Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Բացահայտ խոստովանում է, որ իր խնդիրը ոչ թե Կաթողիկոսի անձի հետ է, այլ՝ Եկեղեցու ողջ վերնախավի»․ Հարութ Ուլոյան

«Բացահայտ խոստովանում է, որ իր խնդիրը ոչ թե Կաթողիկոսի անձի հետ է, այլ՝ Եկեղեցու ողջ վերնախավի»․ Հարութ Ուլոյան
202
Երեկ, 01:42

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի երեկվա գրառումը, որքան էլ առաջին հայացքից ոչ մի «նորություն» չի պարունակում, սակայն դրանում Փաշինյանը, ըստ էության, ամբողջությամբ բացահայտում է իր պլանները՝ կապված Եկեղեցու ապագայի վերաբերյալ: Ավելին, այդ գրառումն ուղղակի ապացույցն է այն բանի, թե ինչ մակարդակի աղանդավորական միջամտություններ է պատրաստվում իրականացնել Փաշինյանը:
Տվյալ գրառմամբ, Փաշինյանն արդեն բացահայտորեն խոստովանում է, որ իր խնդիրը ոչ թե կոնկրետ Կաթողիկոսի անձի հետ է, այլ՝ Եկեղեցու ողջ վերնախավի: Մի բան, որը ամիսներ շարունակ ոչ մի կերպ չէին ընդունում: Ոչ միայն չէին ընդունում, այլև մեզ՝ «մոլորյալներիս», պրոպագանդան ամեն գնով փորձում էր ապացուցել, որ իրենց պայքարը բացարձակապես Եկեղեցու դեմ չէ, այլ միայնումիայն Կաթողիկոսի: Հը՞ն, ընկերներ, բա ձայն հանեք: Թե հիմա էլ պիտի պրոպագանդեք, որ Կաթողիկոսի ու «Եկեղեցու վերնախավի» մեջ ոչ մի տարբերություն չկա: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Եկեղեցու ամբողջական գլխատում: Ինչն իր հերթին հանգեցնելու է ողջ Եկեղեցու կազմալուծմանը:
Ովքե՞ր են կանգնելու ձեր կողքին: Կարգալույծ արված ինչ-որ անձինք ու «աբիժնիկության» շարժառիթով առանջնոդվողնե՞րը…Իսկ նրանցից քանի՞սն են լինելու օտարերկյա պոտենցիալ գործակալներ:
Ըստ Փաշինյանի՝ ոչ մի կուսակրոն, ըստ էության, կուսակրոն չէ: Ուստի մեծարգո Փաշինյանին այլ բան չի մնում անելու, քան Կաթողիկոսի տեղապահ նշանակել ամուսնացած «բարեվարք» քահանայի… Կներեք, իսկ այդ քահանայի «բարեվարքությունն» էլ է իր հոգու աչքերով ստուգելո՞ւ, թե՞ ստի հոգևոր դետեկորին է նստեցնելու:
Որ կուսակրոնության թեման այլևս սպառված է, վկայում է, նախ, հենց այն փաստը, որ Փաշինյանը Եկեղեցու ողջ վերնախավից է ցանկանում ազատվել, և, 2-րդ, Փաշինյանը ցանկանում է խմբագրել ու կրճատել միջնադարից եկող ու, ինչպես Փաշինյանն է նշում, փաստացի չգործող կանոնակարգերը: Ու քանի որ Փաշինյանն արդեն իսկ ազատված է լինելու բոլոր կեղծ կուսակրոններից, այսինքն, ըստ էության, բոլոր կուսակրոններից, ապագա ենթադրյալ կաթողիկոսն, արդեն, կարող է և չլինել կուսակրոն: Այսինքն, կանոնագրքի խմբագրման ժամանակ, առաջին հերթին, հենց այդ՝ կուսակրոնության պահանջն է վերանալու: Ու այդ ողջ խմբագրական աշխատանքն, իհարկե, իրականացնելու է անձամբ ինքը՝ Փաշինյանն ու ընդունվելու է վերջինիս «հոգու աչքերով» ընտրված ինչ-որ ժողովի կողմից:
Ավելի պարզ ասած՝ մեծարգո Փաշինյանը, շահարկելով սուրբ կանոնագրքերով սահմանված կուսակրոնության թեման, հեղաշրջում է իրականացնելու Եկեղեցում, ապա նույն այդ կանոնագրքերից, որոնք, փաստորեն, հնամաշ ու ժամանակավրեպ են, վերացնելու է կուսակրոնության պահանջն ու կաթողիկոս է ընտրելու՝ համաձայն բարեվարքություն ստուգող ինչ-որ ստանդարտների:
Փաշինյանն, ըստ այդմ, ինչպես առաջին նախագահն էր ժամանակին բնորոշել, իրեն իսկական Փրկիչ՝ Մեսիա է երևակայում: Դրա լավագույն ապացույցն է նաև այն, որ նույն՝ վերջին գրառման մեջ, Փաշինյանը Եկեղեցու դեմ իրականացվող շարժման առաջնորդների համար ինչ-որ չափանիշներ է սահմանում, ապա պնդում, որ քանի որ ինքն է առաջնորդելու այդ շարժումը, ապա ինքը համապատասխանում է այդ չափանիշներին: Սա ցինիզմի դրսևորում է, թե՞ մարազմի: Այս հարցի պատասխանը թողնում եմ մասնագետներին, բայց սա, ոչ ավել, ոչ պակաս, նույնն է, թե սուրբ լինելու համար ինչ-որ չափանիշներ շարադրել, ապա լուրջ դեմքով պնդել՝ քանի որ ես եմ շարադրել, ուրեմն՝ ես սուրբ եմ ու վե՛րջ»։

Աղբյուրը`   Հարութ Ուլոյան