Երկուշաբթի, 15 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ բանակի»․ Շիրազ Խաչատրյան

«Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ բանակի»․ Շիրազ Խաչատրյան
125
Այսօր, 13:42

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը նշում է, որ «եթե անվտանգության թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն: Բանակը պիտի լինի անվտանգության ամենավերջին գործիքը...»։
Առաջին հայացքից այս արտահայտությունը կարող է հիշեցնել համալսարանի առաջին կուրսի քաղաքագիտության դասախոսություն, թվում է, թե սովորական բան է ասում: Բայց իրականում այն ոչ թե քաղաքագիտական դիտարկում է, այլ ավելի շատ մանիպուլյատիվ հնարք է, որն ունի քաղաքական ենթատեքստ և հստակ նպատակ։
Անվտանգությունը, անկասկած, միայն բանակով չի սահմանափակվում։ Այն ներառում է մի ամբողջ բազմաշերտ համակարգ՝ տրանսպորտ, լոգիստիկա, էներգետիկ և պարենային անվտանգություն, առողջապահություն, կրթություն, տեխնոլոգիաներ, նորարարություններ, դիվանագիտություն և այլն։ Այդ ամենը միասին է ձևավորում պետության պաշտպանունակության և կենսունակության ընդհանուր պատկերը։
Բայց այստեղ կա մեկ կարևոր ճշմարտություն․ եթե այս բոլոր բաղադրիչները կարևոր են, ապա դրանցից ամենագլխավորը, առանց որի մնացածը պարզապես կփլուզվեն, բանակն է։ Զինված ուժերը հանդիսանում են այն հիմնաքարը, որի վրա կառուցվում է մնացած անվտանգային ճարտարապետությունը։
Պատմությունն ու ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները ցույց են տալիս, որ չկա որևէ լուրջ պետություն, որն իր անվտանգության ռազմավարությունում առաջնային տեղ չի տալիս բանակին։ Այսօր աշխարհակարգը առավել քան երբևէ անբևեռ ու անկանխատեսելի է, ռիսկերն ու սպառնալիքները ծագում են ամեն վայրկյան։ Եվ հենց այս պայմաններում զինված ուժերն են դառնում պետությունների անվտանգության գլխավոր երաշխավորը։
Արդյո՞ք որևէ մեկը կկարողանա մատնանշել գերհզոր պետություն կամ քաղաքատնտեսական միավորում (օրինակ՝ Եվրամիություն), որը իր ռազմավարության հիմքում բանակը երկրորդ պլան է մղել։ Հակառակը՝ Եվրոպան հասկանալով, թե ինչ խնդիրների առաջ է բախվելու, կանաչ էներգետիկայի և այլ ստրատեգիաներին զուգահեռ, սկսել է մեծացնել ռազմական բյուջեները և ուժեղացնում է համատեղ պաշտպանական կարողությունները։
Նույն տրամաբանությամբ գործում են նաև մեր անմիջական հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք իրենց հարցերը տարածաշրջանում լուծում են առաջնահերթ ուժի լեզվով։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Իրանը և մյուսները ևս իրենց ռազմավարական հաշվարկներում առաջնահերթ տեղ են հատկացնում զինված ուժերին։
Այս պայմաններում Հայաստանի ներկայիս ղեկավարի արտահայտությունները ոչ թե վտանգավոր անտեղյակության նշան են, այլև տեղավորվում են ներկա կառավարիչների կողմից զինված ուժերին հերթական հարված հասցնելու տրամաբանության մեջ։
Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ բանակի։ Այո՛, դիվանագիտությունը, կրթությունը, տնտեսությունը և տեխնոլոգիաներն անչափ կարևոր են։ Բայց դրանց գոյության և զարգացման երաշխավորը հենց բանակն է։ Առանց բանակի պետությունը մնում է անպաշտպան, իսկ անպաշտպան պետությունը՝ դատապարտված է կործանման...»։

Աղբյուրը`   Շիրազ Խաչատրյան