Երեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Խոսելու եմ մի սարսափելի երևույթի մասին». Արմեն Հովասափյան

«Խոսելու եմ մի սարսափելի երևույթի մասին». Արմեն Հովասափյան
191
Այսօր, 14:12

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրվա կառավարիչների կողմից տարվող թուրքական նարատիվի բաղադրիչին հանդիպում ենք ամենուր․ այն առկա է նրանց ամենօրյա խոսույթում։ Բայց այսօր խոսելու եմ մի սարսափելի երևույթի մասին։
Նիկոլի կողմից թուրքական օրակարգի սպասարկման փաստն ու հայկական արժեքներից վերջնական հրաժարվելու այս տոտալ գործընթացը ամբողջովին արմատավորվել է կրթական համակարգում։ Բնավ պատահական չէին այն անկյունաքարային քայլերը, որոնք իրականացվեցին վերջին 7 տարիներին (հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմություն, հայ գրականությունից հանվեցին հայ վիպասանները, ազգային-ազատագրական պայքարը մնաց «խաղից դուրս», եկեղեցու պատմությունից հրաժարվեցին, դպրոցների պատերից հանեցին հայի ու հայկականի հետ առչվող յուրաքանչյուր բան և այլն)․ Հայաստանի կրթական համակարգը լիովին համապատասխանեցվեց Նիկոլի քաղաքական քիմքին, և յուրաքանչյուր դրվագ ներկայացվում է այդ «ռակուրսով»։
Այսօր աչքովս ընկավ հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում տեղ գտած մի միտք, որից գաղափարս մթագնեց։ Հիմա ուշադի՛ր կարդացեք, թե ինչ են քարոզում նիկոլական պատմաբանները․ գլուխ 1․2-ում նշված է․ «Ալփ Ասլանին հաջորդած Մելիք-շահի (1072-1092) գահակալության տարիներին հաստատվեց հարաբերական խաղաղություն։ Պատերազմներից ու ապստամբություններից հետո սելջուկները իրենց նվաճած տարածքներում, այդ թվում՝ Հայաստանում, սկսեցին վերականգնել ավերված քաղաքներն ու գյուղերը, կարգի բերեցին ճանապարհները, աշխուժացավ քարավանային առևտուրը»։
Կարդացի՞ք, հասկացա՞ք՝ սրանց թելը ո՞ւր է տանում։ Դե քանի որ «կրթյալներին» կրթելու գործը ահագին ժամանակ ուսերիս եմ վերցրել, փորձեմ բացատրել, թե ինչու չի կարող նման զառանցանքը և ակնհայտ սուտը որևէ իրական հիմք ունենալ։
Նախ, հենց սկզբից ասվածի մեջ լրջության ոչ մի տարր չկա։ Սելջուկները, որոնք դասական վաչկատուններ էին և չունեին մի վայրում երկար ապրելու, ինչպես նաև քաղաքաշինության մշակույթ ու գենետիկ մտածողություն, անգամ իրենց համար չէին կառուցում մեծ քաղաքներ ու գյուղեր՝ ապրելով հիմնականում ժամանակավոր կացարաններում՝ վրաններում ու յուրտերում։ Էլ ուր մնաց՝ հայերի համար վերականգնեին ավերված քաղաքներ, ճանապարհներ ու ենթակառուցվածքներ, որպեսզի նրանք «բարեկեցիկ» ապրեին։
Հաջորդ նոնսենսը կապված է այն թեզի հետ, թե իբր այդ շրջանում հաստատվել էր հարաբերական խաղաղություն։ Իրականում տվյալ ժամանակաշրջանը համաշխարհային պատմության մեջ ահավոր տուրբուլենտ փուլ էր․ խաչակրած արշավանքների գագաթնակետն էր, Եվրոպան ապրում էր Փրկչի գերեզմանը ազատագրելու մոլուցքով, Բյուզանդիան փորձում էր վերականգնել իր խարխլվող հեղինակությունը, արաբները ռազմավարական նոր պլանների մշակման մեջ էին, մոնղոլները թափ էին հավաքում։ Այսպիսի միջավայրում ոչ մի երաշխիք չկար, որ հաջորդ օրը մի նոր հարձակում ու պատերազմ չէր սկսվի։ Եվ ահա այս ֆոնին՝ սելջուկները, որոնք նոր կազմավորվող միավոր էին, պետք է թողնեին բոլոր խնդիրներն ու դարդ ու ցավերը և 5-6 տարի առաջ նվաճված Հայաստանում զբաղվեին քաղաքների վերականգնմամբ ու մարդկանց «խաղաղություն» բերելով։
Էլ չեմ խոսում այն մասին, որ, ըստ դասագրքի հեղինակների, փաստորեն սելջուկներն այն աստիճանի խորը քաղաքական տեսաբաններ ու գեոպոլիտիկ մտածողություն են ունեցել, որ կարողացել են հստակ հաշվարկներ անել, ու ստեղծված իրավիճակում համապատասխան ուժային բալանսավորում ու ճիշտ դիվերսիֆիկացիա կազմակերպել։
Համաձայնե՛ք՝ ծիծաղելի է․ ախր դուք միայն ձեզ չեք խայտառակում, դուք մեզ բոլորիս եք դարձնում ծաղրի առարկա։ Թուրքին գովաբանելու այս աստիճանի ճղճիմ քարոզ անգամ Ալիևը չի անում։ Նիկո՛լ, դու Ալիևին էլ ես գերազանցում, բրավո։
Ուղղակի հորդորս բոլոր ծնողներին՝ նայեք ձեր երեխաների դասագրքերը, կարդացեք, մի՛ թողեք նման անորակ դեզինֆորմացիաներով նրանց գլուխները լցնեն ու իրենց անապակ հոգիները թունավորեն թուրքական քարոզով։
Հ.գ. Ի դեպ՝ ցույց տվեք մի պատմիչ, խոսքի Մաթևոս Ուռհայեցուն, որ գրած լինի սելջուկների «խաղաղասիրության» կամ ասենք հայերի «բարեկեցության» մասին մտածելու դրվագի մասին: ՉԿԱ: Խոսվում է բացառպես ավիրման, խոշտանգման, կեղեքման ու ասպատակման մասին:
Այսինքն էս գրածը նիկոլական հերթական բլեֆն ա, ուրիշ բան չկա»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան