Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Կոչ եմ անում հրաժարական տալ և ինքնակամ ներկայանալ ԱԱԾ»․ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Կոչ եմ անում հրաժարական տալ և ինքնակամ ներկայանալ ԱԱԾ»․ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
509
Երեկ, 00:00

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1
Հայրենիքի գող
Հետևելով վերջին շրջանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ ձեր ապօրինի գործողություններին, հայտարարություններին և քայլերին, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքի, պահանջում եմ հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, դադարեցնել ձեր ապօրինությունները, մասնավորապես, այսպես կոչված «Վեհարանը վեհի՛» հակեկեղեցական և հակազգային շարժումը։
Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ դուք «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» ՀՀ օրենքը, որի 4-րդ հոդվածի համաձայն հնչեցրել եք օրենքով սահմանված երդման հետևյալ տեքստը․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ին ավազանի անունով դիմելը, նրա հասցեին զրպարտիչ և արատավորող տեղեկություններ հրապարակելն ու տարածելը, բացի ապօրինի լինելուց, վիրավորում են իմ, ինչպես նաև ինձ պես միլիոնավոր բարեպաշտ հավատավոր քրիստոնյաների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու զավակների հոգևոր զգացմունքները, ինչն անթույլատրելի է, հատկապես այն անձանց (տվյալ դեպքում՝ ձեր) կողմից ովքեր մեր եկեղեցու հետևորդ փաստացի չեն հանդիսանում, չեն մասնակցում Սուրբ Պատարագների, խոստովանություն չեն կատարում և Հաղորդություն չեն ստանում Սուրբ եկեղեցուց, հարգանք չեն ցուցաբերում Հայ եկեղեցու դավնաբանության, կանոնակարգային և աստվածաբանական ուսմունքներին ու դավանանքներին, արատավորող սուտ տեղեկություններ են հրապարակում մեր քրիստոնեական տաճարների, նրանց վիճակի, քրիստոնեական սրբավայրերի ու պաշտամունքի առարկաների նկատմամբ։ Դա առավել անընդունելի այն մարդու կողմից, ի դեմս ձեզ, որի մեղքով թշնամական տիրապետության տակ են հայտնվել մեր դարավոր սրբավայրերը, տաճարները, վանքերը, մատուռները, խաչքարերն ու գերեզմանները։
Անկախ զբաղմունքից, հոգևոր, գիտական, մասնագիտական կամ այլ կոչումներից և աստիճաններից, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրաստիճան հոգևորականները պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։ Անգամ ծառայության և աշխատանքի բերումով պետական մարմինների հասանելի դարձած տեղեկությունները նրանք հրապարակելու իրավունք չունեն։ Ես չեմ խոսում այլևս զրպարտիչ, չհիմնավորված, չապացուցված և արատավորող տեղեկությունների մասին, ինչն իրականացվում է ձեր կողմից՝ բացառիկ խուլիգանական դրսևորումներով՝ վտանգելով ՀՀ վարչապետի ինստիտուտն ու հեղինակությունը։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլուխը սահմանում է կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները։ Ըստ այդմ՝ օրենքի 17-րդ հոդվածի «բ» կետով սահմանում է, որ պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն։
2025 թվականի հուլիսի 23-ի Facebook սոցիալական ցանցի ձեր օգտահաշվից կատարված գրառման, այն հատվածը, որում ասվում է «․․․ առաջարկում եմ հետևյալ ծրագիրը։ Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին», ակնհայտորեն հակաօրինական է և վեր է ձեր իրավասությունների շրջանակներից։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի․ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Ինչպես ՀՀ Սահմանադրությունը, այնպես էլ որևէ օրենք, այդ թվում «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ հոդվածը սահմանում է վարչապետի լիազորությունները, չի նախատեսում, ավելին՝ արգելում է վարչապետին իրականացնել այն գործողությունները, ինչի մասին դուք հայտարարել եք 2025 թվականի հուլիսի 23-ի գրառման մեջ։
Ավելին՝ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը», իսկ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը հավանության է արժանացել ՀՀ Ազգային ժողովի կողմից, որևէ բառ չի պարունակում այն քաղաքականության ու գործողությունների մասին, որը մտադիր է իրականացնել ՀՀ վարչապետը։ Որպես վարչապետ՝ դուք պարտավոր եք կատարել ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը և իրավունք չունեք կատարել գործողություններ, որոնք սահմանված չեն ծրագրով։ Այդ տեսանկյունից ձեր պաշտոնավարումն ապօրինի է, հետևաբար ոչ թե դուք ունեք իրավունք պահանջել Կաթողիկոսի հրաժարականը, այլ դուք եք պարտավոր ներկայացնել հրաժարական։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն, Հայ եկեղեցուն շնորհում է Սահմանադրական յուրօրինակ մարմնի կարգավիճակ՝ Սահմանադրության մակարդակով պաշտպանելով այն ամեն տեսակ ոտնձգություններից, Հայաստանի Հանրապետության անունից ճանաչում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Իսկ նույն հոդվածի երկրորդ կետի հիման վրա ընդունված «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքը լրացուցիչ արտոնությունների և պետական երաշխիքներ է սահմանում եկեղեցու համար՝ չնախատեսելով պետական իշխանության մարմնների որևէ միջամտություն եկեղեցական կյանքին և գործերին։
