«Չզարմանաք, որ «Զանգեզուրի միջանցքի» գնդակը հետ գլորվի Մոսկվա ու էդպես առկախված մնա»․ Անի Սամսոնյան
181
Երեկ, 17:54
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԲՈՒ ԴԱԲԻՆ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՄՆ-Ը։ ԱՄՆ-ը դժգոհ է ռուս-ուկրաինական բանակցություններից և ՌԴ վրա ճնշում գործադրելու համար սեղմում է վերջինիս ազդեցության գոտիների վրա, մասնավորապես՝ Հայաստանի։ ԱՄՆ-ը ուզում է տնտեսական և քաղաքական ազդեցությունը ընդլայնել Հարավային Կովկասում՝ սահմանափակելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կոմունիկացիոն և էներգետիկ հնարավորությունները։ Այդպիսի լավ տարբերակ է «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է վերահսկեին ռուսները, որը սահմանակից է Իրանին, որը որպես Միջին միջանցքի մաս կարևոր նշանակություն ունի Չինաստանի համար։ Ահա, թե ինչու է ամերիկյան կողմը ակտիվ նախաձեռնությամբ ուզում վերահկել ճանապարհը։ Այս իմաստով Հայաստանի վրա կա ազդեցության երկու երկիր՝ Ռուսաստան և Թուրքիա։ Այդ հարցը պետք է լուծվի Թուրքիայի միջոցով և Թուրքիան պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս գնա Աբու Դաբի և այդ մասին բանակցի Հայաստանի հետ։ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ։ Թուրքիան որպես ՆԱՏՕ երկիր չի կարող ուղիղ մերժել ԱՄՆ-ին։ Բայց Թուրքիան միևնույն ժամանակ ուզում է դառնալ տարածաշրջանի միակ տերը՝ այդ թվում Զանգեզուրի միջանցքի։ Թուրքիան կախված է Մոսկվայից (այդ թվում՝ Ադրբեջանը) էներգակիրների կոմունիկացիաներով (Եվրոպային գազ ծախելու համար ներկրում է ՌԴ նավթամքերքների և գազի մոտավորապես 15 տոկոսը և Ադրբեջանի կողմից գազի մատակարարումները ԵՄ-ում ավելացել են ռուսական գազի շնորհիվ) և մատակակարումներով, հետևաբար Մոսկվային ակնհայտ ատամ ցույց տալը խելացի չէ։ Ադրբեջանը ՆԱՏՕ երկիր չի և կարող է ձևականորեն դրսևորել ինքնուրույնություն «Զանգեզուրի միջանցքի» հարցում որոշումներ կայացնելու վերաբերյալ։ Դրա համար արևմուտքին՝ մասնավորապես ԱՄՆ առաջարկը կմերժի Ադրբեջանը և ոչ թե Թուրքիան, բայց Թուրքիան անպայման կհորդորի հանդիպել և բանակցել։ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ։ Ադրբեջանը ուզում է ճանապարհ, որը հնարավորություն կտա քայլ առ քայլ զավթել Սյունիքը և ոչ միայն։ Բնականաբար և՛ Ադրբեջանը և՛ Թուրքիան չեն ուզում Զանգեզուրի միջանցքը «կիսել» որևէ երկրի հետ։ Այդ միջանցքը կարևոր կապ է լինելու Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի համար, ինչու չէ նաև ռուս-թուրքական էկոնոմիկ հաղորդակցության համար և հեչ ձեռնտու չի, որ դա վերահսկի ԱՄՆ-ը։ Հետևաբար Ադրբեջանը դա կմերժի և քանի որ ՌԴ նախագահը բարկացել է և ուզում է ադրբեջանական կրիմինալի և դրանց միջոցով դեպի Ադրբեջան հոսող և Ուկրաինային օգնություն գնացող փողի քոքը կտրել, ապա Ադրբեջանը պետք է ծանրացնի Մոսկվայի հետ առևտրի թղթապանակը։ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՌԴ-ն։ ՌԴ-ն ուզում է պահել քաղաքական և տնտեսական ազդեցությունը Հայաստանում, իսկ անվտանգության համար ոչ մի պատասխանատվություն չվերցնել։ Բայց այդպես չի լինում։ ՌԴ-ն շատ հանգիստ ողջունեց Աբու Դաբիում ընթացող բանակցությունները։ Կարծես ոչ մեկը չէր պատրաստվում այնտեղ ոտք սրբել նոյեմբերի 9-ի հայտարարության վրա և Մոսկվային դուրս շպրտել թեմայից։ ՌԴ-ն ոչ մի կոչ չի անում, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի պարտավորություններին և որ ինքը միակ երկիրն է, որին Փաշինյանը իր ստորագրությամբ տվել է ճամփի վրա վերահսկողության իրավունք։ Միգուցե ՌԴ-ում արդեն թքած ունեն Հայաստանի վրա։ Չեմ բացառում։ Բայց այդքան միամիտ պետք չի լինել, այնպես որ չզարմանաք, որ Զանգեզուրի միջանցքի գնդակը հետ գլորվի Մոսկվա ու էդպես առկախված մնա, (որովհետև Թուրքիան այդ ճամփան ռուսներին էլ չի տալու), մինչև որ Ադրբեջանը կօգնի Փաշինյանին խաղաղության մի նախաստորագրված թղթով վերընտրվել։ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԻՐԱՆԸ։ Իրանը չի ուզում կորցնել իր հյուսիսային սահմանը և թույլ տալ, որ իրեն կոմունիկացիոն առումով մեկուսացնել հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Իրանը այս պահին ձայն չի հանում, երևի գիտի, որ Աբու Դաբիի տակը լուրջ բան չկար։ Առաջիկայում կերևա ում մատն էր ավելի ուժեղ թափ տալիս։ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ։ Իսկ այդ ընթացքում դեռ աքաղաղը չկանչած Հայաստանի իշխանությունները երեք անգամ պիտի ուրանան իրենց կարմիր գծերը»: