ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի իշխանության ներկա ղեկավարի վերջին ուղերձում կարմիր գծով անցնում էր ուղիղ ձևակերպված միտքը, թե «խաղաղություն արդեն հաստատվել է»։ Իհարկե բոլորի համար ակնհայտ է, որ այսպես կոչված «ուղերձը» ընդամենը իշխանությունների նախընտրական քարոզչության ագրեսիվ մեկնարկն էր՝ հասարակությանը պատերազմով շանտաժի ենթարկելու համար խորհրդարանական ընտրություններից առաջ։ Յուրաքանչյուր բանական մարդ հասկանում է, որ խաղաղությունը չի հաստատվում ստորագրված թղթերով կամ կրքոտ ուղերձներով։ Բնական է , որ մարդիկ հասկանում են , խաղաղություն չի լինի, քանի դեռ պատերազմի պատճառները չեն վերացված։ Ինձ կարող են առարկել, թե պատերազմի պատճառը Արցախն էր, և որ փաշինյանական իշխանության համաձայնությունը՝ ինստիտուցիոնալ կերպով հրաժարվելու Հայրենիքի մի հատվածից (Արցախից), իբր երաշխիք է, որ «խաղաղություն» է եկել։ Սակայն նման նարատիվները այնքան պրիմիտիվ են, որ ըստ էության նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր նույնիսկ փոքրագույն ինտելեկտուալ նշույլ չունեն։ Ցանկացած մարդուն, ով կարողանում է մտածել և վերլուծել թեկուզ տարրական մակարդակով, պարզ է․ Արցախյան հարցը ընդամենը հետևանք է ավելի քան դարավանդ քաղաքականության, որն իրականացնում է Թուրքիան՝ ուղղված Կովկասում հայկական գործոնի ոչնչացմանը։ Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում են էթնիկ զտման ծրագիրը․ 1897 թ, Օսմանյան կայսրություն 1905-1907թվ, Շուշի և Գանձակ։ 1915 թվ.Երիթուրքական "Օսմանյան"ժամանակը ջան։ 1918 թվ։ Բաքվի ջարդերը 1918-1924 թվ, Հայաստանի հանդեպ թուրքական ագրեսիա։ ԵՒ իհարկե 20-րդ դարի երկրորդ կեսը, երբ ամբողջովին հայաթափվեց հայկական ամենահին տարածքներից մեկը՝ Նախիջևանը։ Նույնը եղավ 20-րդ դարի վերջում Գանձակում, Շահումյանի շրջանում , Սումգայիթում և Բաքվում, որտեղ հազարավոր հայեր զոհ դարձան ադրբեջանական իշխանությունների կազմակերպված ջարդերին։ Այս իշխանության և իր համախոհների համար «խաղաղությունը» նշանակում է միայն այն, որ այս պահին ադրբեջանցիները «չեն կրակում»։ Իսկ ինչու՞ պետք է կրակեն, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը առանց մեկ կրակոցի զիջում է իրենց այն ամենը, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջում է ։ Ինչու՞ պետք է կրակեն, եթե Երևանը արդեն համաձայնել է Սյունիքով միջանցքի ( Թրամփի ճանապարհ" -ի ներքո )անցկացմանը՝ բացելով "անխոչընդոտ ճանապարհ" Անկարայի և Բաքվի համար՝ իրականացնելու պանթյուրքական ծրագիրը։ Սակայն կա ևս մի պատճառ տիրող ժամանակավոր "հանգիստ" իրավիճակի մեջ։ Անկարան և Բաքուն չեն լարում իրավիճակը նաև այն պատճառով, որ չափազանց շահագրգռված են հայաստանյան ներկա իշխանության պահպահման մեջ։ Ադրբեջանի և Թուրքիայի համար կենսական նշանակություն ունի Հայաստանի ներկայիս իշխանության վերարտադրությունը։ Իմիջայլոց , այս միտքը գերակայում է թուրք-ադրբեջանական տեղեկատվական դաշտում։ Այս կարեւորագույն հարցին մենք անպայման առանձին կանդրադառնանք։ Մի խոսքով , մենք ունենք մի իրավիճակ երբ հայաստանյան իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ միասին ձեռք ձեռքի տված իրականացնում է մի շարք լայնածավալ տեղեկատվական գործողություններ , որոնց հիմնական նպատակն է առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծել հայաստանյան իշխանության վերարտադրվելու համար։ Հիմա հարց, եթե թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները չեն փոխվել և իրենք դիտարկում են Հայաստանի մաքսիմալ թուլացումը որպես ռազմավարական նպատակ, որը արտացոլված է Թուրքիայի և Ադրբեջանի պետական տեսլականի ներքո , ապա ինչու են իրենք լրջորեն հետաքրքրված Հայաստանի ներկա իշխանության վերարտադրությամբ։ Հետևությունները թողնում եմ ձեզ»։