ՀԷՑ-ի ժամնակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Գույք՝ պարտքի դիմաց» կամ «Պետության դիմակայունությունը կոտրելու» դասական հակապետական օպերացիա. 2002թ. նոյեմբերի 5-ին Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ (վերջինս այդ պահին ՀՀ Պաշտպանության նախարարն էր և ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի համանախագահը) ՀՀ և ՌԴ միջև կնքված Համաձայնագրով 1994-1998թթ. կուտակված մոտ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարևորագույն նշանակություն ունեցող էներգետիկ և գիտահետազոտական 5 օբյեկտներ՝ Հրազդանի ՋԷԿ՝ առանց 5-րդ բլոկի, Երևանի «Մարս» գործարան, «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ, «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն: Ըստ ստորագրված պայմանագրերի՝ ՌԴ-ն, դառնալով գույքերի նոր սեփականատեր, դրանց նկատմամբ ստանում էր տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը, ներառյալ դրա՝ երրորդ անձանց հետագա վաճառքի կամ փոխանցման իրավունքը։ Հրազդան ՋԷԿ-ը գնահատվեց ընդամենը 31 միլիոն դոլար և դարձավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի սեփականությունը: Պայմանագրով հայկական կողմը նաև Ռուսաստանին բացառիկ իրավունք տրամադրեց մինչև 2005թ. գնելու 5-րդ բլոկը, իսկ մինչ այդ պարտավորվում էր չվաճառել այն: Էլեկտրաէներգիան արտահանելու դեպքում ռուսական կողմն ազատվում էր արտահանման մաքսային տուրքից: 2017 թվականին ՋԷԿ-ը վաճառվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն գնահատվեց ընդամենը 3.37 միլիոն դոլար: «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրի, գնահատվեց ընդամենը 350 հազար դոլար: Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ) ՌԴ-ին որպես սեփականություն հանձնվեց՝ գնահատվելով ընդամենը 2.75 մլն դոլար: «Մարս» գործարանը գնահատվեց 56.29 միլիոն դոլար: 2013-ին ՀՀ կառավարության որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին՝ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ: «Սիտրոնիքսը» ռուսական «Սիստեմա» ընկերության դուստր կազմակերպությունն է: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը մայր կազմակերպության գործադիր տնօրենների ցանկում է: Բացի այդ, ՌԴ-ն՝ որպես սեփականատեր, ստացավ մաքսային արտոնություններ: Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները, ինչպես նաև հետագայում այդ օբյեկտները վերավաճառելու իրավունքը: Գույքի շուկայական գնահատումը և անկախ աուդիտորական ստուգումը կատարվեցին Հայաստանի Հանրապետության հաշվին: Հ.Գ.1. Այս Համաձայնագրով ռազմավարական կարևորության գույքերը հանձնելուց բացի, մյուս կողմին տրամադրվեցին նաև բազմաթիվ մաքսային արտոնություններ, արտահանումների մաքսատուրքերից ազատումներ, առանց իրավազոր պետության համաձայնության՝ ռազմավարական գույքը վերավաճառելու իրավունք, և վերջապես, հանձնվող գույքի շուկայական գնահատումն ու աուդիտն էլ իրականացվեցին ՀՀ հաշվին. ինչն իր հերթին եւս ենթադրում էր բազմաթիվ ածանցյալ բացասական էֆֆեկտներ և լրացուցիչ ծանրություն ՀՀ տնտեսության վրա։ Հ.Գ.2. Կից տվյալ Համաձայնագրի և «Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ հանձնման-ընդունման Ակտի առաջին և վերջին էջերն են։ Հ.Գ.3. Առաջարկում եմ այս ամբողջ նյութն ու մատնանշված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ևս մեկ անգամ դիտել ՀՀ քաղաքացի Ռ.Քոչարյանի՝ նախօրեին տված հարցազրույցն ու պատասխանել մի կարևոր հարցի՝ «ու՞մ շահերից է ապրում/գործում/ջանում շուրջ 10 տարի ՀՀ բարձրագույն պաշտոնն զբաղեցրած սույն անձը և ի՞նչ է ուզում վերջապես նա մեր Ժողովրդից…»։