«Վաշինգթոնում ստորագրված հայտարարությունը հարված է Հայաստանի ինքնիշխանությանը»․ ՀՅԴ
55
Այսօր, 17:30
«ՀՅԴ Հայաստան» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՅԴ բյուրոյի ֆեյսբուքյան հայտարարությունը․ ««2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան համատեղ հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը, այլև հարված է Հայաստանի ինքնիշխանությանը։ ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականությունն ու անհավասարակշիռ որոշումները ընդունվել են գաղտնիության պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հավաքական իրավունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կասկածի տակ դնելով ՀՀ պետականության գոյությունը։ Շարունակական կեղծիքների, սուտ խոստումների և ամբոխավարության քողի ներքո ոտնատակ են տրվել Հայաստանն ու հայ ժողովրդի շահերը։ ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած ապազգային և անհեռանկար քաղաքականության արտացոլանք հանդիսացող, իր էությամբ հակապետական հայտարարությունը մեկ նպատակադրում ունի՝ ի գին ՀՀ իրավունքների՝ օտար շահեր սպասարկող ՀՀ իշխող վարչակազմի վերարտադրություն՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ։ Ադրբեջանի շարունակական նախապայմանների, արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունների, Արցախի էթնիկ զտման և ամբողջական հայաթափման, ՀՀ տարածքների բռնազավթման, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների և արցախահայության վերադարձի իրավունքի ոտնահարման և հանուն շահի այս ամենի վրա մեծ տերությունների աչք փակելու պայմաններում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը ոչ միայն իրատեսական չէ, այլև՝ բնույթով կապիտուլյացիոն։ Ըստ այդմ․ • Հայտարարում ենք, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ և միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ-ն, որպես այս խնդրի կարգավորման միջազգային օրինական մանդատ ունեցող միակ հարթակ՝ պարտավոր են գործել այն հանգուցալուծելու ուղղությամբ։ • Ընդգծում ենք, որ ստորագրված հայտարարությունը, ըստ էության, օրինականացնում է միջանցքի գաղափարը և ուղղված է բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանը։ • Հաստատում ենք, որ ցանկացած անվամբ և կարգավիճակով՝ Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության տարածքով «անխոչընդոտ հաղորդակցություն» տրամադրելը, իրականում «թուրանական միջանցք»-ի իրացում է և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում։ • Պահանջում ենք՝ ՀՀ տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում, Արցախի ռազմաքաղաքական պատանդների անհապաղ ազատ արձակում, Արցախի հայության հավաքական, անվտանգ, երաշխավորված և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծում։ • Համոզված ենք, որ ռազմական գործողությունների և ցեղասպանական հանցագործությունների արդյունքում ձևավորված ստատուս քվոն չի կարող հանգեցնել կայուն խաղաղության։ ՀՅ Դաշնակցությունը հավատարիմ է մնում ժողովրդավարության, արդարության և արժանապատիվ խաղաղության հաստատման միջազգային սկզբունքներին։ ՀՅԴ Բյուրո 08 օգոստոս, 2025 թ․»։