Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Հայաստանին քաղաքական նոր ուժ է հարկավոր». Գոռ Գևորգյան

«Հայաստանին քաղաքական նոր ուժ է հարկավոր». Գոռ Գևորգյան
182
Այսօր, 15:06

ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «1978-2025 թթ. ընթացքում, ԱՄՆ-ը երկրորդ անգամ մեր մակրոտարածաշրջանում աշխարհաքաղաքական նշանակության խաղաղության (մեր դեպքում դեռ պայմանական) նախագիծ է սատարում. առաջին դեպքում «քեմփ-դևիդյան» գործընթացն էր, որն հաջողությամբ հասցվեց իր տրամաբանական ավարտին, իսկ ներկայումս էլ՝ հայ-ադրբեջանականն (այսուհետ «վաշինգթոնյան փաստաթղթեր»), որը դեռ պետք է հասցվի ավարտին:
Ինչո՞ւ աշխարհաքաղաքական նշանակության.
ա) քեմփ-դևիդյան գործընթացի գլոբալ նպատակն էր արաբական աշխարհում ԽՍՀՄ դիրքերի թուլացումը, իսկ Եգիպոսը՝ արաբական երկրների շարքում, պաշտոնական Մոսկվայի ամենաազդեցիկ դաշնակիցներից էր,
բ) «Զանգեզուրի միջանցքը»՝ Տրանսկասպիական երթուղիների փոքր, բայց անչափ կարևոր բաղկացուցիչ է, նրա շահագործումը կամ բացումը այսպես կոչված «Մեծ Խաղից» դուրս է թողնում Ռուսաստանին և Իրանին, ավելին՝ մեծ հաշվով էական ռիսկեր առաջացնում նաև երկու երկրների անվտանգային միջավայրի համար: Այս ամենից առավել, թիրախավորվում է նաև Չինաստանը, որը տարիներ շարունակ իրանական նավթի հիմնական սպառողն է և ԱՄՆ-ի համար «աշխարհաքաղաքական քուլիսների» հետևում կանգնած ծանրակշիռ մրցակից: Չինական հսկա տնտեսության համար էներգակիր աղբյուրները՝ շնչառական խողովակներ են: Այս ամենին գումարվում է նաև ոչ պակաս կարևոր գործոն հանդիսացող «Մեծ Թուրան» ծրագրի կյանքի կոչելու հանգամանքը:
Այսպիսով, «վաշինգտոնյան փաստաթղթեր»-ի թերևս ամենակենտրոնական տեղը զբաղեցրեց «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ եռակողմ համաձայնության ձեռքբերումը: Եգիպտա-իսրայելական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները, պատմական իրողությունների տեսանկյունից բնականաբար շատ տարբեր են, սակայն, որպես ԱՄՆ-ի հովանու ներքո խաղաղությանը միտված (մեր դեպքում պայմանական) և միևնույն ժամանակ աշխարհաքաղաքական նախաձեռնություններ, ունեն որոշակի առանձնահատկություններ և տարբերություններ. ժամանակագրական, աշխարհաքաղաքական, իրավիճակային, մասշտաբային, անհատականություն-կերպարների առումով և այլն:
«Քեմփ-դևիդյան» գործընթացն պաշտոնական Կահիրեի համար իրական խաղաղության մասին էր, որտեղ Եգիպտոսն Իսրայելի հետ իրավահավասար կողմ էր՝ իր սեփական օրակարգով և դեռ ավելին:
Ավաղ, մեր դեպքում ակնհայտ է, որ այս պահի դրությամբ, համաձայն «վաշինգթոնյան փաստաթղթերի», ադրբեջանական կողմը մի շարք կարևոր հարցերի առնչությամբ արդեն իսկ շահեկան կարգավիճակում է (կետերի մասին անցած օրերին արդեն իսկ քանիցս գրվել է), ավելին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ համաձայնության նվաճումը՝ դարձավ թուրքական դարավոր երազանքի առհավատչյան, այսպես ասած «Մեծ Թուրանի սեզամը», որն անկախ իր տնտեսական շահութաբերության ցուցանիշներից՝ հայկական կողմի համար կարող է դառնալ աշխարհաքաղաքական թակարդ:
Տրանսկասպիական երթուղիների «աշխարհաքաղաքական փազլի» մաս կազմող «Զանգեզուրի միջանցքը» և Սյունիքը եղել են ու կան հայկական պետության էքզիստենցիալ անվտանգության «Աքիլեսյան գարշապարը». սա պատմական փաստ է:
Ավելին, մեծ է հավանականություն կա, որ հենց «Զանգեզուրի միջանցքի» շահագործման օրակարգի շուրջ Հայաստանը, հետզհետե կարող է ներքաշվել տարածաշրջանային որակապես նոր՝ կատաղի մրցապայքարի մեջ: Մոլորություն է չհիշել, որ Ռուսաստանը և Իրանը շարունակում են մաս կազմել Հարավային Կովկասի ուժերի հարաբերակցությանը. պայմանական լռությունը դեռ բացակայության՝ ցուցիչ չէ:
Հետևաբար, Հայաստանի համար «վաշինգտոնյան փաստաթղթերի» իրագործման գործընթացը պետք է դեռ ժամանակի փորձության միջով անցնի. եթե ԱՄՆ-ը ստանձնել է խաղաղության սույն գործընթացը, ապա առաջին նախապայմանը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխավորության մասին հայտարարությունը:
Այս առումով ԱՄՆ-ին մինչ օրս հաջողվել է երաշխավորել Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղությունն, այնպես որ Թրամփը այս մասով, և ոչ միայն, դեռ անելիք ունի:
Ի դեպ 2020թ. նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության 9-րդ կետն էլ չեղարկված չէ և մնացել է օդում դեռ առկախված: Ինչև է:
Երեկվանը՝ արդեն պատմություն է, այսօր Հայաստանն այլևս նոր իրողություններ է շեմել, իսկ վաղվա օրն՝ արդեն թակում է մեր դուռը: Վայնասունի և ընկրկելու ժամանակ չկա:
Հայաստանին քաղաքական նոր ուժ է հարկավոր, որակապես նոր գործընթաց. դա դեռ երեկվա օրվա ուշացած հրամայականն է. այն պետք է կարողանա վերաիմաստավորել արդի իրողությունները, վերագնահատել Հայաստանի շահերի առաջնահերթությունը և փորձի հասնել իրական խաղաղության՝ հենվելով մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման գրավականի վրա:
Հ.գ. եթե խաղաղությունն իրական է՝ այն այլընտրանք չունի որև է պետության համար»:

Աղբյուրը`   Գոռ Գևորգյան