«Կտրուկ մեծանում է թուրքական էքսպանսիայի հավանականությունը և ազդեցությունը ՀՀ-ի վրա»․ Վահե Հովհաննիսյան
39
Այսօր, 16:48
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաշինգտոնում՝ երեկ, Հայաստանում՝ վաղը Ինչ կատարվեց երեկ և ինչ է պետք անել. այս հարցերին ճիշտ պատասխանելու համար պետք է մեր մտածողության հորիզոնը լինի ավելին, քան՝ Նիկոլի թեման։ Նրա վրա սևեռվելը հիմա խանգարելու է ճիշտ հասկանալ նոր իրականությունը։ Ըստ այդմ. 1. Թրամփի TRIPP-ի իմպլեմենտացիան լինելու է շատ դժվար և երկարատև պրոցես, մեծ է հավանականությունը, որ այն ընդհանրապես չլինի, բայց սա արդեն երկսայր իրավիճակ է, որովհետև Ադրբեջանն օգտվելու է թե՛ իրականացման, թե՛ տապալման սցենարներից։ 2. Ալիևը մինչև վերջ պնդելու է միջանցքային տրամաբանությունը. ճանապարհներին՝ ոչ մի հայ, ոչ մի սահմանապահ և այլն, և դա չստանալը ռազմական ներխուժման համար “լեգիտիմ” իրավունք է համարելու։ 3. Ալիևը ստացավ նոր դիրքային առավելություն՝ լուծարել Մինսկի խումբը, ֆիքսել անխոչընդոտ ճանապարհը միջազգային փաստաթղթով։ 4. Ալիևը պնդելու է իր բոլոր նախապայմանների վրա՝ ադրբեջանցիների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն և այլն։ 5. Ադրբեջանը Հայաստանի համար չի բացելու իր ճանապարհները, շարունակելու է շրջափակումը, չի տալու գործող, իրական կոմունիկացիաներ։ 6. Ադրբեջանը չի լքելու ՀՀ տարածքը, այդ թվում՝ Ջերմուկի վրա նստած դիրքերը։ 7. Միառժամանակ էապես դժվարանում է արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության թեման։ 8. Նիկոլը կարող է գնալ արագ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ լավ հասկանում է, որ այս թղթային «էյֆորիան» երկար կյանք չի ունենալու։ 9. Շատ կարևոր է ընդդիմադիր, համակարգաստեղծ ուժերի ճիշտ դիրքորոշումը և ճիշտ հռետորաբանությունը՝ այսօրվանից սկսած (վստահաբար՝ համակարգաստեղծ ուժերը երկուսից ավելին են լինելու)։ Ըստ այդմ. ա. Անհրաժեշտ է ողջունել Միացյալ Նահանգների և նրա նախագահի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում։ բ. Ֆիքսել նոր ձևավորվող մարտահրավերները և ԱՄՆ բարի ցանկությունների Չիրականացման ռիսկերը։ գ. Պատրաստակամություն հայտնել՝ շարունակելու աշխատանքները խաղաղության և կայունության գործում, այդ թվում՝ Վաշինգտոնում ֆիքսված մոտեցումները հաշվի առնելով։ 10. Համակարգաստեղծ ընդդիմադիր ուժերը պետք է հրապարակայնորեն արձանագրեն մտահոգությունն առ այն, որ Նիկոլը չի պահելու նաև վաշինգտոնյան պայմանավորվածությունները, որ սա նրա համար միայն նախընտրական մանևրի պրոցես է, այնպես, ինչպես նա արել է նոյեմբերի 9-ի հայտարարության պարագայում։ Այստեղ կարևոր է արձանագրել նաև, որ Նիկոլն ունի հանրային վստահության պատմական ամենացածր վարկանիշը և չի կարող վստահելի համարվել ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրսում։ 11. Պայմանավորվածությունների պահպանման և ռեգիոնում իրական խաղաղության համար Հայաստանում պետք են նոր իշխանություններ, որոնք կունենան իրական մանդատ՝ ներքին համերաշխության պայմաններում գնալու բարդ լուծումների։ 12. Տարածաշրջանում ստեղծվող նոր իրականության պայմաններում կտրուկ մեծանում է թուրքական էքսպանսիայի հավանականությունը և աճում է նրա ազդեցությունը Հայաստանի վրա։ Դա մենք զգալու ենք ներքին տնտեսական կյանքում, ներքին քաղաքական կյանքում, ընդհուպ մինչև կենցաղ»։