«4-րդ Հանրապետությունը գոյություն ունի արդեն 7 տարի և այն բերել է միայն կորուստներ ու նվաստացում»․ Լևոն Զուրաբյան
109
Այսօր, 13:54
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՖԵՅՔԸ Հռչակելով «Չորրորդ Հանրապետությունը»՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կատարում է տգիտության և դատարկախոսության անհեթեթ մի քայլ: Ընդհանրապես, պատմական հանրապետությունները թվարկելու ավադույթը դրել են ֆրանսիացիները, առանձնացնելով Ֆրանսիայի պատմության մեջ հանրապետական (ոչ միապետական) կառավարման հետևյալ ժամանակաշրջանները. 1. Առաջին Հանրապետություն (1792-1804), որը ծնվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխության արդյունքում և վախճանվեց, երբ Նապոլեոնը հռչակեց Առաջին Կայսրությունը: 2. Երկրորդ Հանրապետությունը (1848-1952), որը ծնվեց միապետության դեմ հեղափոխությունից հետո և վախճանվեց, երբ Նապոլեոնի զարմիկը՝ Լուին հռչակեց Երկրորդ Կայսրությունը: 3. Երրորդ Հանրապետությունը (1870-1940), որը ստեղծվեց, երբ Լուի Նապոլեոնի կայսրությունն ընկավ Պրուսիայի հարվածների տակ, և վախճանվեց նացիստական Գերմանիայից կրած պարտության արդյունքում: 4. Չորրորդ Հանրապետությունը (1946-1959) ստեղծվեց, երբ Ֆրանսիան ազատագրվեց գերմանական օկուպացիայից: 5. Հինգերորդ Հանրապետությունը (1958-մինչև հիմա) ստեղծվեց, երբ Ֆրանսիան փոխեց հանրապետական կառավարման ձևը խորհրդարանականից՝ կիսանախագահական: Այսպիսով, ըստ ներկայացված ավանդույթի, հանրապետության համարակալումը փոխվում է, եթե նոր հանրապետության ստեղծմանը նախորդել է ա) ոչ հանրապետական կառավարման ժամանակաշրջան (1, 2, 3 հանրապետությունները), բ) օկուպացիայի ժամանակաշրջան (4-րդ հանրապետությունը), գ) սահմանադրական կառավարման այլ մոդել: Այս ստույգ չափանիշներով՝ Հայաստանում Չորրորդ Հանրապետությունը ստեղծվել է 2018 թվականին, երբ կատարվեց անցումը կիսանախագահական կառավարման համակարգից՝ խորհրդարանական կառավարման համակարգ: Այդ անցումը իրականացրել է Սերժ Սարգսյանը, բայց նրան չհաջողվեց շարունակել իր կառավարումը նոր համակարգում: Չորրորդ հանրապետությունը ունեցել է ընդամենը մեկ կառավարիչ՝ Նիլոլ Փաշինյանը, որն արդեն ութ տարի է ինչ ղեկավարում է կառավարման այս նոր մոդելի շրջանակներում: Չորրորդ Հանրապետությունն, այսպիսով, գոյություն ունի արդեն 7 տարի և այն մեզ բերել է միայն պարտություն, Արցախի ոչնչացում, մարդկային և տարածքային կորուստներ, նվաստացում: «Չորրորդ Հանրապետության հռչակումը» Նիկոլ Փաշինյանի կողմից ընդամենը փորձ է հանրության գիտակցության մեջ ջնջելու այն պատասխանատվությունն ու մեղավորությունը, որն ինքն ու իր ղեկավարած ՔՊ-ն կրում է մեր ժողովրդի գլխին բերած աղետների համար: Մեր նպատակը պետք է լինի հեռացնել Փաշինյանին և իրականացնել այնպիսի սահմանադրական ռեֆորմ, որը կվերականգնի և կվերածնի հայոց պետականությունը»: