ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական բոլուկը կրկին բարբաջում է 44-օրյա պատերազմի շուրջ՝ մոռանալով տասնյակ փաստերն ու փաստարկները, որոնք ապացուցում են, որ այդ պատերազմը սարքել է և բերել է հենց իրենց ղեկավարը։ Ահա այդ պատերազմը կանխելու հնարավորության մասին մի քանի իրական փաստ։ Քանիցս արձանագրել ենք, որ 44-օրյա պատերազմի համար այս ապիկար իշխանությունները ստեղծել էին բոլոր նախադրյալները՝ դիվանագիտական, ռազմաքաղաքական, բարոյական: Քանիցս խոսել ենք այն մասին, թե ինչու եկավ այս պատերազմը, ինչու այդ պատերազմը Հայաստանի համար հենց այսպիսինը եղավ՝ երկար, արյունալի և մենակության մեջ: Կրկին հակիրճ թվարկեմ, թե ինչպես կարելի էր խուսափել այսպիսի պատերազմից, ընդգծելով ոչ թե տեսական հնարավորությունները, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ պաշտոնական Երևանի կողմից տարբեր ուղղություններով 2018-ից սկսած վարվող դավադիր քաղաքականության փաստերը. 1. Չհրաժարվել մեր թողած բանակցային փաթեթից, հայտարարելով, որ որ գործընթացը սկսում է սեփական կետից: 2. Բանակցային բովանդակության մասին տեղեկանալ ոչ թե Իլհամ Ալիևից, այլ հայկական կողմի բանակցողներից: 3. Փաստացի չհրաժարվել կամ հարցականի տակ չդնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկված Հիմնարարար սկզբունքները, ինչը քանիցս հրապարակավ արել է Նիկոլ Փաշինյանը: 4. Ինքդ քեզ գժի տեղ չդնել, հատկապես, երբ գործ ունես աշխարհի գերտերությունների հետ, որոնցից մեծապես կախված է քո ժողովրդի անվտանգությունը և Արցախի հեռանկարը: 5. Ցինիկ հայտարարություններով և կոնկրետ վնասակար գործողություններով չփչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: 6. Սեփական քաղաքական վերարտադրության համար Ալիևին սկուտեղի վրա չմատուցել 2016-2017թթ. Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնք իրացման դեպքում պատերազմները կանխելու հզոր մեխանիզմներ էին ստեղծվում, իսկ չիրացման դեպքում՝ Ադրբեջանի գլխին կախված սուր էին բանակցությունների ընթացքում: Հիշեցնեմ նաև, որ այս դավաճանական քայլի Փաշինյանը դիմել է Դուշանբեում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2018-ի իշխանափոխությունից հետո այլևս դադարեցին պահանջել Ադրբեջանից այդ պայմանավորվածությունների կատարումը՝ հայկական կողմի համաձայնությամբ: 7. 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների նախարարական համաժողովի շրջանակներում չընդունել հնգակողմ հայտարարություն (3 համանախագահ + Հայաստան+ Ադրբեջան), որով հայանպաստ Հիմնարար սկզբունքների փոխարեն կարգավորման մեջ ներմուծվեցին «արդար և տևական խաղաղ կարգավորման», մեղմ ասած, անհասկանալի սկզբունքը: 8. Հարբած վիճակում ֆեյսբուքում չմոգոնել Արցախյան հարցի «նոր, Մյունխենյան սկզբունքներ», որոնք հայկական դիվանագիտության մահացու խայտառակությունը դարձան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աչքերում: 9. Չանել անպատասխանատու, պոպուլիստական հայտարարություններ, որոնք հմտորեն կօգտագործվեն հակառակորդի կողմից և էլ ավելի մեծ խզում կառաջացնեն համանախագահ երկրների և Հայաստանի միջև, արդարացում ծառայելով ադրբեջանական ագրեսորների համար: 10. Ունենալով Արցախի խնդիրը՝ «ժողովրդավարությունը» չհռչակել Հայաստանի արտաքին քաղաքականության այցեքարտ: 11. Չնսեմացնել Արցախի սուբյեկտայնությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ընդհուպ 2020 թվականի հուլիսին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ երկրորդ հայկական պետության գաղափարից ու փաստից հրաժարումը: 12. Չպառակտել հասարակությունը, միասնական հայրենարական ոգի պահել թե բանակում, թե հասարակության մեջ: 13. Չանտեսել Թուրքիայի հակահայ դերակատարությունը, երկրի անվտանգային միջավայրի գնահատականները չթողնել մակունցներին և ախքերին: 14. Պոպուլիզիմից և ապիկարությունից ելնելով՝ չփոխել ՀՀ Զինված ուժերի արդիականացման ծրագիրը, գնումների պլանը, ժամանակակից ՀՕՊ միջոցների և ԱԹՍ-րի փոխարեն գնելով թանկ ու չզինված, կամ հին ու ներկած խաղալիքներ: 15. Չվարկաբեկել բանակը, զինված ուժերի հրամանատարական կազմը, Արցախյան առաջին պատերազմի հերոսներին: 16. Բանակը չհասկանալու հետևանքով և կամային որակներով, պատերազմ անցած հրամանատարների՝ իր դեմ հնարավոր ըմբոստությունից վախենալու պատճառով բանակի փորձառու հրամանատարներին չփոխարինել հարմարվողականներով: 17. Չնսեմացնել Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, այն ստորադասելով «թավշյա հեղափոխությանը»: 18. Հետևել հակառակորդի գործողություններին, ֆիքսել, որ թուրքական բայրաքթարները գնելու որոշումը Ադրրեջանը կայացրել է 2020 թվականի ապրիլ-մայիսին, անհապաղ ձեռնարկել համարժեք հակաքայլեր: Այսքանը կապիտուլյանտների կողմից 2018-ից գործած աններելի մեղքերի, սխալների և դիտավորությունննրի մի մասն է, որոնք չգործելու դեպքում, կամ հակառակն անելու դեպքում հնարավոր էր խուսափել պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի երկարաժամկետ և արյունալի պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի անդառնալի և ծանր կորուստներով պատերազմից, հնարավոր էր 44 պատերազմական օր չմնալ միայնակ, չունենալով միջազգային հանրության, կամ ռազվարական դաշնակցիդ ուղիղ ու հստակ աջակցությունը»: