Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Միանգամից չեն ուզում ի ցույց դնել թուրքական գորշ գայլի ականջները»․ Վահե Սարգսյան

«Միանգամից չեն ուզում ի ցույց դնել թուրքական գորշ գայլի ականջները»․ Վահե Սարգսյան
207
Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 10:12

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ գնալով միս ու արյուն է ստանում «Զանգեզուրի միջանցք» կոչված պանթուրքիստական մահաբեր ուղին, և վերջինիս վերահսկողությունը թուրքական խարդավանքներին բնորոշ կերպով սկզբնական շրջանում փորձ է արվում իբր արտապատվիրակել միջազգային ինչ-որ կազմակերպության (միանգամից չեն ուզում ի ցույց դնել թուրքական գորշ գայլի ականջները), որոշեցի փոքր հատվածներով ներկայացնեմ իմ գիտավերլուծական աշխատանքներից մեկը, որը վերաբերում է վրաց-ռուսական բարդագույն հարաբերությունների շրջանակներում իրականացված փորձին՝ աբխազական ու հարավօսական հակամարտության պայմաններում նշված տարածքներով անցնող ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ:
Ավելի քան տասնամյա գործընթաց, որը ոչ մի արդյունք չտվեց ու գործնական հողի վրա այդպես էլ չկիրառվեց: Գիտակից հանրությունը, կարծում եմ, այս շարքի միջոցով կարող է առավել խորությամբ ընկալել, թե ինչպիսի բարդությունների ու գրեթե անհաղթահարելի դժվարությունների է բախվում արտապատվիրակման գործընթացը, եթե, իհարկե, ԿՈՂՄԵՐՆ ԻՐԵՆՑ ՇԱՀԵՐԻՑ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ:
Այսքանը: Սկսեցինք:
Մաս 1
2011 թ. նոյեմբերի 9-ի ռուս – վրացական համաձայնագիրը տասնամյա բանակցությունների առարկա
2011 թվականին թե՛ Ռուսաստանը, թե՛ Վրաստանը կարիք ունեին բանակցելու, երկխոսելու, եթե անգամ դրանք ենթադրեին որոշակի փոխզիջումներ։ Ռուսաստանն այդ փուլում կարիք ուներ անդամակցելու Առևտրի համաշխարհային կազմակերպությանը , որի համար անհրաժեշտ էր ստանալ կազմակերպության բոլոր անդամների, այդ թվում՝ Վրաստանի համաձայնությունը։
Փաստենք, որ կազմակերպության անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը և եվրոպական որոշ երկրներ, իրենց համաձայնությունը տվեցին Ռուսաստանին։ Բոլորը, բացի մեկից՝ Վրաստանից։
ԱՀԿ բոլոր բանակցություններում Վրաստանը համառորեն առաջ էր քաշում Փսոուում և Ռոկում անցակետերի տեղադրումը որպես իր համաձայնությունը տալու միակ պայման, և Ռուսաստանը նույնքան համառորեն մերժում էր այդ պահանջները:
Հավելենք, որ Փսոուն և Ռոկը ՌԴ-ի և, համապատասխանաբար, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև գործող սահմանային անցակետերն են, որոնք Վրաստանը համարում է ապօրինի, քանի որ դրանք, ըստ վրացական կողմի, պետք է գործեն իբրև ռուս-վրացական անցակետեր:
Այդուհանդերձ, 2011 թ. Վրաստանին անհրաժեշտ էր, թեկուզև միջնորդավորված, ստանալ ՌԴ-ից դեպի Աբխազիա և Հարավային Օսեթիա բեռնափոխադրումները վերահսկելու միջազգային մեխանիզմներ, ինչպես նաև նշված խնդրահարույց հատվածներով առևտուր իրականացնելու միջազգայնորեն երաշխավորված հնարավորություններ։
Արդյունքում՝ Շվեյցարիայի միջնորդությամբ տեղի ունեցած երկարատև բանակցություններից հետո 2011 թ. նոյեմբերի 9-ին Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները ստորագրեցին «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» երկկողմ համաձայնագիրը: Բեռների մոնիտորինգն իրականացվելու էր շվեյցարական SGS (Société Générale de Surveillance SA) մասնավոր ընկերության միջոցով։ Մի քանի ամիս անց՝ 2012 թ. օգոստոսի 22-ին, ՌԴ-ն անդամակցեց ԱՀԿ-ին։
Սառեցված համաձայնագիրը
2011 թ. նոյեմբերի 9-ի երկկողմ համաձայնագիրը հետագա 5 տարիներին մնաց թղթի վրա՝ սառեցված վիճակում։ Համաձայնագրին գրեթե անդրադարձ չի կատարվել դրանից մեկ տարի անց՝ 2012 թ. դեկտեմբերին մեկնարկած Կարասին-Աբաշիձե հանդիպումներում (Պրահայի բանակցություններ)։
Կարասին-Աբաշիձե տնտեսական ու հումանիտար հարցերի շուրջ ոչ պաշտոնական երկխոսությունների 4 տարվա (2012 թ. դեկտեմբեր -2016 թ. դեկտեմբեր) ընթացքում միայն մեկ անգամ է հիշատակվել նշված համաձայնագիրը, այն էլ մտքերի փոխանակման մակարդակով։ ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2015 թ. փետրվարի 26-ին Պրահայում տեղի ունեցած Կարասին-Աբաշիձե հերթական հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է տեղի ունեցել 2011 թ. երկկողմ համաձայնագրի իրագործման նախապատրաստման շուրջ՝ հաստատելով այդ աշխատանքը մոտ ապագայում ավարտելու փոխադարձ ցանկությունը»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան