«Ամեն ոչ իրական ազդանշան նվազեցնում է հասարակական հակազդման իրական պոտենցիալը». Արթուր Սուքոյան
137
Այսօր, 01:30
Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս տարբեր հարթակներում բազմիցս շրջանառվեցին տեղեկություններ այն մասին, թե իբր հավաստի աղբյուրներից ստացված տվյալներով հայտնի է Եկեղեցու դեմ սպասվող հարձակման օրը և ժամը։ Սակայն ժամանակը ցույց տվեց՝ այդ «հավաստի աղբյուրները» այնքան էլ հավաստի չէին։ Այս երևույթը առաջին հայացքից կարող է թվալ անկարևոր կամ պատահական, բայց իրականում այն լուրջ հետևանքներ ունի հանրային զգոնության, հոգեբանության, կայունության, կազմակերպման և դիմադրության արդյունավետության համար։ Երբ նման զգայուն թեմաների շուրջ հանրայնացվում են հստակ տվյալներ, որոնք տեղի չեն ուենում, դրանք մի քանի մակարդակով խաթարում են քաղաքացիական ակտիվությունը։ Տեխնիկական հետևանքները շատ կոնկրետ են. օրինակ՝ իմ, ինչպես նաև շատ այլ մարդկանց պլանները այդ օրերին հարմարվել են հենց այդ ակնկալվող զարգացումներին։ Որոշ դեպքերում հաջողվել է հետաձգել անձնական գործերը, իսկ երբեմն՝ չի հաջողվել, և դրանք բաց են թողնվել։ Բայց սա երկրորդական է և ոչ լուրջ կորուստ՝ համեմատած հնարավոր իրական կորուստների կողքին։ Ավելի կարևոր հետևանքների մասին խոսեմ։ Երբ մարդիկ տեղեկանում են սպասվող հարձակման մասին, բայց այն չի իրականանում, ամեն հաջորդ անգամ նրանց զգոնությունն ընկնում է։ Զգոնությունը դադարում է բնական ռեֆլեքս լինելուց։ Ամեն ոչ իրական ազդանշան նվազեցնում է հասարակական հակազդման իրական պոտենցիալը։ Սա հոգնեցուցիչ է։ Ի վերջո, հանրային այս հոգնածությունն է այն պատճառներից մեկը, որ այս աղետաբեր իշխանությունը վերջերս տոնեց իր յոթամյակը։ Այդ հոգնածությունն է, որ ծնում է հիասթափություն կամ առնվազն հիասթափության համար հարմար պայմաններ։ Իսկ այդ պայմաններում հանրությունը կամաց-կամաց կորցնում է կազմակերպվելու, պայքարելու, մոբիլիզացվելու կարողությունը։ Եվ հենց այդ համատեքստում առավել հավանական եմ համարում մի մտահոգիչ վարկած՝ արդյոք այդ «հավաստի աղբյուրները» իրականում իշխանության ներքո գործող տեխնոլոգիական գործիքներ չեն, որոնց նպատակն է պարբերաբար շեղել, շփոթեցնել ու հոգնեցնել հանրությանը, մինչև այն կորցնի հակազդելու բավարար կամքը։ Պետք է լինել զգուշավոր՝ նախքան վստահաբար ներկայացնելը, թե երբ և ինչպես է լինելու որևէ գործընթաց։ Մենք չունենք այն շքեղությունը, որ թույլ տանք մեզ հոգնեցնել կեղծ ահազանգերով։ Պետք է գործենք ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Հակառակ դեպքում՝ կամա թե ակամա, դառնում ենք նույն այդ հոգնածությունը խորացնող գործընթացի մաս։ Խոսքս մեղադրական չէ՝ ոչ լրատվամիջոցների, ոչ էլ քաղաքական դերակատարների հասցեին։ Սա խնդրանք-պահանջ է՝ հանուն արդյունավետ պայքարի։ Հ.Գ. Բացի դրանից, կան մարդիկ, ովքեր տառապում են «ես ասել էի», «ես գիտեի», «ես ճիշտ էի»-ի մոլուցքով։ Նրանց համար կարևորը բոլոր հնարավոր վարկածները շուտ բարձրաձայնելն է, որպեսզի հետո հանդիսավոր հայտարարեն՝ «ԵՍ ՍԱ ԴԵՌ ՄԻ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ԷԻ ԱՍԵԼ»։ Այ ընկերներ ջան, էդ ձեր «ճիշտ» կանխատեսումներից կազմված թմբիկների կողքին մեծ սարեր կան՝ սխալներից»: