«ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացումը քաղաքական բռնաճնշումների ակնհայտ դրսևորում է»․ ՀԱԿ
116
Այսօր, 21:12
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀԷՑ-ի պետականացման գործընթացի վերաբերյալ, որում նշված է․ «Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացման գործընթացը, որը կոպտորեն ոտնահարում է սեփականության իրավունքը, խախտում է օրենքի գերակայության սկզբունքները և բացահայտ քաղաքական բռնաճնշումների ակնհայտ դրսևորում է։ ՀԷՑ-ի պետականացումը, որը կատարվում է առանց սեփականատերերի հետ բանակցությունների, արդար փոխհատուցման և օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, խախտում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, որն երաշխավորում է սեփականության անձեռնմխելիությունը։ Իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրին։ Սա ոչ միայն սպառնում է ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» հոլդինգի օրինական շահերին, այլև խարխլում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի վստահելիությունը։ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը կրում է բացահայտ անօրինական բնույթ։ 2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովի կողմից ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով ընդունված, և հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մեղսակից թողտվությամբ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները դիկտատորական իշխանությամբ «ժամանակավոր կառավարիչ» նշանակելու հակասահմանադրական լիազորություններ են շնորհում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), չեն ապահովում գործընթացի թափանցիկություն և չեն սահմանում փոխհատուցման արդար մեխանիզմներ։ Ավելին, ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի լիցենզիայի վերաբերյալ որոշումներ կայացնելու մեխանիզմը, այսպիսով, դուռ է բացում կամայական ինքնիրավչության համար՝ առանց ընկերության կողմից լիցենզիայի պայմանների խախտման օբյեկտիվ ապացույցների։ Սա ի ցույց է դնում օրենքի ընտրովի կիրառման և պետական մարմինների կողմից իրավական չարաշահումների գնալու մտադրությունը։ Իշխանությունների կողմից ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական բռնաճնշումների իրական պատճառը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ նրա ցուցաբերված աջակցությունն է, իսկ մեղադրանքն առաջադրելու համար առիթ է հանդիսացել մի հրապարակային հայտարարություն, որն անօրինական որեւէ դրույթ չի պարունակում։ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում. Իրավապահ մարմիններին և դատական համակարգին՝ անհապաղ վերանայել ՀԷՑ-ի պետականացման գործընթացը և ապահովել սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Հայաստանի քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը՝ միանալ սեփականության իրավունքի, օրենքի գերակայության, խոսքի և կրոնական ազատությունների պաշտպանության պայքարին։ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ՀԷՑ-ի պետականացումը ոչ միայն տնտեսական վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, այլև խարխլում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։ Մենք պահանջում ենք դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը»։