Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Մնում ենք մենք՝ առանց պետության, ուժեղացած Թուրքիան, հաբրգած Ադրբեջանը, խանդոտ Վրաստանն ու թուլացած Իրանը». Արթուր Դանիելյան

«Մնում ենք մենք՝ առանց պետության, ուժեղացած Թուրքիան, հաբրգած Ադրբեջանը, խանդոտ Վրաստանն ու թուլացած Իրանը». Արթուր Դանիելյան
210
Երեկ, 09:30

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միհրան Հակոբյանի երերկվա տեքստը մեծ առումով արտացոլում է այն շրջապտույտը, որում հայտնվել է հայ քաղաքական միտքը առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում: Անպտուղ շրջապտույտի հիմնական պատճառն էլ այն է, որ, բախվելով շատ արդար, բայց և, բնական է, դաժան իրականությանը, մենք, բարդ խնդիրներին լուծում փնտրելու փոխարեն, ընկնում ենք ցանկությունների գիրկն ու չենք նկատում՝ ինչպես են մեր ցանկությունները կլանում ու հոշոտում տրամաբանությունը:
Հակոբյանի տեքտը մոտավորապես երեք թեզ ուներ՝
1) ռուսները մեզ գցել են
2) մենք ենք մեղավոր, որ թույլ ենք տվել մեզ գցել
3) ռուսները վերադառնալու են:
Ու հենց այ էս եռաքայլ շղթայում միանգամից ի հայտ է գալիս հին ու բարի հայկական ռոմանտիզմը: Եթե առաջին երկու կետերի առումով կարելի է վիճել ձևակերպումների մասով, ապա երրորդն ուղղակի իղձ է, ցանկություն է, և ըստ էության իրականությունից փախուստի փորձ: Այդ իղձը կարելի է հազար ու մի պատմական դրվագով փորձել հիմնավորել, բայց դա միևնույն է մնալու է ցանկություն, լավագույն դեպքում խիստ սուբյեկտիվ կանխատեսում:
Ինչ վերաբերվում է գցելուն. կա մի ծեծված բանաձև, ըստ որի չկան հավերժ բարեկամներ կամ թշնամիներ: ՀՀ-ՌԴ հարաբերությունների դեպքում դա սակայն այդքան էլ տեղին չէ: Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե դադարել է լինել «բարեկամ» կամ ցանկալի դաշնակից, այլ ուղղակի Ռուսաստանը, իր շուրջ ստեղծված քաղաքական միջավայրում, չէր կարող իրեն թույլ տալ մնալ ՀՀ-ի դաշնակիցը: Ուկրաինական ճակատում կար լուրջ խնդիր: Մոսկվան հասկանում էր, որ բախումը Ուկրաինայում անխուսափելի է: Պետք էր բացառել երկրորդ ճակատը Կովկասում, հետևաբար Մոսկվան նախընտրեց դա անել՝ Հայաստանից աստիճանաբար դուրս գալով: Կուզեի՞ն ռուսները այստեղ մնալ, վստահ եմ՝ այո: Կարող էին արդյո՞ք, կարծում եմ՝ ոչ: Էմոցիոնալ աստառ տալու համար սա կարելի է իհարկե անվանել գցոցի, բայց լուրջ վերլուծության համար այդ ձևակերպումը խեղաթյուրիչ է հենց էմոցիոնալ լինելու պատճառով:
Նման էմոցիոնալ ձևակերպումները դրդում են մեզ սուբյեկտիվ ընկալել իրականությունը և թույլ չեն տալիս վերլուծել պատճառներն ու հնարավոր հակազդեցության քայլերը: Իմ կարծիքով Մոսկվան այս ծանր կացության մեջ էր հայտնվել դեռ 90-ականների վերջերից, երբ փաստացի Չեչնիայում խաղաղություն հաստատելու դիմաց թույլ տվեց արևմուտքին կառուցել Բաքու-Թբիլիս-Ջեյհանը և դրանից բխող ապագա ենթակառուցվածքները (հիշեցնեմ՝ չեչենական առաջին պատերազմը սկսվեց արցախյան առաջին պատերազմի ավարտից մի քանի շաբաթ անց գրոհայինների կողմից Բաքու-Նովորոսիյսկ նավթամուղի խաթարմամբ): Հետևաբար 2020-ին սկսված ռուսական նահանջը մեր տարածաշրջանում կարելի էր գոնե տեսականորեն խափանել հեռավոր 1999-2006 թվականներին: Դրանից հետո արդեն պռակտիկորեն անհնար էր:
Փաշինյանը անշուշտ էական դեր է ունեցել ռուսական ազդեցության նվազման սրընթացության վրա, բայց բուն պրոցեսը ոչ ինքն է մեկնարկել, ոչ էլ կարող էր նա դա կասեցնել: Այլ հարց է, որ ռուսական նահանջը դյուրացնելու համար նա ամեն ինչ արել է, որ հանձնվի Արցախը, և դա արվի մեզ՝ հայերիս համար ամենացավալի ու արյունալի տարբերակով ու արվել է դա զուտ Փաշինյանի նեղանձնական շահերից ելնելով: Հետևաբար ես չգիտեմ՝ կարո՞ղ էինք մենք արդյոք, կանխատեսելով այս զարգացումները, 90-ականներին միջոցներ ձեռնարկել ու այս աշխարհաքաղաքական տեկտոնիկ շարժերի դեմն առնել: Բայց կարծում եմ պարտավոր էինք 2018-ի հեղաշրջումը թույլ չտալ, քանի որ այդ պրոցեսում գլխավոր դերակատարը հայ ժողովուրդն էր: Այո, դրսից բոլորը շահագրգռված էին ու աշխատում էին, շատ էին աշխատում, լավ էին աշխատում, 30 տարի էին աշխատում: Աշխատում էին հայ ժողովրդի վրա, պառակտում, թմրեցնում, բթեցնում... իսկ մենք պարտավոր էինք դա թույլ չտալ: Կարելի է երկար բարակ քննարկել՝ կարո՞ղ էինք արդյոք մենք դա թույլ չտալ, սակայն փաստն այն է, որ ժողովուրդն էր կարևորագույն գործոնը:
Վերոհիշյալը հիմք ընդունելով՝ ես խիստ մշուշոտ եմ գնահատում ռուսական վերադարձը նախկին դիրքերի: Եթե Պետրոսը, Ալեքսանդրը կամ Ստալինը կարողացել են ինչ-որ բան անել, դա դեռ չի երաշխավորում, որ նույնը կարող են անել իրենց հետնորդները հարյուր տարի անց: Բոլոր վերոհիշյալները գործել են որոշակի նախադրյալների հիման վրա: Նախադրյալներ, որոնք հիմա չկան: Հիմա իրավիճակն այլ է: Պետք է խորը վերլուծել այս նոր իրավիճակը և գործել ըստ այդ սթափ, խորը ու օբյեկտիվ գնահատականի: Տվյալ պահին իրավիճակը հետևյալն է՝ Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի արագ դուրս է գալիս Կովկասից, ու, եթե այսպես շարունակվի դրանից հետո դուրս կգա Կենտրոնական Ասիայից ու աստված գիտի, թե ինչ կստանա դրա դիմաց Ուկրաինայում...
Ստեղ մնում ենք մենք առանց պետության, ուժեղացած Թուրքիան, հաբռգած Ադրբեջանը, խանդոտ Վրաստանը ու էականորեն թուլացած Իրանը»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան