«Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի հարցը շատ փոքր հարցեր են հակառակվելու կամ ընդհանուր շահեր չգտնելու առումով». Հայկ Դեմոյան
188
Երեկ, 21:36
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՉՏԵՍՆՈՂՆԵՐՆ ՈՒ ՉՏԵՍՆԵՐԸ Կարդում եմ հայ քաղաքական ու քաղաքագիտական մտքի տիտանների վերլուծություններն ու դատողությունները սպասվող զարգացումների վերաբերյալ ու մոտս մեծ ցանկություն է առաջանում, որ իրենք, որպես դաժան պատիժ՝ հաջորդ կյանքում էլի դառնան քաղաքագետներ ու քաղտեխնոլոգներ: Սիրում են, չէ՞ մեր լրատվամիջոցվերն այս կամ այն համալսարանի կամ քոլեջի դասախոսների ինքնությունները հատուկ կերպով շեշտադրելով որևէ մեկին եթեր հրավիրել, նրանց խոսքին ու կերպարին լրջություն տալու համար: Ինչեր ասես, որ չես կարդում լրահոսում ու անկախ քեզանից ուղեղի ճողվածք ես ստանում. մեկ անգլիացիք են սաղ մեղավոր, թունելի միջով են աշխատում ու դրա պատճառով տեսանելի չեն, մեկ Նիկոլը հանձնում է ամեն ինչ Արևմուտքին ու վերջ դնում ռուսական ներկայությանը, մեկ պարսիկներն են մեզ վերջը տիրություն անելու ու այս ու այլ մտքերի խորդանոցում որևէ ճիգ չի գործադրվում հասկանալու համար, որ մերօրյա աշխարհում փոխկապակցվածության աստիճանն ու մակարդակներն անքան խորն են, որքան անտեսանելի են: Ամեն օր մոլեր, տոնավաճառներ ու ֆեստիվառ գնացող համաշխարհային սպառող զանգվածի համար են հորինվել «պատժամիջոցներ» կամ «սանկցիաներ» կոչվածը, քանի որ համաշխարհային պլեբսը ուտելու ու իր սահմանափակ աշխարհընկալման ծիրում դա ավելի ընդունելի կհամարի հասկանալու համար: Իրականում ահռելի ասեմ, դուք ավելին պատկերացրեք, այո, ահռելի մեծ գումարներով, որոնք ռուսական ծագում ունեն, վաղուց սերտաճել են ռուսական շահերն ու արևմտյան, այդ թվում ամերիկյան որոշում կայացնողների (decision makers) շահերը: Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում, պետք է հասկանաք այդ անասելի մեծ գումարների չերևացող շրջանառության համատեքստում: Իսկ դա շատ մեծ քաղաքականություն է, որտեղ հազարների ու տաս հազարների կյանքն ու շահը գին չունի: Այդ սերտաճումն ու շահերի համընկումը 2018 թվականի գարնանը Երևանի կենտրոնում «թավշյա հեղափոխություն» ցնգեց ու հետո այն անվանվեց «անհաղթահարելի ուժ», որովհետև սերտաճման ներկայացուցիչները մինչ այդ արդեն Երևանում էին ու ոչ մեկ մեզ չզգուշացրեց սպասվող վտանգների մասին: Սցենարը պատրաստ էր, մնում էր իրագործել: Հիշո՞ւմ եք հավաքական Արևումտքի՝ 44 օր տևած քար լռությունը: Իսկ նոյեմբերի 10-ին հիշում եք, թե ո՞վ ասեց, որ Ղարաբաղի հարցը լուծված է արդեն: Վաշինգթոնում ինչ փաստաթուղթ էլ որ ստորագրվի, միևնույն է, այն ազդարարելու է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հերթական զոհաբերումը մարդակերությանն ու ավտորիտարիզմին: Այդ փաստաթղթով Ադրբեջանին չի պարտադրվի հայերի վերադարձի ու անվտանգության ապահովման և ոչ մի կետ: Այն կստորագրվի ու կիրականացվի կամ չի իրականացվի Ռուսաստանի համաձայնությամբ, ընկերներ: Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի հարցը, շատ փոքր հարցեր են հակառակվելու կամ ընդհանուր շահեր չգտնելու առումով: Վաշինգթոնյան «նոյեմբեր 9»-ը իր տրամաբանությամբ նույնն է լինելու ինչ ռուսականը, միայն մի տարբերությամբ, որ ռուսականի մեջ ձևի ու ձևականության համար «Ղարաբաղ», «Լաչինի միջանցք», «անվտանգության ապահովում» բառեր կային... Ազգս էդպես էլ չհասկացավ, որ իրեն զբաղեցնելու համար էր «հեծանիվ շոուն», մինչ սերտաճած մեծերը վերջին ճշգրտումները կանեն ու դրանք կիրառման կպարտադրեն»: