«ԱՄՆ-ի համար կարևոր է նոր հակակշիռ ստեղծել՝ ընդդեմ ՌԴ-ի և Իրանի»․ Նաիրի Հոխիկյան
147
Այսօր, 12:12
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ում սպասվող եռակողմ հանդիպման ու հնարավոր փաստաթղթերի ստորագրման մասին ամենատարբեր վերլուծություններ ու կանխատեսումներ են արվում, որոնց մեծ մասի աղբյուրը ադրբեջանցի լրագրող է։ Ես խուսափում եմ խոսել Վաշինգտոնում Թրամփի, Փաշինյանի ու Ալիևի հանդիպման օրակարգի մասին, քանի որ ձեռքիս տակ չունեմ որևէ վստահելի աղբյուրի տեղեկություն։ Իսկ օդում կրակոց երբեք չեմ անի։ Իհարկե, որևէ լավ սպասելիք չկա ամերիկյան հանդիպումից՝ հաշվի առնելով, որ այդ երեք ղեկավարներն էլ (Թրամփ, Փաշինյան, Ալիև) որևէ կապ չունեն հայկական շահի առաջ մղման հետ։ Միաժամանակ կարծում եմ, որ կան մի քանի գործոններ. 1. Ադրբեջանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն շտապում են որևէ փաստաթուղթ պարտադրել Հայաստանին, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է։ Եթե 2026-ին Նիկոլը վերարտադրվի, իրենք կշարունակեն պայմանավորվածությունները, եթե ոչ, ապա փաստաթուղթը դեմ կտան նոր իշխանություններին։ 2. ԱՄՆ -ի համար անչափ կարևոր է մեր տարածաշրջանում նոր հակակշիռ ստեղծել ընդդեմ Ռուսաստանի և Իրանի, և Սյունիքի առևտուրը այդ առումով լավագույն միջոցն է։ Չմոռանանք, որ հնարավոր միջանցքի կողքին է Իրանի սահմանը, իսկ այդ սահմանին կանգնած են Ռուսաստանի զորքերը։ Ստացվում է՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատում մի քանի մետրի վրա։ 3. Այն, ինչ ԱՄՆ-ին չհաջողվեց Վրաստանում, փորձում են անել Հայաստանում։ Այսինքն՝ քանդել երկրի ամբողջ իմունային համակարգը և դարձնել բանանային հանրապետություն՝ Թուրքիայի ժանդարմերիայի տակ։ Նիկոլ Փաշինյանը համաձայն է դրան, միայն թե ինքը մնա իշխանություն։ Թեկուզ ձևական իշխանություն։ 4. Ադրբեջանը, լավ հասկանալով, որ հնարավոր չէ արագ տեմպերով փոխել, վերացնել Հայաստանի Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը, կարծես անցնում է այլ մարտավարության։ Հիմա Նիկոլին տալիս է «խաղաղության» թուղթը՝ որպես առաջիկա ընտրությունների գլխավոր քարոզչություն, իսկ եթե 2026-ին Նիկոլը վերարտադրվի, կշարունակի պահանջել ու այդ դեպքում հաստատ կհասնի Սահմանադրության վերացման՝ այդկերպ փակելով Արցախի անկախության հարցը։
Արցախի հարցը այս պահին դեռևս փակված չէ, ինչը լավ են հասկանում նաև Ադրբեջանում։ 5. Նիկոլ Փաշինյանը այլևս հույս չունի, թե ընտրություններով ինքը կկարողանա ժողովրդի վստահություն ստանալ, ուստի բացահայտ անցնում է արտաքին ուժերի, հատկապես ԱՄՆ -ի, Թուրքիայի, Ադրբեջանի բլոկ՝ նրանց միջոցով իշխանությունը պահելու և այդկերպ փաստացի թուրքական բռնապետություն ունենալու համար։ Ժամանակին Վրաստանում Սաակաշվիլին էլ այդ ճանապարհով գնաց, բայց հիմա նա բանտում փտում է, իսկ ԱՄՆ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը որևէ կերպ տեր չեն կանգնում նրան։ Սպասենք Վաշինգտոնի հայտարարություններին, որոնք, կարծում եմ, սոսկ արարողակարգային բնույթ են կրելու, և ոչ մի իրավական փաստաթուղթ չի ստորագրվի, այլ կլինեն լոկ հուշագրեր։ Տեսնենք»։