Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«ՀՀ-ն պատրաստ է կտրել կախվածությունը Մոսկվայից»․ Արման Բաբաջանյան

«ՀՀ-ն պատրաստ է կտրել կախվածությունը Մոսկվայից»․ Արման Բաբաջանյան
63
Այսօր, 14:48

ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասացինք՝ արեցինք
Հայաստանի քաղաքական օրակարգը մտնում է վճռական փուլ․ Մեր 60 հազար քաղաքացիների ստորագրությամբ օրենքի ուժ ստացած ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկով և վարչապետի հստակ հայտարարությամբ՝ ԵԱՏՄ–ԵՄ միաժամանակյա անդամակցությունը բացառվում է։ Սա նշանակում է, որ հարցը այլևս տեսական չէ․ Հայաստանը կանգնած է իրադարձությունների շղթայի առաջ, որը անխուսափելիորեն կհանգեցնի ԵԱՏՄ-ից դուրս գալուն։
Քաղաքական առումով սա պատմական քայլ է․ Հայաստանը պաշտոնապես ազդարարում է, որ սեփական ապագան կապում է եվրոպական ժողովրդավարական ու տնտեսական համակարգի հետ։
Տնտեսական հարթությունում ակնհայտ է, որ «ռուսական վերաարտահանման բումը» ավարտվում է, և ԵԱՏՄ շուկան աստիճանաբար կորցնում է իր գրավչությունը։ Հակառակը՝ ԵՄ շուկան առաջարկում է ավելի մեծ ծավալներ, ավելի բարձր ստանդարտներ և ներդրումային մուտքեր։ Բայց դա ենթադրում է լոգիստիկ բազմազանեցում, էներգետիկ ապահովագրության նոր մեխանիզմներ և պետական կառավարման արմատական բարեփոխումներ։ Հենց այս անցումն է կրիտիկական ռիսկի կետը․ կարճաժամկետում տնտեսությունը կարող է բախվել շոկերի, սակայն երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը դուրս կգա սահմանափակված և կախյալ վիճակից։
Աշխարհաքաղաքական մակարդակում սա ամենավճռական ազդակն է, որ Հայաստանը պատրաստ է կտրել կախվածությունը Մոսկվայից։ Սա անխուսափելիորեն կբերի ճնշումների՝ էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի ոլորտում։ Սակայն զուգահեռաբար ձևավորվում են նոր հնարավորություններ․ ամերիկյան և եվրոպական աջակցությունը՝ էներգետիկ բազմազանեցման, միջուկային անվտանգության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Տարածաշրջանային մակարդակում էլ Իրանի և Սևծովյան միջանցքների միջոցով Հայաստանը կարող է դուրս գալ մեկ կենտրոնից կախվածության փակուղուց։
Այսպիսով, Հայաստանը մտնում է ռազմավարական ընտրության փուլ․ մնում է միայն ձևակերպել դրա անշրջելի ճանապարհային քարտեզը։ Քաղաքականության բովանդակությունն այստեղ պարզ է․ ոչ թե պարզապես ԵԱՏՄ-ից դուրս գալ, այլ միաժամանակ իրականացնել այնպիսի կառուցվածքային քայլեր, որոնք կբացեն Հայաստանը դեպի եվրոպական տնտեսական և անվտանգային համակարգ։ Սա մեծ ռիսկեր ունի, բայց նաև՝ եզակի հնարավորություն՝ վերաձևել Հայաստանի տեղը միջազգային համակարգում որպես արժանապատիվ, ինքնիշխան և եվրոպական ուղին ընտրած պետություն»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան