Երկուշաբթի, 08 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Նիկոլի համար Ցեղասպանությունը քաղաքական մանևրներին խանգարող «բեռ» է»․ Արմեն Հովասափյան

«Նիկոլի համար Ցեղասպանությունը քաղաքական մանևրներին խանգարող «բեռ» է»․ Արմեն Հովասափյան
190
Այսօր, 15:06

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան կառավարիչները բաց տեքստով ակնհայտորեն կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը և դրա հետ կապված պարբերաբար մտացածին ու անհոդաբաշխ ցնդաբանություններ տիրաժավորում։
Նշածս թեման բավական զգացմունքային է ու շատ խորքային, և անընդհատ ինձ հարց եմ տալիս, օրինակ՝ ինչպե՞ս կվարվեին հրեաները, եթե իրենց պետական պաշտոնյաներից մեկը, առավել ևս երկրի ղեկավարը, թեկուզ ակնարկով կասկածի տակ դներ Հոլոքոստի փաստը։ Հավատացե՛ք, ոչ մի կերպ չէի կարողանում այդ հանգամանքը պատկերացնել։
Ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի փաստը ոչ միայն պատմագիտական, այլև իրավական հաստատված իրողություն է․ գաղտնիք չէ, որ Հոլոքոստը հրեաների ինքնության և հավաքական հիշողության առանցքում է։ Նման հայտարարությունն իսրայելյան հասարակության կողմից անմիջապես կդիտվեր որպես ինքնության դավաճանություն։ Նրան, ամենայն հավանականությամբ, կհամարեին ինքնանվաստացնող կամ ինքնության ժխտող անձ։ Ասեմ ավելին՝ միանշանակ կլիներ հասարակական ահռելի ճնշում։ Բացի դրանից, նման վարքագծի դրսևորումը կդառնար քաղաքական սկանդալ․ ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, անգամ սեփական կուսակցական շրջանակները կպահանջեին վերջինիս հրաժարականը։ Այն կդիտվեր որպես պետության ու ժողովրդի արժանապատվության դեմ քայլ։
Կարճ ասած՝ հրեա ղեկավարի կամ պաշտոնյայի կողմից Հոլոքոստի ժխտումը հավասարազոր կլիներ իր ժողովրդի ինքնության և հիշողության դեմ քաղաքական ինքնասպանության․ նա միաժամանակ կկորցներ ներքին լեգիտիմությունը, միջազգային վստահությունը և ենթարկվեր իրավական հետապնդումների այնտեղ, որտեղ օրենքը դա սահմանում է։
Հիմա եկեք պրոյեկտվենք մեր իրականություն․ եթե Հոլոքոստի ժխտումը հրեա ղեկավարի դեպքում կհամարվեր քաղաքական ինքնասպանություն, ապա Նիկոլի պարագայում Հայոց ցեղասպանության փաստը մշտապես կասկածի տակ դնելու հանդուրժումը ունի մի քանի բացատրություն։
Հայաստանում չկա այնպիսի պետական և հասարակական համակարգ, որը կարող է պահել այդ «կարմիր գիծը»։ Եթե Հոլոքոստի թեմայով հրեաները ստեղծել են գիտահիմն, իրավական, կրթական ու ինստիտուցիոնալ բազա, որը թույլ չի տալիս որևէ մեկին խաղալ այդ թեմայով, ապա Հայաստանում ցեղասպանության հիշողության պաշտպանությունը մնացել է հիմնականում սփյուռքի ուսերին։
Եկեք շատ կարճ վերհիշենք, թե Նիկոլն ինչեր է ասել այս թեմայով իր խոսույթում․ 2021 թ․ մայիսի 24-ին, նախընտրական ելույթներից մեկի ժամանակ, նա հայտարարել էր․ «Մենք պիտի որոշենք՝ շարունակո՞ւմ ենք մեր քաղաքականությունը կառուցել ցեղասպանության սպառնալիքի շուրջ, թե՞ ասում ենք՝ հերիք է»։ Այսպիսով՝ ցեղասպանության հիշողությունն ու դրա վտանգի գիտակցումը ներկայացվում է որպես թուլության նշան, այլ ոչ թե ինքնության և անվտանգության բաղադրիչ։ Նույն 2021թ․ օգոստոսին, արդեն խորհրդարանում ելույթ ունենալիս, նա նշել է․ «Ցեղասպանության հիշատակի շուրջ կառուցված քաղաքականությունը մեզ թուլացրել է, մենք պետք է հրաժարվենք այդ մոտեցումից»։ Բոլորիդ համար ակնառու է, որ նշված միտքը բացարձակ հակադրվում է վերը նշված հրեական մոդելին, որտեղ Հոլոքոստի հիշողությունը համարվում է պետության ու անվտանգության հիմք։
2024–2025 թթ․ ասուլիսներում և հարցազրույցներում Նիկոլը մի քանի անգամ նշել է․ «Աշխարհը մեզ չի պարտք ոչ ցեղասպանության ճանաչման հարցում, ոչ էլ անվտանգության ապահովման»։ Սրանով նա կրկին փորձել է նվազեցնել ցեղասպանության հարցի միջազգային-քաղաքական նշանակությունը։
Առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ Նիկոլն իշխանության եկավ հեղափոխության ալիքի վրա, ու իր հիմնական քաղաքական կապիտալը ոչ թե ազգային ինքնության կամ պատմական հիշողության պահպանումն էր, այլ «կոռուպցիայի», «թալանի վերացման» ու «ժողովրդավարական արժեքների» մասին կեղծ խոստումները։ Այսպիսով՝ նրան հաջողվեց մանևրել ազգային թեմաներով առանց լուրջ ներքին պատժամիջոցների։
Կարևոր է փաստել նաև միջազգային՝ տվյալ դեպքում թուրքական նարատիվի դերը․ Հայոց ցեղասպանության հարցը միշտ եղել է թուրքական և արևմտյան շահերի խաչմերուկում։ Երբ Նիկոլը կասկածի տակ է դնում, նսեմացնում ցեղասպանության թեման, Արևմուտքում դա ընկալվում է որպես Թուրքիայի հետ «հաշտեցման պատրաստակամություն» կամ՝ նիկոլերենով ասած՝ «խաղաղության խաչմերուկ»։ Այսինքն՝ նրա քայլերը դիտարկվում են որպես պրագմատիկ զիջում, այլ ոչ թե ազգային դավաճանություն։
Վերը թվարկածս բոլոր օրինակները ցույց են տալիս, որ Նիկոլի համար Հայոց ցեղասպանությունը ոչ թե ազգային ինքնության և անվտանգության հիմնասյուն է, այլ անցյալի «բեռ», որը խանգարում է իր այսօրվա քաղաքական մանևրներին։ Նա դրա նսեմացմամբ փորձում է ցույց տալ «իրատեսական» և «պրագմատիկ» քաղաքականություն, բայց փաստացի կտրում է այն հիմքը, որի վրա դրված է հայկական պատմական և քաղաքական ինքնագիտակցությունը։
Ըստ էության՝ այսօր մենք չունենք այն ինստիտուցիոնալ ուժն ու համազգային կազմակերպվածությունը, որը հրեաները ձևավորեցին իրենց պատմության շուրջ։ Մեզ մոտ պետական «ղեկավարին» թույլատրվում է «տնտեսական պրագմատիզմի» անվան տակ տրորել մեր հավաքական հիշողության հիմքերը»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան