Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Հենց Սամվել Կարապետյանի թիմն է հավակնելու դառնալ ընդդիմության թիվ մեկը»․ Արմեն Աշոտյան

«Հենց Սամվել Կարապետյանի թիմն է հավակնելու դառնալ ընդդիմության թիվ մեկը»․ Արմեն Աշոտյան
225
Երեկ, 22:48

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Որքան էլ երկրորդ նախագահի թիմի վիճակը գնալով աննախանձելի է դառնում, նախանձելի է մնում այն համառությունն ու աներեսությունը, որոնցով իր քարոզչական թիմը շարունակում է յուր գարշելի արշավը Հանրապետականի և երրորդ նախագահի դեմ։
Նիկոլը Սյունիքը տալիս է, եկեղեցու դեմ հարձակումները սաստկացնում է, նրանց և մեր պայքարի ընկերներին լցնում է բանտերը, երկրում մոլեգնող քաղաքական տեռորին միացրել է նաև հարկային տեռորը, և այս ամենի ֆոնին ի՞նչ է անում «ընդդիմության առաջնորդի» դերի մեջ սկզբից՝ օբյեկտիվորեն, իսկ հետո՝ իներցիայով մտած ղեկավարի թիմը:
Համախմբո՞ւմ է հասարակության առողջ ուժերին։ Ո՛չ։ Ստեղծված իրավիճակից լուծումնե՞ր է առաջարկում։ Ո՛չ։ Իր այդքան գովերգած միջազգային հեղինակությունն ու կապե՞րն է փորձում օգտագործել երկրի գլխին կախված հերթական աղետը կանխելու համար։ Կրկին՝ ո՛չ։
Միակ քաղաքական օպերացիան, որ, անկախ ահագնացող իրավիճակից, իրականացնում է երկրորդ նախագահի կենտրոնակայանը՝ մեր դեմ շարունակվող գարշահոտ հակաքարոզչությունն է, որ չի ճանաչում ո'չ չափ, ո'չ բանականություն, ո'չ բարոյականություն։
Իսկ այն իրականացնող տեղեկատվական բզեզները «նրանք մեզ հետ կապ չունեն» թոթովախոս ստով պարուրված մարգինալ կարգավիճակից իրենց ճամբարում վերջնականապես վերածվել են քաղաքական մեյնսթրիմի։ Զարմանալի է, քանզի որպես կանոն, «գվարդիայի» անդամ են դառնում լավագույնները, այնինչ մեր ընդդիմադիր գործընկերների մոտ գործում է բացասական սելեկցիան։
Անշուշտ, սա կարող էր մեր գործը չլինել, եթե երկրորդ նախագահի հակաքարոզչական թիմի միջուկը չձևավորվեր ոչ թե «անտի-Նիկոլ», այլ «անտի-Սերժ» սկզբունքով։ Վերջիվերջո, փորձառու ղեկավարն ինքն է ընտրում իր արքունիքը՝ երբեմն, սակայն մոռանալով, որ «короля делает свита»։
Նեղ մարդկային էգոիզմի տեսակետից նրանց գուցե կարելի է հասկանալ։ Մի կողմից, նրանք այդպես էլ չեն կարողանում բանական որևէ բացատրություն ներկայացնել, թե ինչու չեն միանում և չեն աջակցում Նիկոլից ազատվելու այս պահին միակ տարբերակին՝ իմպիչմենտին։ Մյուս կողմից էլ նրանց գլխին կախվել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի քաղաքական շողքը։
Չէ՞ որ որքան էլ մեր խորհրդարանական գործընկերները հրապարակավ չխոստովանեն, իրենց ղեկավարը շատ լավ է հասկանում, որ Կարապետյանի քաղաքական նախաձեռնությունը նրանից տանելու է մի շատ մեծ հատված՝ էլեկտորատի, իմիջի, մարդկային ռեսուրսի, օրակարգի, նույնիսկ՝ քաղաքական դեմքերի։
Ավելին, հենց Սամվել Կարապետյանի թիմն է հավակնելու դառնալ ընդդիմության թիվ մեկը, առաջին ջութակը՝ կարգավիճակ, որն այդքան թանկ է երկրորդ նախագահի թիմի համար և որի պահպանության շուրջ էր ձևավորվել իրենց վերջին ժամանակվա ողջ գործունեության տրամաբանությունը։
Ներընդդիմադիր դաշտում ծավալվող այս տեկտոնիկ վերադասավորումները հիշեցնում են երբեմնի աշխարհահռչակ «NOKIA»-ի պատմությունը, որը երկար ժամանակ լինելով շուկայի առաջատարը, չհասկացավ առաջընթացի ուղղությունը և սպառողների ակնկալիքները, ճիշտ չկողմնորոշվեց տեխնոլոգիական թրենդերում, սեփական ինքնահավան թմրածության զոհը դարձավ և ընդամենը մի քանի տարում վերացավ շուկայից։
Մինչ NOKIA-ն պայքարում էր SAMSUNG-ի դեմ, APPLE-ն իր նորարարությունների և ճկունության շնորհիվ դարձավ առաջինը, SAMSUNG-ը մնաց մրցունակ, իսկ NOKIA-ն թիվ մեկից վերածվեց բանկրոտի։
Ներընդդիմադիր ցանկացած զարգացում և վերադասավորություն ինձ համար ընդունելի է, եթե վերջնարդյունքում մոտեցնում է Նիկոլի քաղաքական վախճանը։ Ակնհայտ է, որ երկրորդ նախագահի թիմի զզվելի հակաքարոզչությունը մեր դեմ, խլելով ռեսուրսներ, ժամանակ և էներգիա, ծառայում է ճիշտ հակառակ նպատակին։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ
22.07.2025»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան