«Որպեսզի ՀՀ-ն նոր աշխարհի ձևավորվման ընթացքում չվերանա, անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա»․ Արա Արայան
49
Այսօր, 02:06
Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջանցքների և ամերիկյան բլեֆի մասին: 2023 թվականի սեպտեմբերին Նյու Դելիում տեղի ունեցող G-20 համաժողովի ժամանակ Ջո Բայդենը գլոբալ տրանսպորտային միջանցքի մասին սենսացիոն հայտարարություն արեց: Այդ միջանցքը, հատելով ծովերն ու ցամաքը, Հնդկաստանից, Արաբական Էմիրություններով, Սաուդյան Արաբիայով և Իսրայելով պետք է հասներ Եվրոպա (India - Middle East - Europe Economic Corridor / IMEC): Այդ կապակցությամբ ստորագրվեց հուշագիր: Այս ծրագրի մասին ավելի շուտ, մինչև Բայդենի հայտարարությունը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել էր Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Տվյալ մեգանախագծի նպատակը, իբր չինական «Մեկ գոտի մեկ ուղի» ծրագրին հակադզելն էր: Իսրայելի և Ծոցի արաբական երկրների միջև Աբրահամյան համաձայնագիր կնքելը, նաև այս տրանսպորտային մեգապրոյեկտով էր հիմնավորվում ու խրախուսվում: Հարց, այդ ի սկզբանե ծիծաղելի նախագիծը կյանքի կոչվե՞ց, հուշագրից բացի որևէ քայլ կատարվե՞լ է: Իհարկե ոչ, այսօր այդ ծրագրի մասին ոչ ոք չի հիշում: Այսօր Հնդկաստանն ու ԱՄՆ-ն արդեն հակառակորդներ են, վարչապետ Մոդին չի ընդունում ռուսական նավթից հրաժարվելու Թրամփի պահանջը: Ավելին, մի քանի օրից, վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ Հնդկաստանի վարչապետը պետք է այցելի Չինաստան, որպեսզի հանդիպի Սի Ձին Պինի հետ: Հնդկաստան-Չինաստան հակամարտությունը դեռ վաղուց պարբերաբար սրել են Բրիտանիան, հետո ԱՄՆ-ն: Երբ ասում եմ, որ Զանգեզուրի միջանցքը բլեֆ է, շատ քչերն են համաձայնվում՝ հիմնվելով զանազան գովազդային հայտարարությունների վրա: ՀՀ Կառավարությունը «Զանգեզուրի միջանցքին» հակադրելով «Խաչմերուկի» ծրագիրը, փաստացի լեգիտիմացրել և արժևորել է Զանգեզուրի միջանցքի հակահայկական բլեֆը, որն ունի հեռու գնացող նպատակներ և մեծ լոգիստիկական ծրագիր դառնալու ոչ մի պոտենցիալ չունի, դա անհնար է: Ցանկացած տնտեսական ծրագիր ունի իր արժեքը և դա կախված է ծրագրի շահութաբերության չափերից: Չկա շահույթ, չկա ծրագիր: Չպետք է մոռանալ հեղինակություն ասվածի մասին: Թե՛ մարդու, թե՛ պետության հեղինակությունը կարևորագույն հանգամանքներ են: Ստախոսի համբավը վանող է, խաբեբաներին չեն վստահում, նրանք վաղ թե ուշ պարտվում են: Ամերիկայի հաջողության 50 տոկոսը, այդ երկրի նկատմամբ հարգանքն ու հավատն էր, որը օր-օրի հօդս է ցնդում: Երկու տարի առաջ Ամերիկան մի բան էր ասում ու անում, այսօր բոլորովին այլ: Դեմոկրատիայի մասին լոզունգների ներքո բազմաթիվ պետություններ ավերվեցին, բազմաթիվ ժողովուրդներ աչքները ջուր կտրած սպասում էին այդ բաղձալի դեմոկրատիային, բայց դեմոկրատիայի փոխարեն Ամերիկայից ստացան Թրամփոկրատիա, որը պատրաստ է համագործակցել ցանկացած դիկտատորի հետ, աչք է փակում ցանկացած միջազգային հանցագործության վրա, հանդես է գալիս ոչ թե թիվ մեկ գերտերություն, այլ սպառման շուկա, որտեղ գլխավոր արժեքը մաքսատան դրույքաչափերն են: Նոր աշխարհ է ձևավորվում և որպեսզի փոքրիկ Հայաստանը այս բարդ ցնցումների ընթացքում չվերանա, անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա, օր ու գիշեր աշխատանք: Պետք է պետություն դառնալ, այսօրվա Հայաստանը պետություն չէ, մեր հասարակության արժեհամակարգը քուչի մակարդակից չի բարձրանում, ինչը համարժեք է պետության մակարդակին: Սին հույսերով ու ինքնախաբեյությամբ ապրել չի կարելի: Եվ լավ հիշեք, Զանգեզուրի միջանցքի ու Սյունիքի վրա մեզ կենտրոնացնելով՝ խփելու են բոլորովին այլ ուղղությունից...»։