«ԱՄՆ-ն սկսելու է ճնշում գործադրել 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցում»․ Հայկ Այվազյան
139
Այսօր, 09:48
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ իմաստ ունի այսպես կոչված ամերիկյան միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմել Ռուսաստանի դեմ ուրիշների ձեռքերով։ Եվրոպական ուղղությամբ նրանք այդ քայլին դրդեցին ուկրաինացիներին։ Հարավային Կովկասի ուղղությամբ ԱՄՆ-ն այդ դերի համար պատրաստում էր Վրաստանին, սակայն այս պահի դրությամբ Վրաստանին հաջողվեց խուսափել դրանից։ Հայաստանը, ինքնին, չի կարող դիտվել որպես Ռուսաստանի դեմ հարավային ճակատ բացելու առաջատար երկիր՝ փոքր տարածքի և Ռուսաստանի հետ ուղղակի սահմանի բացակայության պատճառով։ Հետևաբար, եթե Վրաստանի հետ չի ստացվում, մնում է միայն Ադրբեջանը։ Բայց որպեսզի Ադրբեջանին մղեն այդ ուղղությամբ մղեն, նախ անհրաժեշտ է դուրս բերել Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացից։ Հենց այդ ուղղությամբ էլ ԱՄՆ-ն ներկայումս ակտիվ աշխատում է։ Եվ քանի որ ԱՄՆ-ն պատրաստում է Ադրբեջանին պատերազմի Ռուսաստանի դեմ, ապա ըստ ժանրի կանոնների, այդ պատերազմում ինչ-որ մեկը պետք է կատարի «թնդանոթի մսի» դեր։ Այդ դերի համար ԱՄՆ-ն պատրաստում է հայերին։ Սա կլինի Ադրբեջանի պահանջներից մեկը։ Ահա թե ինչու հայկական բանակը ներկայումս բերվում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան։ Սակայն Ռուսաստանի միջնորդությունից բացի կա ևս մեկ խոչընդոտ, որը խանգարում է ԱՄՆ ծրագրերի իրականացմանը։ Դա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան է։ Այս ամենից հետևում է, որ առաջիկայում Հայաստանում կակտիվանա արշավ՝ ռուսական բազան դուրս բերելու պահանջով։ ԱՄՆ-ն սկսելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա այս հարցում։ Այժմ հասկանալի է, թե ինչու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի համար իրական «փրկօղակ» է։ Եվ խոսքը ոչ միայն փաստաթղթի ձևակերպումների մասին է, այլ այն բանի, որ այդ փաստաթղթով պահպանվում էր Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իսկ որքան շատ է Ռուսաստանի միջնորդությունը Հարավային Կովկասում, այնքան քիչ է հավանականությունը, որ այդ ուղղությամբ կբացվի երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ, որտեղ հայերին նախապատրաստում են որպես «թնդանոթի միս» ռուս-ադրբեջանական ճակատում։ Ահա նման ծրագրեր են մշակվում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից մեր տարածաշրջանում։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ ծրագրերը կիրականան։ Ահա թե ինչու Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հաճախ է հիշեցնում Թրամփին Ռուսաստանի ռազմավարական միջուկային զենքի մասին»։