե սխալվել ենք», ինչպես ասում են այսօր նախորդ տարիներին արված իրենց ընտրությունների համար, թե այլ բառեր ու դեմքի արտահայտություններ կգտնեն ․․․
Ամեն դեպքում՝ սկզբից պետք է սկսենք, որովհետև արմատի մեջ են սխալները ներդրված»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան