Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

Հայաստանի Ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել

Հայաստանի Ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել
206
Այսօր, 00:36

Հայաստանի Ամերիկյան համալսարանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ և լրատվամիջոցներ հանրության ուշադրությանը ներկայացրին սոցիալական մեդիայում վերջերս հրապարակված մի գրառում, որի հեղինակն է դոկտոր Սամվել Ֆարմանյանը։ Մինչ վերջերս նա դասավանդում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)՝ որպես հրավիրյալ (ժամավճարով աշխատող) դասախոս։ Հաշվի առնելով տվյալ գրառման շուրջ առաջացած հանրային արձագանքն ու մամուլի անդրադարձը՝ ՀԱՀ-ի ղեկավարությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
ՀԱՀ-ը հավասար հնարավորություններ ապահովող գործատու է և բաց է դասախոսական հաստիքների համար դիմող համապատասխան ակադեմիական որակավորում ունեցող բոլոր թեկնածուների համար՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։ Համալսարանն առանձնահատուկ կերպով կարևորում է իր դասախոսական կազմի բազմազանությունը և հպարտ է այն հանգամանքով, որ դասախոսական կազմը ներառում է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ։
ՀԱՀ-ի «Աշխատանքի ընդունման, առաջխաղացման, ակադեմիական աստիճանների տրամադրման» ներքին կանոնակարգի համաձայն՝ https://policies.aua.am/policy/20 «․․․համալսարանը պարտավորվում է պաշտպանել յուրաքանչյուր դասախոսի ակադեմիական ազատության իրավունքը, այսինքն՝ գիտելիք ձեռք բերելու, ստեղծագործելու և որպես պատասխանատու քաղաքացի ազատ արտահայտվելու իրավունքը՝ առանց համալսարանի կողմից պարտադրված սահմանափակումների։ Դասախոսը պետք է գնահատվի որպես գիտնական և մանկավարժ՝ հիմնվելով բացառապես օրինական ակադեմիական և մասնագիտական չափանիշների, և ոչ թե նրա քաղաքական հայացքների, կրոնական համոզմունքների կամ այլ անձնական նախընտրությունների հիման վրա»։
Հնչել են մեղադրանքներ, թե ՀԱՀ-ը հրաժարվում է աշխատանքի ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին։ Այս մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ ՀԱՀ-ում տարիներ շարունակ աշխատել են և շարունակում են աշխատել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ՝ ընդհուպ այն ժամանակաշրջանից, երբ այն ընդդիմադիր կուսակցություն էր։ Դասախոսների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը, վերակնքումը կամ դադարեցումը եղել է և շարունակում է լինել բացառապես ՀԱՀ-ի իրավասության դաշտում՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։
Հետևաբար, ՀԱՀ-ը պաշտպանում է իր դասախոսական կազմի անդամների՝ իրենց քաղաքական հայացքներն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ պայմանով, որ նրանք հանդես չգան համալսարանի անունից: Համալսարանը որևէ պաշտոնական դիրքորոշում չունի կուսակցական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ, և այս մոտեցումը հստակ սահմանված է ՀԱՀ-ի «Քաղաքական և կրոնական գործունեության մասին» https://policies.aua.am/policy/92 ներքին կանոնակարգում։
Ինչպես նշվում է ներքին կանոնակարգում. «ՀԱՀ-ը խրախուսում է իր ուսանողների, դասախոսների և անձնակազմի քաղաքացիական ակտիվ ներգրավվածությունը։ Բացի այդ, քաղաքական գործընթացների ակադեմիական ուսումնասիրությունը ՀԱՀ-ի գիտական առաքելության կարևոր բաղադրիչներից է և պաշտպանվում է ակադեմիական ազատության սկզբունքով։» Թեև համալսարանը խթանում է խոհեմ քաղաքական երկխոսությունը, «ՀԱՀ-ը պետք է խուսափի կողմնակալ քաղաքական գործունեությունից, որը կարող է ստեղծել տպավորություն, թե համալսարանն աջակցում է որևէ քաղաքական կուսակցության կամ պետական պաշտոնի հավակնող թեկնածուի․․․»:
Այդուհանդերձ, դոկտոր Ֆարմանյանի հրապարակումը, որով նա քննադատում էր Հայաստանի Հանրապետության վարչապետին, դուրս էր քաղաքական քննարկման սահմաններից և ներառում էր անձնական բնույթի վիրավորանքներ վարչապետի և նրա ընտանիքի նկատմամբ, այդ թվում՝ վիրավորական մեկնաբանություններ նրանց արտաքին տեսքի վերաբերյալ։ Թեև դոկտոր Ֆարմանյանն իր հրապարակման մեջ ներառել էր համալսարանի կողմից սոցիալական մեդիայի հրապարակումների համար առաջարկվող հրաժարագիրը https://policies.aua.am/policy/191 («Այստեղ արտահայտված տեսակետները իմ անձնական տեսակետներն են և ոչ մի կերպ չեն արտահայտում Հայաստանի ամերիկյան համալսարանի տեսակետը»), այդպիսի բովանդակությունը հստակորեն դուրս է ՀԱՀ-ի «Քաղաքական և կրոնական գործունեության մասին» ներքին կանոնակարգի շրջանակից, և համալսարանը միանշանակ դատապարտում է այն՝ համարելով ոչ պատշաճ։
Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնասյունն է։ Իհարկե, ՀԱՀ-ը խրախուսում է դասախոսական կազմի բոլոր անդամներին հարգալից և պատշաճ կերպով արտահայտել իրենց քաղաքական կարծիքը՝ հստակ ընդգծելով, որ այդ տեսակետները ներկայացնում են բացառապես իրենց անձնական դիրքորոշումը և որևէ կերպ չեն արտացոլում համալսարանի կամ դրա ղեկավարության պաշտոնական տեսակետը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ յուրաքանչյուր կիսամյակ ՀԱՀ-ում դասավանդում է շուրջ 200 հրավիրյալ դասախոս, և համալսարանը պատասխանատվություն չի կարող կրել սոցիալական մեդիայում նրանց կողմից դրսևորվող վարքագծի համար»: