Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Թե´ մեղսակիցները, թե´ կոնֆորմիստները և թե´ հայրենասերները հստակորեն բացահայտված են»․ Դավիթ Անանյան

«Թե´ մեղսակիցները, թե´ կոնֆորմիստները և թե´ հայրենասերները հստակորեն բացահայտված են»․ Դավիթ Անանյան
138
Երեկ, 19:24

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական կառավարման համակարգի այսօրվա փխրուն և բարդ իրականությունը անխուսափելիորեն մղում է վերլուծել տարբեր պաշտոնյաների խոսքն ու գործունեությունը՝ նրանց վարքագծի նրբությունները բացահայտելու և ըստ այդմ նրանց «դասակարգելու» նպատակով։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս բաժանել պաշտոնյաներին երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրն իր ձևով կանխատեսելի է և ունի յուրահատուկ դերակատարում պետական կառավարման լանդշաֆտում։
Առաջին խմբին կարելի է անվանել մեղսակիցներ՝ մարդիկ, որոնք ոչ միայն լիովին գիտակցում են երկրի առջև ծառացած ճգնաժամը, այլև գործում են դրա խորացման օգտին: Այս չինովնիկները իրենց դավաճանական ակտիվությունը քողարկում են սխալ գաղափարախոսությամբ, անձնական շահերով կամ մոլորության ֆանատիզմով: Սրանք այն մարդիկ են, որոնք գիտակցաբար և հետևողականորեն քանդում են երկրի հիմքերը՝ թե՛ ներսից, թե՛ դրսի ուժերի հետ սերտ համագործակցությամբ, կամ որպես ազդեցության գործակալ: Նրանց ջանքը՝ վանել պետականության էությունը, կարծես մի իսկական համոզմունք է դարձել, իսկ նրանց այս առաքելությունը ոչ միայն վտանգավոր է, այլև երկարաժամկետ հետևանքների շարունակական աղբյուր՝ երկրի ապագայի համար:
Երկրորդ խումբը պսևդո-պրոֆեսիոնալներն են: Սրանք պաշտոնյաներ են, որոնք կամա թե ակամա ընտրել են անգործության ճանապարհը: Նրանք չեն կայացնում որոշումներ, նրանք չեն փորձում իրավիճակը բարելավել, և շահում են իրենց չմասնակցությունից։ Այս խմբի անդամները ջայլամային վարքագծով կուրորեն հավատում են, որ իրենց պաշտոնեական դիրքը ենթադրում է ոչ թե պատասխանատվություն, այլ երկրորդ պլանի դերակատարություն: Ցավալիորեն, նրանք համոզել են իրենց ու շրջապատին, որ պետությունը իրենց շնորհիվ չի քանդվում, բայց իրականում պետական ապարատի հիմքերը տկարանում են հենց այս ոչինչ չանելու հետևանքով: Մտորումներով ու վերամբարձ խորհուրդներով նրանք ակամա դառնում են առաջին խմբի դաշնակիցներն ու օժանդակողները՝ նպաստելով համակարգի գահավիժմանը:
Երրորդ խումբը՝ իրական պրոֆեսիոնալներ-հայրենասերներն են՝ այսօրվա կառավարման համակարգում մխրճված վերջին հույսը: Այս վերջինները հիմնականում փոքր և միջին դասի պետական ծառայողներ են, որոնք, հաճախ ընդհատակյա կամ անձնական զոհողություններով, փորձում են մնալ հավատարիմ իրենց սկզբունքներին, իրենց մասնագիտությանը և իրենց հայրենիքին: Սրանք հիշողության մարտիկներ են, այն մարդիկ, որոնց ուսերին ոչ միայն ներկա խնդիրների լուծումն է դրված, այլև այս համակարգի պատմական հիշողության պահպանությունը՝ որպես ապագայի ելքի հիմք: Նրանք հետևում են, վերլուծում են, սպասում են և տենչում են փոփոխություններ, որոնք շատ դեպքերում կարող են ցույց տալ ոչ միայն համակարգի վերակառուցման ուղի, այլև ապագայի մոդել ճիշտ կառավարման վերաբերյալ:
Այս համատեքստում կարևոր է ազդարարել, որ բոլորը՝ թե´ մեղսակիցները, թե´ կոնֆորմիստները, և թե´ հայրենասերները հստակորեն բացահայտված են և հայտնի:
Բայց այսօրվա մեր ուշադրության հայացքը ուղղված է դեպի երրորդ խմբի մեր հայրենակիցներին: Մենք գիտենք ձեր աշխատանքը, ձեր ջանքերը, ձեր օրեցօր դրսևորած նվիրվածությունը հայրենիքին ու ժողովրդին: Մենք ըմբռնում ենք այն դժվարությունները, որոնց դեմ դուք պայքարում եք՝ դիմակայելով առաջին երկու խմբերի ներկայացուցիչներին, որոնք իրենց իսկ ներկայությամբ միայն խորացնում են համակարգային ճգնաժամը:
Այդուհանդերձ նույնքան կարևոր է հասկանալ, որ առաջին երկու խմբերը նույնպես լավ գիտակցում են իրենց դերը: Նրանք գիտեն, որ ապագայում իրենց տեղը և՛ քաղաքական, և՛ հանրային համակարգում կորած է, և որ իրենց գործունեությունը կամ անգործությունը դառնալու է փաստարկ՝ հետագա արդարադատության համար»։

Աղբյուրը`   Դավիթ Անանյան