Երեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ավինյանը, մեդիային թիրախավորելով, իր կոռուպցիոն բնույթն է թաքցնում. «Ժողովուրդ»

Ավինյանը, մեդիային թիրախավորելով, իր կոռուպցիոն բնույթն է թաքցնում. «Ժողովուրդ»
134
Այսօր, 09:00

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով հաճախ խուսափում է լրագրողների հարցերից, ասուլիս էր հրավիրել, սահմանել ընթացակարգ՝ «Մեկ հարց, մեկ պատասխան»։
Իհարկե լրատվամիջոցների որևէ ներկայացուցիչ այդ կանոնով չսահմանափակվեց։ Հնչեցին և Ավինյանի սրտով հարցեր, և ոչ այնքան դուրեկան։
Նախ, 36-ամյա Տիգրան Ավինյանը 15 տարեկան դեռահասի պես գլուխ էր գովում, որ 19 տարեկանում Mercedes ջիպ մեքենայում էր նստած, ապա արդարանում էր, որ ինքն ամեն բան ունեցել է 2017 թվականից առաջ եւ չէր խոստովանում, որ նույնիսկ գույքային ձեռքբերումները եղել են 2018 թվականից հետո։
Խոսենք փաստերով:

Պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ 2024 թվականին Տիգրան Ավինյանի ընտանքիը ձեռք է բերել բնակարան Նորք-Մարաշ վարչական շրջանում։ «Ազատություն»-ը գրել էր, որ տունը մոտ 300 քառակուսի մետր է, օժանդակ շինություն էլ կա, 730 մետր էլ հողատարածքն է: Ըստ փաստաթղթերի՝ առանձնատունը գնել են անցած նոյեմբերի 19-ին ու նույն օրն էլ գրավադրել «Բիբլոս» բանկում: Այսինքն՝ հիփոթեքային վարկով են գնել:

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ասելով, որ միայն վերջին 5 տարիների ընթացքում, հիմնվելով Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի հրապարակային հայտարարությունների և շուկայական գների վրա, ինքը հաշվել է Ավինյանների ընտանիքի կողմից գնված (կամ ըստ իրենց՝ «մայնինգի» միջոցով ձեռք բերված) մոտ 3.2 միլիոն դոլար արժողությամբ ակտիվներ։ Նրանց խոսքով՝ ակտիվների մի մասը գնելու համար վարկեր են օգտագործվել։

«Եկեք ծափահարենք թավշյա հեղափոխության համար!
4.57 բիթքոյն (մոտավորապես $500,000 ներկայիս արժեքով):

41,012,000 դրամ ($107,000 ԱՄՆ դոլար) վաստակված, ըստ պարոն Ավինյանի, «Poolin մայնինգից»:

Սևանա լճում կառուցվում է առնվազն 500,000 – 1 միլիոն դոլարի անշարժ գույք:
Էջմիածնում տեղադրվել են $800,000-ից մինչև 1 միլիոն դոլար, 1.5 մեգավատտ հզորությամբ արևային վահանակներ:

2020 թվականին Էջմիածնում գնվել է 9 հեկտար հողատարածք Տիգրան Ավինյանի մոր կողմից, որի շուկայական գինը 2020 թվականին գնահատվել է մոտ $180,000 ԱՄՆ դոլար:

Նորք Մարաշում գնվել է մոտ $500,000 դոլար արժողությամբ տուն:

Երկու մեքենա գնվել է մոտ $80,000 դոլարով»,- գրել է նա։

Իսկ մինչ այս որտե՞ղ էր Տիգրան Ավինյանը.
2017-2018 թվականներին սկսվել է Տիգրան Ավինյանի քաղաքական ուղին։ Այս թվականներին նա եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից, սակայն հնարավոր բոլոր հասանելի աղբյուրներում Ավինյանի՝ որպես ավագանու անդամ ներկայացրած հայտարարագիրը այդպես էլ չգտանք։

Ավինյանի առաջին հայտարարագիրը փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն է։

Համեմատենք Տիգրան Ավինյանի 2018 և 2024 թվականի հայտարարագրերը, քանի որ նա վստահ է, որ մամուլն է պատճառը, որ տպավորություն է ստեղծվել, թե հեղափոխությունից հետո է բարելավվել Ավինյանների ունեցվածքը։
Տիգրան Ավինյանի՝ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն կազմել են 12 հազար 475 դոլար և 7 մլն դրամ։

Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 13 մլն 271 հազար դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել է 12 մլն դրամ: Գրեթե 15 հազար դոլար եկամտի աղբյուրները պաշտպանված են, տեսակը՝ «այլ եկամուտներ»։ Եկամուտներից 842 հազար դրամը «ստացված փոխառություն» է։

Անշարժ գույքեր և տրանսպորտային միջոցներ հայտարարագրում չկան։ Հետաքրքիր է, թե երբ և ուր է կորել 19-ամյա Ավինյանի Mercedes ջիպը։

Տիգրան Ավինյանի՝ արդեն որպես Երևանի քաղաքապետի ներկայացրած հայտարարագրում թվերն ավելի ճոխ են և յուղալի։

Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետը ևնրա կինը՝ Մարիամ Պահլավունին, որևէ անշարժ գույք չեն հայտարարագրել, սակայն Ավինյանը 90 օրից ավելի տնօրինում է անհատական տուն Երևանում։

Տիգրան Ավինյանը 2022 թվականին իր հոր՝ Արմեն Ավինյանի նվիրած VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան այս հայտարարագրում ներկայացրել է որպես «գնում»։
Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անցած տարի ունեցել է 54.6 մլն դրամ եկամուտ՝ 2023-ի համեմատ 9 մլն դրամով ավելի։
Քաղաքապետի հայտարարագրից տեղեկանում ենք, որ եկամուտներից 27.3 մլն դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատանքի վարձատրությունն է՝ 2023-ի համեմատ 7 մլն-ով ավելի, իսկ 3 մլն դրամ նա ստացել է քաղաքապետարանից՝ որպես «այլ եկամուտ»:

Ինչ, և ինչու չի նշել Տիգրան Ավինյանը.

Poolin կրիպտոմայնինգի հարթակից Ավինյանը ստացել է 24.3 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։ Ստացվում է, որ քաղաքապետը, բացի պետական համակարգից գումար վաստակելուց, վաստակում է նաեւ կրիպտոարժույթով։
Ավինյանը հայտարարագրված կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2024-ին ավելացրել է 0.95-ով ՝ դարձնելով 4.57։ Նկատենք, որ 1 Bitcoin-ն այս պահին արժե մոտ 114 հազար ԱՄՆ դոլար։

Բացի Bitcoin-ից, Ավինյանն ունի նաև այլ կրիպտոարժույթներ, որոնց ծավալը տարվա ընթացքում չի փոփոխվել՝ 1,483 ADA Cardano և 5 Ethereum։

Ավինյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 24.4 մլն դրամ։

2024-ին նա միանվագ ծախսել է 4.3 մլն դրամ։

Տարեվերջի դրությամբ քաղաքապետը բանկային հաշվին ունեցել է 13.7 մլն դրամ։

Ավինյանը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը»։