«Հայաստանն ամենևին դատապարտված չէ վերջնական պարտության»․ Արա Այվազյան
![]() 191 Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 12:48 «Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը․ Արցախը՝ կայսերական մտածողության զոհ 2023 թվականին Արցախի անկումն ավելի լայն և վտանգավոր հետևանքներ է ունեցել, քան պարզապես տարածքային փոփոխություն։ Մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանումը բացահայտեց ամբողջ տարածաշրջանի ռազմավարական խոցելիությունը։ Այս «հանգուցալուծումից» հետո տարածաշրջանում սկսեցին ավելի ակտիվ դեր ստանձնել արտաքին ուժերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը՝ յուրաքանչյուրն իր «պատմական ազդեցության գոտին» վերականգնելու մտադրությամբ՝ ոչ թե որպես խաղաղարար, այլ որպես շահառու կողմ։ Ղարաբաղի անկման հետևանքով առաջացած վակուումն առաջ բերեց կայսերական մտածելակերպի վերածնունդը։ Այդ տերությունները, որոնք կայսերական հիշողության կրողն են, կրկին սկսում են պայմանավորել փոքր ազգերի ճակատագրերը իրենց ռազմավարական խաղերի տրամաբանությամբ։ Այս ամենը տեղի է ունենում գլոբալ համակարգի խոր անկայունության ֆոնին, երբ տարածաշրջանային հակամարտությունները վերածվում են գերհզորների մրցակցության թատերաբեմերի: Առաջնորդների անձնական ամբիցիաները, որոնք կարող են իրենց համարել սուլթանների, ցարերի կամ կայսրերի ժառանգորդներ, սկսում են գերակշռել դիվանագիտական պրագմատիզմի հանդեպ։ Ակնհայտ է դառնում անտարբերությունը ժողովուրդների իրական կարիքների՝ խաղաղության, անվտանգության և արժանապատվության հանդեպ, երբ սահմանները վերաձևավորվում են բռնության միջոցով, իսկ ճակատագրերը զոհաբերվում են հանուն այսպես կոչված պատմական նպատակահարմարության։ Պետք է հստակ արձանագրել. որոշ տերությունների մեծամտությունը, ցինիզմը և կայսերական կարոտախտը չլուծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. նրանք պարզապես ավարտեցին այն այնպիսի պայմաններով, որոնք հարմար էին իրենց կարճաժամկետ շահերին։ Այդ տերությունները, գործելով որպես անկում ապրած կայսրությունների ժամանակակից ժառանգորդներ, Արցախը դիտարկեցին ոչ թե որպես հայ ժողովրդի հայրենիք, այլ՝ շախմատի տախտակ։ Այդ կերպ նրանք հեշտությամբ անտեսեցին Արցախի ժողովրդի օրինական իրավունքները և անվտանգության վերաբերյալ հիմնավոր մտահոգությունները։ Արցախի ողբերգությունն անխուսափելի չէր։ Ի լրումն բոլորիս քաջ հայտնի պատճառների, այն հնարավոր դարձավ, և որոշ առումներով ուղղորդվեց, այն ուժերի կողմից, որոնք ուժն ու տեղահանումը հռչակեցին որպես «խաղաղության» հիմք և հավատացին, թե գերիշխանությունը հավասար է կայունության։ Պատմության դատաստանը Կայսրությունները չեն փլուզվում, որովհետև բախվում են մարտահրավերների։ Դրանք փլուզվում են, որովհետև չեն կարողանում արձագանքել այդ մարտահրավերներին՝ խոհեմությամբ, հստակությամբ և իրատեսությամբ։ Դրանք ընկնում են այն ժամանակ, երբ իրենց ղեկավարները լռությունը շփոթում են համաձայնության, վերահսկողությունը՝ օրինականության, իսկ գերիշխանությունը՝ իմաստության հետ։ Երբ առաջնորդները սկսում են հավատալ, որ իրենք հավերժ են, երբ իրենք դառնում են պետության մարմնավորումը, և երբ ազգային շահը խառնում են անձնական հավակնությունների հետ՝ անկումը դառնում է անխուսափելի։ Տարբեր դերակատարների կայսերական մտածողության մեծամտությունն ու կուրությունը ողբերգություն են պատճառել ոչ միայն Արցախի ժողովրդին։ Պատմությունն անվերջ ցույց է տվել, որ երբ կայսրությունները սխալվում են, առաջին հերթին տուժում են փոքր ժողովուրդները, բայց այդ սխալների հետևանքները, ուշ թե շուտ, անխուսափելիորեն հետ են վերադարձվում հենց այդ կայսրություններին։ Երբ իշխանությունը օգտագործվում է իրականությունը մերժելու համար, երբ մարդկային կյանքերը դիտարկվում են որպես աննշան զոհեր, և երբ առաջնորդությունը վերածվում է անձնական փառքի գործիքի, նման կայսրությունները անխուսափելիորեն գնում են ներքին քայքայման և կործանման ճանապարհով։ Ամփոփում Այդ ամենի դեմ հանդիման կանգնած Հայաստանն ամենևին դատապարտված չէ վերջնական պարտության։ Մեծ տերությունների ուժային խաղերի, կայսերական մտածողության և ռազմավարական ցինիզմի միջավայրում անգամ դեռևս գոյություն ունի իմաստուն և նպատակային ընտրության հնարավորությունը։ Մեր պատասխանը պետք է լինի ազգային շահերից բխող հաշվարկված ռազմավարությունը՝ այլընտրանքային արտաքին քաղաքականության հստակ և համակարգված ձևավորմամբ և ներքին ու համազգային ողջ ներուժի համախմբմամբ։ Նույնիսկ ամենածանր իրավիճակներում հնարավոր է ձևավորել նոր ուղեգիծ, որը համատեղում է իմաստնությունը, փորձը, իրատեսությունն ու հետևողականությունը։ Փոփոխվող աշխարհակարգը վաղ թե ուշ ստեղծելու է հնարավորությունների պատուհան, և միայն համարժեք պատրաստվածությունն է, որ կարող է ապահովել, որպեսզի այդ պատուհանը բացվի ոչ թե ուրիշների, այլ հենց Հայաստանի առջև։ Առաջիկայում ներկայացնելու եմ իմ կոնցեպտուալ մոտեցումները, իմ առաջարկները, որոնք կարող են լինել Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված արտաքին քաղաքականության հիմքում»։ Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Չասացի՝ ամբողջությամբ, ասացի՝ բավարար չափով». Նիկոլ Փաշինյան
3113:12
«Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ կապված տեսա, որ ինչ-որ տոնակատարություն է». Նիկոլ Փաշինյան
6013:06
«Սերժ Սարգսյանի նամակի գաղտնազերծման գործընթաց է տեղի ունենում». Նիկոլ Փաշինյան
9412:48
Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին (տեսանյութ)
8312:36
«Բանակցային որևէ սենյակում չեմ ասել որևէ բան, որը կհակասեր իմ հրապարակային դիրքորոշումներին». Նիկոլ Փաշինյան
7912:18
«Մայր Աթոռ կգնամ, երբ բավարար չափով մաքրված զգամ ինձ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10712:06
Նիկոլ Փաշինյանը՝ իր և Կարեն Կարապետյանի խոսակցության մասին (տեսանյութ)
12111:54
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11311:36
