«Կիրիենկոյի զանգին սպասող մերօրյա մելիքները պետք է պատմությունը լավ հիշեն»․ Միհրան Հակոբյան
219
Երեկ, 20:42
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ շատ վաղ անցյալի մի պատմություն կա. Արևելյան Հայաստանի և ընդհանրապես՝ Հարավային Կովկասի Ռուսական կայսրությանը միացնելու գործում Ղարաբաղն ու Ղարաբաղի հայկական էլիտան (մելիքներն ու հոգևորականները) առանցքային դերակատարություն ունեին: 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին խանական լծի տակ ճկռած Արցախի համար ռուսական բանակի հարավային շարժը փրկության հույս էր, միաժամանակ մելիքները կարծում էին, որ պարսիկների դեմ պատերազմում օգնելով ռուսներին՝ կայսերական արքունիքը կպարգևատրի իրենց և Ղարաբաղում կվերականգնի մելիքների իշխանությունը: Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ մելիքների հույսերը սին չէին. ռուսական արքունիքն ու կովկասյան բանակի հրամանատարությունն, իրոք, նման խոստումներ տվել են: Բայց նույն փաստաթղթերը նաև վկայում են, որ Արցախի մելիքներին «իրենցով անելու» հանգամանքն օգտագործելով՝ ռուսները Ղարաբաղի խանի «վախն էին բռնում» և դրդում նրան դավաճանության, այն է՝ հրաժարվել պարսկական գերիշխանությունից և ընդունել Ռուսաստանի գերիշխանությունը: Արդյունքում, 1805-ի մայիսի 14-ին Գանձակի մոտակայքում՝ Քյուրակչայ գետի ափին, Թիֆլիսի և Գանձակի հոգևոր առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոս Գեղարդակրի և Վարանդայի մելիք Ջումշուդ Շահնազարյանի ներկայությամբ ռուսական բանակի հրամանատար Պավել Ցիցիանովի և հայ մելիքների դաշինքից ահաբեկված Իբրահիմ խանը պայմանագրով Ղարաբաղը հանձնեց Ռուսական կայսրությանը: Ինչ խոսք, հայ մելիքների հույսերը չարդարացան. Իբրահիմ խանը մնաց որպես Ղարաբաղի կառավարիչ՝ ռուսական արքունիքի բարձր հովանու ներքո: Փաստացի, ռուսները մելիքներին օգտագործեցին, վերջում մելիքական համակարգը լուծարեցին՝ Արցախի մելիքական տների ղեկավարներին բարձր թոշակներ նշանակելով և հիմնականում Պետերբուրգ ու Մոսկվա տեղափոխելով: Անշուշտ, սա չի նշանակում, որ Փանահի որդի Իբրահիմի գործերը լավ էին. ստորագույն խարդավանքների ու բանսարկությունների շարանով Արցախին տիրացած երբեմնի քոչվոր Ջևանշիրների ճակատագիրը շատ ավելի ցավոտ պետք է լիներ: Ընդամենը մեկ տարի անց՝ 1806-ի հուլիսի 18-ին, դեպի Արցախ շարժվող պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզայի զորքից Շուշին պաշտպանող մայոր (հետագայում գեներալ-լեյտենանտ) Դմիտրի Լիսանևիչը Շուշիի մոտակայքում՝ Խանեն բաղ կոչվող տեղանքում մորթեց Իբրահիմ խանին (կասկածում էր դավաճանության մեջ): Բայցևայնպես, ռուս կայսեր հրովարտակով անմիջապես Ղարաբաղի խան կարգվեց նրա որդին՝ Մեհտի-Ղուլիին, որին արդեն իսկ շնորհվել էր ռուսական բանակի գեներալ-մայորի կոչում: Այդպես էլ չմարսելով հոր սպանությունն ու հասկանալով, որ նույն ճակատգիրն իրեն է սպառնում՝ Մեհտի-Ղուլի խանը 1822թ.-ին փախավ Պարսկաստան, ինչից հետո գեներալ Վալերիան Մադաթովի հրամանով լուծարվեց Ղարաբաղի խանությունը և վերակազմվեց Ռուսական կայսրության Ղարաբաղի նահանգի՝ ռուսական անմիջական և ուղիղ կառավարմամբ: Ինչո՞ւմ է սխալվել Ռուսական կայսրությունը. ոչ մի բանում: Քաղաքականությունն իշխանության հասնելու մասին է և ռուսները Ղարաբաղում հասել են այդ իշխանությանը, այլ կերպ ասած՝ խաղը լավ են խաղացել ու հաղթել են այդ խաղում: Անարդար ոչ մի բան չեն արել. զենքի ուժով տարածքը նվաճել են, բնիկներին՝ հայերին, փրկել են բնաջնջումից, մելիքներին չեն նեղացրել ու փոխհատուցել են խոստացած-չարածը, Հայ Եկեղեցու դիրքերն ամրապնդել են, հայերի գլխին փորձանք դառած ստոր Ջևանշիրներին պատժել են: Այսօր էլ ռուսական արքունիքից, նույն ինքը՝ ժամանակակից Կրեմլից իշխանություն ակնկալող և Կիրիենկոյի զանգին սպասող մերօրյա մելիքները պետք է այս պատմությունը լավ հիշեն և նաև ականջներին օղ անեն՝ ի տարբերություն կայսերական մյուս ազգերի, ռուսները միակն են, որ չկայսերական կյանքի փորձ չունեն: Կրկնում եմ՝ միակն են: Ասել կուզի՝ կայսերական խաղերը ռուսները լավ են խաղում, հատկապես իրենց ավանդական ազդեցության գոտիներում…»: