««Իրական Հայաստան»-ը պետականության հիմքերի քանդման ծրագիր է»․ Մետաքսե Հակոբյան
152
Այսօր, 10:30
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա մի դրվագ է «իրական» Հայաստանից… Առաջին հայացքից թվում է՝ խոսքն իշխանության ազնվության մասին է, որ իբր պետք է վերջ դնել պատրանքներին ու տեսնել իրականությունը։ Բայց խորքում այդ նոր տերմինը լցված է վտանգավոր բովանդակությամբ․ այն ոչ թե ժողովրդին ազատում է կեղծիքներից, այլ հակառակը՝ սովորեցնում է հաշտվել պարտության հետ։ Փաշինյանը հայտարարում է, որ արցախցիների վերադարձը «իրատեսական չէ»։ Այս ձևակերպումը ևս սովորական քաղաքական հայտարարություն չէ․ այն ամբողջական ազգային իրավունքների մերժում է։ Հայրենազրկումը ներկայացվում է որպես բնական վիճակ, և այսպես ժողովուրդը դաստիարակվում է ապրել կորստի հետ համակերպված։ Եթե այսօր «իրականությունը» Արցախն է առանց հայերի, վաղը նույն տրամաբանությամբ կարող են «իրատեսական» համարվել Հայաստանի այլ տարածքային կորուստներ։ «Իրական» Հայաստանը ըստ Փաշինյանի նշանակում է՝ Հայաստանը պետք է իր արտաքին և ներքին քաղաքականությունը հարմարեցնի թշնամու թելադրանքին։ Հակառակ դեպքում՝ «կգա պատերազմ»։ Բայց սա արդեն ոչ թե պետական մտածողություն է, այլ կապիտուլյացիայի փիլիսոփայություն։ Ընդունված է ասել՝ եթե պետության մեջ կան քաղբանտարկյալներ, ապա այդ պետությունը բռնազավթված է։ Այսօր Հայաստանի դատարաններում ընթանում են գործեր, որոնք այլ կերպ, քան քաղաքական հաշվեհարդար, անվանել հնարավոր չէ։ Այս մարդիկ հայտնվել են ճաղերի հետևում միայն այն պատճառով, որ չլռեցին։ Ուրեմն «իրական Հայաստանը» ոչ թե ազատության, այլ ճնշումների ու վախի երկիր է։ Իշխանության նպատակը պարզ է․ մարդկանց ներշնչել, որ արժանապատվությունն ավելորդ է։ Թելադրվում է ապրել փոքրացած պետության պայմանական գոյությամբ՝ առանց մեծ նպատակների ու մեծ երազանքների։ Իսկ ժողովուրդը, որ ապրում է պարտվածի հոգեբանությամբ, այլևս չի դիմադրում։ Այսպես կոչված «իրական Հայաստան»-ը ազգային պետության կառուցման մասին չէ։ Այն պետականության հիմքերի քանդման ծրագիր է, որը մեզ պարտադրում է ապրել ոչ թե որպես անկախ և արժանապատիվ ժողովուրդ, այլ որպես պարտված ու հարմարված հասարակություն։ Իսկ երբ հերոսների ծնողներին դատում են, երբ հոգևոր առաջնորդին բանտարկում են, երբ պատգամավորներին հետապնդում են, նրանց հետ պայքարի նետված ընկերներին պահում են ճաղերի հետևում, այդ «իրականությունը» դառնում է ոչ թե ճշմարտություն, այլ բռնապետական կեղծիք։ Հայաստանի իրականությունը կարող է լինել միայն արժանապատվության ու ազատության վրա հիմնված պետություն։ Իսկ եթե ներկայիս իշխանությունը դա չի ապահովում, ապա հենց այդ իշխանությունն է մեր ժողովրդի առջև ծառացած ամենամեծ վտանգը»։