«Եթե այսօր լռենք, վաղը հայ մարդը կարող է զարթնել առանց Վեհարանի»․ Արմեն Հովասափյան
129
Երեկ, 17:30
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեպքերի զարգացումները հստակ ցույց են տալիս, որ այսօր կարող է լինել հայ ազգի պատմության ամենադաժան ու խայտառակ օրերից մեկը։ Փորձ է արվելու ամբողջությամբ և վերջնականապես կազմաքանդել ու խեղել հայկական հոգին։ Սա ոչ թե պաթոս է, ոչ էլ խուճապ սփռելու փորձ։ Ցավով և մտահոգությամբ պետք է փաստեմ՝ ասվածը «գետնի վրա» գոյություն ունեցող խայտառակ իրականությունն է։ Նիկոլի մտադրությունը պարզ է. ասպատակելով Սուրբ Էջմիածինը՝ նա փորձում է ստեղծել հոգևոր քաոս, որն իր պատկերացմամբ՝ ամենահարմար ու ցանկալի վիճակն է։ Փորձեմ հնարավորինս պարզ ներկայացնել, թե ինչ զարգացումներ կարող են սպասվել առաջիկայում։ Շատերը գուցե չեն նկատել, որ Նիկոլը Հայ Առաքելական Եկեղեցուն հետևողականորեն անվանում է «Հայաստանյաց»։ Սա պարզապես ոճաբանություն չէ, այլ՝ գաղափարական օպերացիայի բանալի բառ։ Եթե պայմանական ընդունենք, որ Վեհափառ Հայրապետը հրաժարվում է Լուսավորչի գահից (չնայած այդ սցենարին քիչ հավանական եմ համարում), ստեղծվում է իրավիճակ, երբ պետք է ընտրվի նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Ընտրությունը պետք է կատարվի աշխարհում գործող բոլոր թեմակալ առաջնորդների մասնակցությամբ։ Սակայն ակնհայտ է, որ համընդհանուր կոնսենսուս գոյություն չունի, և չի կարելի ակնկալել, որ բոլորն ընտրելու են Նիկոլի սրտի թեկնածուին։ Հենց այստեղ էլ ի հայտ է գալիս նիկոլական ծրագրի հիմնական բովանդակությունն ու նպատակակետը։ Թեմերի միջև սկսում են ի հայտ գալ լուրջ հակասություններ։ Սփյուռքի թեմերը կարող են չընդունել Էջմիածնի կողմից ընտրված Հայրապետին, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի պառակտման։ Եկեղեցին փաստացի կսահմանափակվի Հայաստանի Հանրապետության տարածքով՝ դառնալով 29.8 քառակուսի կիլոմետր տարածքի Կաթողիկոսություն։ Իսկ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը» կվերածվի «Հայաստանի Կաթողիկոսի», ինչը կհանգեցնի Պոլսո և Երուսաղեմի պատրիարքարանների աստիճանական մարմանը։ Ավելին, տարիների ընթացքում Սփյուռքի թեմերում այլևս չեն նշանակվի Սրբազաններ, տեղի համայնքներն աստիճանաբար կմնան առանց հոգևոր առաջնորդի, ինչը կնշանակի նաև՝ առանց հոգևոր ինքնության։ Արդյունքում տեղի կունենա կազմակերպված ասիմիլացիա՝ հավատքի կորուստ և ազգային հալեցում տվյալ երկրի կրոնական միջավայրում։ Սա հենց այն մեխանիզմն է, որի արդյունքում, օրինակ, Լեհաստանում 200 տարվա ընթացքում հայերը աստիճանաբար դարձան կաթոլիկ։ Նիկոլը փորձ է անում ստեղծել մի իրավիճակ, որը հիշեցնում է ռուս-ուկրաինական եկեղեցական ճգնաժամը, որտեղ Մոսկվայի պատրիարքը դեռ կրում է «Մոսկվայի և համայն Ռուսիո» կոչումը՝ չնայած եկեղեցական բաժանմանը։ Այստեղ էլ առանցքային խնդիրն է՝ «Ամենայն» բառակապակցությունը հեռացնել Հայոց Կաթողիկոսի տիտղոսից, այսինքն՝ հայոց հոգևոր առաջնորդի համահայկականությունը վերացնել։ Սա պարզապես եկեղեցական ճգնաժամ չէ։ Սա հայ ինքնության դեմ ուղղված ծրագրավորված ու համակարգված հարված է՝ քաղաքական իշխանության կողմից։ Երբ սրբությունները դառնում են թիրախ, ազգը կանգնում է գոյության վտանգի առաջ։ Եվ եթե այսօր լռենք, վաղը հայ մարդը կարող է զարթնել առանց Վեհարանի, առանց հոգևոր կենտրոնի, առանց հավաքական հոգևոր ինքնության։ Այս վտանգը միայն հավատացյալին չէ՝ այն վերաբերում է ամեն հայի։ Այս պահին վճռվում է՝ լինելո՞ւ է համահայկական եկեղեցի, թե՞ մնում ենք միայն «Հայաստանյաց» ազգ, նեղացված, խեղված ու աշխարհից կտրված»։