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջույնի ելույթի իրավունք ունի առաջին Ազգային ժողովի նստաշրջանի բացման առթիվ։
«Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը Ամենայն հայոց Կաթողիկոսին շնորհում է դիվանագիտական ավագության բարձր աստիճան՝ միջոցառումներին մասնակցության դեպքում հաջորդելով ավագությամբ առաջին պաշտոնատար անձին, այսինքն՝ Հանրապետության նախագահին։ Սա նշանակում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիվանագիտական ավագության իմաստով ունի ՀՀ վարչապետից բարձր ավագության աստիճան և կարգավիճակ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին համաշխարհային կազմակերպություն է, որը օրենքով սահմանված գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս, իսկ օրենքով եկեղեցական թեմական կառույցները գտնվում են Հայաստանի Հանրապետության հոգածության ներքո՝ բացառելով ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած այլ երկրի իշխանությունների միջամտությունները եկեղեցական գործերին։
Ազգությամբ բազմաթիվ հայերը դավանում են ոչ միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հանդիսանում դրա անդամ կամ հետևորդ, այլև այլ եկեղեցիների, մասնավորապես, Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն, ուղղափառ եկեղեցիների և այլն։ Դա իրավունք չի տալիս Հայաստանի իշխանություններին միջամտել ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, այլև ցանկացած այլ եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների գործունեությանը, առավել ևս դրանց կանոնադրական, դիցաբանական և կառավարչական հարաբերություններին։
Հարկ է նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում Անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, այդ թվում՝ կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու համար։ Պատժի և պատասխանատվության առավել խիստ միջոցներ են նախատեսվում, եթե նույն արարքը կատարվում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տվյալ դեպքում ՀՀ վարչապետի կամ այլ պաշտոնատար անձանց կողմից։
Նախաձեռնվող գործընթացների ակնհայտ հակաեկեղեցական բնույթը, դրա պետական ամենաբարձր մակարդակով ոչ միայն հովանավորչությունն, այլև կազմակերպումը, ակնհայտորեն առաջացնելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ գործունեություն ծավալող բազմաթիվ այլ կրոնական (աղանդավորական) կազմակերպությունների, դրանց ղեկավարների և անդամների ոգևորությունը, որոնք, առաջնորդվելով իրենց շահերով և հոգևոր ներազդեցության գործոններով, կարող են իրականացնել անկանխատեսի քայլեր ու գործողություներ։
Դրան զուգահեռ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է մնալ Հայաստանի և արտերկրում ապրող հայերի շրջանում ամենահարգված և ազդեցիկ կրոնական կազմակերպությունը, որի հետևորդները միլիոնավոր մարդիկ են, մասնակցում են Սուրբ Պատարագների, կրոնական տարբեր ծեսերի և արարողությունների, այդ թվում մկրտությունների, պսակադրությունների, հուղարկավորությունների և այլն, սրբագույն կապերով կապված են եկեղեցու հետ, հետևաբար, հատկապես վերջին օրերին իրենց գործողություններով և հրապարակումներով արտահայտել են իրենց անվերապահ աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հոգևոր հայրերին, ուստի նրանց հակազդեցությունն այդ ապազգային և հակաեկեղեցական գործողություններին կարող է առաջացնել լուրջ քաղաքացիական բախումների վտանգներ՝ վտանգելով պետության ներքին անվտանգությանը։
2018 թվականից խաբելով մեր ժողովրդին, չկատարելով ձեր խոստումները, 2018 թվականի և 2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ժողովրդին տված խոստումները, ՀՀ կառավարության գործունեության ծրագրի դրույթները, իրականացնելով պետական դավաճանության, սահմանադրական կարգի տապալման, պետության տարածային ամբողջականության դեմ գործողություններ, պաշտոնական դիրքի չարաշահման, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի բազմաթիվ այլ ենթադրյալ հանցագործություններ, ապօրինի զավթելով մեր ժողովրդի օրինական իշխանությունը և այն չարամտորեն ծառայեցնելով անգամ ձեր կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությամբ» Հայաստանի հանդեպ անվտանգային սպառնալիք հանդիսացող թշնամական պետություններին շահերին՝ դուք դարձել եք հազարավոր մարդկանց մահվան, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կորստի պատճառ, ստեղծելով հավելյալ անվտանգային մարտահրավերներ և սպառնալիքներ՝ վտանգելով մեր պետության գոյությունն ընդհանարապես։
Այս պայմաններում դուք վաղուց չեք վայելում մեր ժողովրդի վստահությունն ու հարգանքը։ Եղած ազդեցությունն էլ բացառապես պայմանավորված է իշխանության ղեկին լինելու հանգամանքով, իրավապահ համակարգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և նրանց միջոցով ձեզ հակազդող ուժերին չեզոքացնելու և թշնամական երկրների ղեկավարների պահանջները կատարելու նպատակով։
Որպես ՀՀ քաղաքացի կոչ եմ անում դադարեցնել ձեր ապօրինի հակաեկեղեցական գործողությունները և ներկայացնել հրաժարական՝ ՀՀ վարչապետի պաշտոնից, ինքնակամ ներկայանալ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և մեղայական խոստումներով՝ ակնկալել ձեր հանդեպ արդար դատաքննություն։
ԷԴԳԱՐ ՖԵՐԴԻՆԱՆԴԻ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան