ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել
280
Երեկ, 19:06
ՔՊ-ից հեռացված Թաթուլ Աշոտի Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել։ «Արմլուր»-ին հայտնի է դարձել, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՝ կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց։ Այսպես. Արամ Տեր-Խաչատրյանը 2015 թվականի նոյեմբերի 20-ից հանդիսացել է «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊ ընկերության մասնակից, ինչպես նաև՝ տնօրեն։ Վերջինիս պատկանող ընկերության կողմից 2019 թվականի հունիսի 18-ի թիվ 7310 առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/6 հասցեում գտնվող, 01- 0004-01-06-0548 կադաստրային ծածկագրով, 2160մ2 մակերեսով հողատարածքը, որում բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար դեռևս 2011 թվականի մայիսի 6-ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է թիվ 01/18-Շ-102 շինարարության թույլտվությունը՝ 1100 օր ժամկետով։ «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հիշյալ՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/6 հասցեի հողատարածքում կառուցապատման համար քաղաքաշինական հնարավոր խոչընդոտների, այդ թվում՝ շինարարության թույլտվության չտրամադրման, նախկինում տրված շինարարության թույլտվության ժամկետը չերկարաձգելու մտավախության մասին Արամ Տեր-Խաչատրյանը 2022 թվականի նոյեմբերին տեղեկացրել է իր ծանոթ Գևորգ Գևորգյանին՝ նշելով խնդրի դրական լուծման դեպքում՝ համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրաստակամության մասին։ Արամ Տեր-Խաչատրյանի կողմից պաշտոնատար անձանց կաշառք տալուն օժանդակելու դիտավորությամբ, Գևորգ Գևորգյանը նրան խորհուրդ է տվել իր միջոցով դիմել՝ ծանոթին՝ Թաթուլ Ասիլյանին՝ հայտնելով, որ նա անհրաժեշտ կապեր ունի համապատասխան պաշտոնատար անձանց շրջանում։ Ընդունելով Գևորգ Գևորգյանի խորհուրդը՝ Արամ Տեր-Խաչատրյանը 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նրա միջոցով վերոհիշյալ խնդրի մասին տեղեկացրել է Թաթուլ Ասիլյանին: Տեղեկանալով Արամ Տեր-Խաչատրյանի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին և նպատակ չունենալով նրան պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման համար հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դարամական միջոց ստանալու դիտավորությամբ Թաթուլ Ասիլյանը Գևորգ Գևորգյանին վստահեցրել է թե իբր, Երևան քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, ովքեր 80.000.000 ՀՀ դրամի դիմաց կարող են կազմակերպել Արամ Տեր-Խաչատրյանին պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը: