Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

Մրցույթը չհաղթահարածը պաշտոնյա է դարձել, հիմա էլ բարեվարքություն է խախտում. «Ժողովուրդ»

Մրցույթը չհաղթահարածը պաշտոնյա է դարձել, հիմա էլ բարեվարքություն է խախտում. «Ժողովուրդ»
175
Այսօր, 09:24

«Ժողովուրդ»-ը գրում է. «Պետական առողջապահության գործակալության պետ Սամվել Խարազյանը այս տարվա հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը մի տարօրինակ գրառմամբ է հանդես եկել, որի առիթով հասարակական կազմակերպություններից մեկը դիմել է ԱՆ գլխավոր քարտուղարին՝ պահանջելով ծառայողական քննություն սկսել քաղծառայողի բարեվարքությունը ստուգելու պահանջով:
Պետական պաշտոնյան գրել է. «Բրիտանացի գիտնականները բացահայտել են նոր վիրուսային հիվանդության արագ մուտացվող տեսակ՝ տնօրենացավ կամ նույն ինքը ղեկավարացավ։
Չնայած թվում էր, թե դրա տարածումը կանխվել էր դեռ 2018թ-ի ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո, բայց արի ու տես, որ այն մուտացվել է և ի հայտ եկել նոր շտամներով։
Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է իր ողջ գործիքակազմը վիրուսի դեմն առնելու համար, հիմնականում որպես արդյունավետ միջոց են ծառայում հակաճիճվային դեղերը»:

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ պաշտոնյան «Գրառմամբ խախտել է քաղծառայողի բարեվարքության կանոնները: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ քաղծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցել ծառայողական քննություն՝ քաղծառայողի ծառայողական բարեվարքության և գործունեությանն առնչվող աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրության նպատակով»:

Կարճ ասած՝ պաշտոնյայի անհարիր վարքագիծը քննելու հարցը կախված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի բարեհաճությունից:

Հիշեցնենք, որ սա այն նույն Սամվել Խարազյանն է, որը, ըստ «Հրապարակի», եղել է նախարար Անահիտ Ավանեսյանի՝ ՊԱԳ-ի նոր տնօրենի թեկնածուն և չի կարողացել հաղթահարել Պետական առողջապահական գործակալության տնօրենի համար հայտարարված մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը: Այն, ի դեպ, կազմված է եղել մրցույթի մասնակիցներին նախօրոք տրամադրվող և հիմնականում առողջապահությանը վերաբերող իրավական ակտերի մասին հարցերից։

Հիշեցնենք նաև, որ 2016 թվականին Խարազյանն ազատվել է աշխատանքից կոռուպցիոն սկանդալի հետևանքով։ Ի թիվս այլ պաշտոնյաների՝ նա մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար՝ անվճար հատկացվող առողջարանային բուժօգնության ուղեգրերը կեղծելու գործով։ Քրեական գործը, սակայն, քննությունից հետո կարճվել է»։