««Թրամփի երթուղին» հանգեցնելու է հայ-ռուսական ու հայ-իրանական էներգատրանսպորտային կապերի խզմանը». Վահե Դավթյան
147
Այսօր, 18:18
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումըւ. ««Թրամփի երթուղու» էներգետիկ չափումը «Թրամփի երթուղին» ունի նաև շատ հստակ էներգետիկ արտահայտում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայ-ռուսական ու հայ-իրանական էներգատրանսպորտային կապերի խզմանը: Երկու դիտարկում՝ 1. «Զանգեզուրյան/Թրամփի միջանցքը» ծառայելու է որպես գազի արտահանման երթուղի՝ «Անդրկասպյան գազամուղ» նախագծի ռեանիմացման հեռանկարով: «Միջանցքով» կարող է իրականացվել գազի մատակարարում Հայաստան՝ սցենար, որին արդեն մոտ 2 տարի է քպ-ական իշխանությունները պատրաստում են հանրությանը՝ հայտարարելով Ադրբեջանից բնական գազի ներկրման պատրաստակամության մասին: Ադրբեջանի գազային էքսպանսիայի սպասարկման համար վաղ թե ուշ բարձրացվելու է ռուսական «Գազպրոմին» պատկանող Հայաստանի գազատրանսպորտային համակարգի «պետականացման» հարցը: Միաժամանակ, մշուշոտ է դառնում նաև Իրան-Հայաստան գազամուղի ապագան: Վերջինիս շահագործումը ուղիղ հակասելու է Բաքվի գազային էքսպանսիայի ռազմավարությանը: 2. Հարվածի տակ է հայնտվում Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը: Այստեղ առկա է մի քանի բաղադրիչ: Նախ՝ Բաքուն ու Անկարան բազմիցս են հայտարարել, որ «միջանցքը» ծառայելու է նաև որպես էլեկտրաէներգիայի արտահանման երթուղի, որը կարող է ինտեգրվել նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգին: Փաստացի խոսք է գնում Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիայի մատակարարման մասին, ինչը ռազմավարական առումով բացարձակ անհեթեթություն է՝ հաշվի առնելով Հայաստանում առկա էլեկտրաէներգետիկ հզորություններն ու արտադրական պոտենցիալը: Հենց այստեղ է, որ պետք է անդրադառնանք հարցի երկրորդ բաղադրիչին՝ ԱԷԿ-ին: Վերջինս, ավանդաբար գտնվելով թուրք-ադրբեջանական դիվանագիտական ու ինֆորմացիոն հարվածների տակ, այսօր վերածվել է հայտարարված հայ-ամերիկյան էներգետիկ մերձեցման խոչընդոտի: Փաստացի Հայաստանում վերջին տարիներին առաջ մղվող ամերիկյան էքսպերիմենտալ մոդուլային ռեակտորի նախագիծը կարող է առաջիկայում տրամաբանական հանգուցալուծում ստանալ՝ դուրս մղելով «Ռոսատոմը» Հայաստանի «խաղաղ ատոմի» տիրույթից: Դա, իր հերթին, կնշանակի Հայաստանի էներգետիկ ու, հետևաբար, արդյունաբերական պոտենցիալի վերջնական մսխում: «Հայատանի էլեկտրական ցանցերի» շուրջ ծավալվող գործընթացները առավել քան տեղավորվում են այս ռազմավարության մեջ: Էլեկտրաէներգետիկ այսպիսի ճարտարապետությունը թույլ կտա Բաքվին ու Անկարային վերջնականապես դուրս մղել Հայաստանը «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքից (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան)՝ վերածելով մեզ էլեկտրաէներգիայի սովորական նետտո-ներկրողի»: