«Առաջիկա պատերազմն Իրանի համար գոյապահպանության պատերազմ է». Վարդան Բալյան
94
Այսօր, 02:18
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին հուլիսի 18-ին շատ հետաքրքիր հոդված է հրապարակել՝ «Ինչո՞ւ առաջիկա պատերազմում սիոնիստական ռեժիմի հետ կապված Ադրբեջանի Հանրապետության էներգետիկ համակարգին հարվածն ավելի արդյունավետ է, քան Հորմուզի նեղուցի փակումը.: Հոդվածն ամբողջությամբ չեմ ներկայացնի, կարծում եմ, վերնագիրն առավել քան խոսուն է: Այդուհանդերձ, անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ իրանցի փորձագետի բնորոշմամբ Կեղծ Զանգեզուրի միջանցքի ծրագրի վերաբերյալ դիտարկմանը: ...Կեղծ Զանգեզուրի միջանցքի՝ իրականում ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի ռազմական միջոցներով բացումը մաս է կազմում Իրանի գեոքաղաքական մեկուսացման և սահմանների փոփոխությանն ուղղված սիոնիստական ռեժիմի ագրեսիայի: Այդ ճանապարհը նաև ռազմական նշանակություն ունի, քանի որ ամենակարճ ուղին է դեպի Կասպից ծով և Թեհրանի վրա հարձակվելու համար: ...Առաջիկայում Ադրբեջանի Հանրապետության վերածումը սիոնիստական ռեժիմի դեմ ռազմական գործողությունների հիմնական թատերաբեմի էապես կավելացնի սիոնիստական ռեժիմին հասցվելիք իրանական մահաբեր հարվածների զսպող ուժը և ազդեցությունը: Այդ պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը, հանդիսանալով աշխարհում նավթով ամենահարուստ երկրներից մեկը, նավթի և գազի հիմնական մատակարարն է սիոնիստական ռեժիմի և նրա հետ կապված որոշ եվրոպական երկրների համար: Ներկայում Բաքու-Ջեյհան նավթամուղով, որ շահագործում է «Բրիթիշ Փետրոլիում» ընկերությունը, Ադրբեջանը սիոնիստական ռեժիմի համար հանդիսանում է նավթի 60 տոկոսից ավելիի մատակարարը: ...Ակնհայտ է, որ առաջիկա պատերազմը Իրանի համար գոյապահպանության պատերազմ է, որտեղ Իրանի համար պատմական հաղթանակի բանալին կարող է լինել Կովկասը: Իրանական մամուլում բազմաթիվ են տարբեր փորձագետների ու պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ադրբեջանի նկատմամբ վարվելիք իրանական քաղաքականության կոշտացման մասին վկայող հրապարակային անդրադարձները: Հետաքրքիր տեղեկատվական արտահոսքեր կան Շուշիում վերջերս անցկացված այսպես կոչված Գլոբալ մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահի կողմից արված ոչ հրապարակային դիտարկման մասին: Մասնավորապես, անդրադառնալով Զանգեզուրն ամերիկացիներին 100 տարով վարձակալության տալու հայկական կողմի պատրաստակամությանը՝ Ալիևը կուլուարային խոսակցության ժամանակ ասել է՝ եթե չխանգարեիք Զանգեզուրի գրավմանը, այսօր Իրանի սահմանին ՆԱՏՕ-ն չէր հայտնվի: Ի պատասխան իրանցի ներկայացուցիչն արձագանքել է, թե Հայաստանի հետ սահմանը ցամաքային փակ չէ ի տարբերություն Ադրբեջանի, իսկ ՆԱՏՕ-ն այդ սահմանին չի կարող երբևէ հայտնվել, քանի կա Իրանը, այսինքն՝ երբեք: Բարդ ու մեզ համար իրապես գոյաբանական սպառնալիքների պայմաններում երկրի քաղաքական վերնախավի ադեկվատության ակնհայտ խնդիր ունենք»: